«ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՂԱՓԱՐԱԶՈՒՐԿ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանից հետաքրքրվեց` ինչ ակնկալիքներ ունի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից, արդյո՞ք իր համար ընդունելի է, որ ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ մշակույթի գործիչներ:

-Պարո՛ն Ղուլյան, վստահություն ունե՞ք ստեղծված քաղաքական դաշինքների նկատմամբ:
-Դեռ քարոզարշավը չի սկսվել, ես չգիտեմ` ով ինչ է խոստանալու, բայց արդեն տարօրինակ երեւույթներ եմ նկատում: Ընտրությունը ժողովրդինն է. դա քվեն է, վստահությունը: Ձայնը ոչ թե մուրում են, այլ վաստակում: Վերջին պահին ինչ-որ բաներ խոստանալով` ձայն չեն ստանում: Տարիների ընթացքում մարդ պետք է այնքան վաստակ, հեղինակություն ձեռք բերի, որ նույնիսկ առանց քարոզարշավի ժողովուրդը արվեստագետին, բժշկին, ուսուցչին առաջադրի: Այսպիսի մարդիկ չկան մեր ցուցակներում: Ես ժողովրդավարություն ասվածին կհավատայի, եթե ժողովուրդն իր ծոցից մեկին հաներ, ասեր. «Տեսեք` ես ուղարկում եմ իմ պատգամավորին` շահերս պաշտպանելու»: Իսկ մեր կուսակցությունները գաղափարազուրկ են, չունեն ո՛չ քաղաքական, տնտեսական, ո՛չ սոցիալական, մշակութային գաղափարներ, կամ ունեն, բայց մեկինը մյուսինից չի տարբերվում: Բոլորն ասում են, որ չեն պատրաստվում Արցախը տալ եւ ժողովրդի համար աստղեր են իջեցնելու երկնքից, բայց ոչ ոք չի ասում, թե ինչպես: Այդ դեպքում այդքան թվով կուսակցությունների գոյությունն ի՞նչ իմաստ ունի. թող լինեն երկուսը, երեքը: Եվ, վերջապես, մեզ անընդհատ ներկայանում են քաղաքական նույն դեմքերը, ի՞նչ ակնկալիքներ կարող եմ ունենալ նրանցից:
-Ուզո՞ւմ եք ասել` դաշինքներ կազմած կուսակցությունների ղեկավարների, ներկայացուցիչների կենսագրությունը թույլ չի՞ տալիս, որ մենք նրանց հավատանք:
-Համահարթեցում չի կարելի անել. բոլոր կուսակցություններում էլ կան արժանավոր, վաստակով մարդիկ, որոնք լավ հայ են, լավ ծնող, գործարար, բայց չես հասկանում` ինչ գործ պետք է ունենան խորհրդարանում: Չէ՞ որ դրա համար համապատասխան գիտելիքներ են անհրաժեշտ: Ծանր բան է երկիր կառավարելը, որքան էլ սիրես, պետք է ուժերդ ներեն: Այդ մարդիկ վստա՞հ են, որ այդ ներուժն ունեն: Եթե մի արտառոց իրավիճակ ստեղծվի, կարողանալո՞ւ են կողմնորոշվել` ինչ անել, նրանց ինտելեկտուալ մակարդակը բավարարելո՞ւ է կարեւոր որոշումներ կայացնելու գործում:
-Մշակույթի որոշ գործիչներ առաջադրվել են որպես պատգամավորի թեկնածու: Ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքին:
-Չգիտեմ: Եթե իրենք, օրինակ, գրական աշխարհի, գիտության մարդիկ են ու մտածում են, որ այդ ասպարեզի բացերը կարող են լրացնել, բնականաբար, պետք է լինեն խորհրդարանում: Եթե մարդիկ ուզում են քաղաքականություն մտնել, թող մտնեն, բայց ես դեմ եմ մտավորականության կուսակցականացվելուն:
-Ամեն դեպքում, նորմա՞լ եք վերաբերում նրանց առաջադրմանը:
-Առաջադրվելով չի. ժողովուրդը պետք է առաջադրի: Պետք է ասի՝ ես այս մարդկանց կուզենամ տեսնել խորհրդարանում. սա լավ բժիշկ է, մյուսը` լավ տաքսու վարորդ:
-Դուք ո՞ւմ կառաջադրեիք:
-Չգիտեմ, այս պահին պատրաստ չեմ դրան: Եզակի մարդիկ կան, որոնց կցանկանայի տեսնել խորհրդարանում: Ինչպես նշեցի, հատկապես հոգնեցուցիչ է միշտ նույն, բարոյապես մաշված դեմքերին տեսնելը, այնպիսի մարդկանց, որոնք բազմիցս հնարավորություն են ունեցել իրավիճակ փոխելու, ճառ են ասել, խոստումներ են տվել եւ սուտ ընդդիմադիր խաղալուց հետո, շամպայնի բաժակները ձեռքներին, Ազգային Ժողովի բուֆետում կենացներ են խմել: Ես նրանցից ակնկալիք չունեմ: Կարծում եմ` այս կարգի կուսակցական համակարգն իրեն չի արդարացնում: Նույնիսկ չեմ տեսնում իրենց վառ գաղափարներով մշտապես աչքի ընկած դաշնակցականներին, նրանց բնորոշ սուր արտահայտված գիծը, որ պետք է լիներ, չկա: Այս ոլորտ մտնողը պետք է նվիրյալ, զոհաբերվող լինի, հերոս: Հիմա ծանրագույն շրջան է, վաղը կարող է պատերազմ լինել, որեւէ քաղաքական ուժ պատրա՞ստ է դրան: Մեր քաղաքական ուժերն ամեն ինչով զբաղվել են՝ բացի նման կարեւոր շրջադարձերի պատրաստվելուց:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 
ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Ջութակահար Նիկոլայ Մադոյանը ռեկորդ է սահմանել: Նա ժամը մեկ 5 րոպե ընդմիջումներով 35 ժամ շարունակ ջութակ է նվագել` կատարելով 59 ստեղծագործություն։ «Նիկոլայի սահմանած ռեկորդի նկարահանումը կա, եւ մենք տվյալներն ուղարկել ենք Լոնդոն` Գինեսի ռեկորդների գրքում ներկայացնելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Դյուցազնագրքի» հեղինակ, դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը: «Կարծում եմ` այս փորձությունն ինձ շատ օգնեց: Կատարել եմ տարբեր ժամանակներում ստեղծագործող երաժիշտների գործեր եւ իրավունք չունեի չորս ժամում կրկնել որեւէ ստեղծագործություն: Ընթացքում ոչինչ չեմ կերել»,-նշել է Մադոյանը:

 

 

 

ՍՐՃԵՓ` ՀԵՆՔՍԻՑ
Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հենքսն էսպրեսո պատրաստելու սրճեփ է ուղարկել Սպիտակ տան մամուլի ծառայության աշխատակիցներին, որպեսզի նրանք միշտ թարմ սուրճ ըմպեն եւ կարողանան պայքարել կեղծ նյութերի դեմ: The Guardian-ը տեղեկացնում է` առաջին անգամ չէ, որ Հենքսը սրճեփ է նվիրում Սպիտակ տանը (առաջին անգամ նա այդ քայլին դիմել է 2004-ին): Սրճեփին Հենքսը հետեւյալ գրառումն է կցել. «Ուղարկված է Սպիտակ տան մամուլի ծառայության աշխատակիցներին: Շարունակեք պայքարել Թրամփի, արդարության ու Ամերիկայի եւ հատկապես ճշմարտության համար»:
 

ՄԱՐԿԵՍԻ ՄԱՍԻՆ
Կոլումբիացի ռեժիսոր Սերխիո Կաբրերան պրոդյուսեր Ուգո Լեոն Ֆերերի հետ համահեղինակությամբ ներկայացրել է լեգենդար գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին հեռուստասերիալի առաջին մասը: Սյուժեի հիմքում ընկած են Մարկեսի բազմաթիվ կենսագրությունները եւ նրա մտերիմ մարդկանց հիշողությունները: Նկարահանումներն սկսվել են դեռ 2015 թվականին. կստեղծվի յուրաքանչյուրը 45 րոպե տեւողությամբ, 13 սերիայից բաղկացած երեք եթերաշրջան: Այժմ կինոնախագծի հեղինակները ֆինանսավորում են փնտրում նկարահանումները շարունակելու համար եւ ակնկալում են նախագծի իրավունքը վաճառել HBO ամերիկյան հեռուստատեսային ցանցին: Մեծ գրողի կյանքի մասին հեռուստանովելի հնարավոր գնորդ կարող է լինել նաեւ Netflix ամերիկյան տեսածառայությունը:




Լրահոս