ԵՐԿՆԱՔԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԻՔԸ ԼԻՆԵԼՈ՞Ւ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նախատեսվող Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման շուրջ ակտիվ քննարկումների ալիք է բարձրացել: Հայտնի է, որ փակ ճարտարապետական մրցույթի հաղթող էր ճանաչվել ճարտարապետ Արտակ Ղուլյանի ներկայացրած նախագիծը: Եկեղեցին կառուցվելու է մոսկվաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ:

Ու թեեւ արդեն տեղի է ունեցել եկեղեցու հողօրհնեքի արարողությունը, սակայն քաղաքացիների զգալի մասը մնում է այն կարծիքին, որ Երեւանում նոր եկեղեցի կառուցելն ավելորդություն է, այն էլ նման մեծ չափերի: Շատերի կարծիքով` դրա փոխարեն կարելի էր պարզապես մատուռ կառուցել, փոխարենը ուշադրություն դարձնել մեր հին եկեղեցիների վիճակին:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, օրինակ, այն կարծիքին է, որ մեզ մոտ արդեն չափից շատ են նոր եկեղեցիները. «Բոլոր դարերի ընթացքում գերեզմանատներում եղել են մատուռներ, առավելագույնը կարող էին լինել փոքր չափի եկեղեցիներ. սա մեր գերեզմանատների 1700 տարվա մշակույթն է, կարելի էր օգտվել սեփական ազգի անցած ուղուց, «տեղավորվել» փոքր չափերի մեջ: Պանթեոնում տարվա մեջ հուղարկավորության արարողությունները կարելի է մատների վրա հաշվել, մնացած օրերին հաստատ այդ հսկայական երկնաքեր եկեղեցու կարիքը չի լինելու»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց նա:
Հուշարձանագետը նաեւ հիշեցրեց, որ մենք աշխարհին ներկայանում ենք մեր հին եկեղեցիների ճարտարապետությամբ, մինչդեռ «Դրանք թողնում ենք քայքայված, անվերջ նորերն ենք կառուցում: Մեկենասները կարծում են, թե միայն նոր եկեղեցի կառուցելով են անմահանալու»,-նկատեց հուշարձանագետը:
Ճարտարապետ Արտակ Ղուլյանն էլ մեզ հետ զորւյցում տեղեկացրեց, որ նախագիծը դեռեւս պետք է խմբագրվի. «Նախատեսված էր, որ եկեղեցին պետք է ունենա 62մ բարձրություն, բայց հիմա արդեն կլինի 57 մ, խմբագրումից հետո ընդգրկող տարածքը եւս փոքրացել է` դառնալով 1000 քմ-ից պակաս»,-նշեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե անգամ այդ փոփոխությունների դեպքում եկեղեցու չափերը դարձյալ շատ մեծ են` պանթեոնում կառուցելու համար, Ա. Ղուլյանը պատասխանեց. «Այո՛, արժի մեծ եկեղեցի նախագծել: Երբ որեւէ քրիստոնյա եվրոպական երկիր ենք գնում, առաջինը, որ աչքի են զարնում, քաղաքների գմբեթներն են: Իսկ Երեւանը չունի ո՛չ Ստամբուլի, ո՛չ Թիֆլիսի չափ եկեղեցիներ: Ժողովրդի մի հատված աթեիստ է, աղանդավոր, ուստի դեմ է եկեղեցիների կառուցմանը»:
Մենք նկատեցինք, որ ժողովրդի նույն այդ հատվածը անընդմեջ բարձրաձայնում է հին հայկական եկեղեցիները պահպանելու խնդրի մասին, ինչին ի պատասխան՝ Ա. Ղուլյանը նշեց. «Դե, ուրեմն այդ մարդիկ թող գան, գնանք փողոցում կանգնենք, մեկենասին ասենք՝ փող տո՛ւր, Սանահինը վերանորոգենք. լուրջ չի, էլի… Որեւէ մեկն իրավունք չունի մեկենասին ասել` ինչու եք եկեղեցի կառուցում: Ուզո՞ւմ եք հին եկեղեցիները վերականգնել, գնացե՛ք պետությունից, մշակույթի նախարարությունից պահանջե՛ք»:
Ճարտարապետն այս առիթով հավելեց, որ ինքը պրոֆեսիոնալ վերականգնող է եւ ժամանակին նպատակ է ունեցել վերականգնել Մուշի Սուրբ Սարգիս եկեղեցին. «Ես երազում էի այդ եկեղեցին տեսնել վերականգնված, անգամ չափագրումներ էի արել, հաշվել էի` վերականգնման համար կես միլիոն դոլար էր պետք, պայց պարզվեց` դա ոչ ոքի պետք չէր, ոչ մեկը մոտ չեկավ: Ես չեմ կարող ոչ ոքի մեղադրել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ա. Ղուլյանը նաեւ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Աբովյանում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետն է. «Աբովյանի եկեղեցին կառուցելու ժամանակ էլ ասում էին՝ դրա կարիքը չկա: Հիմա գնացեք այդ եկեղեցի, տեսեք` ասեղ գցելու տեղ կա՞»:
Ճարտարապետը կարծիք հայտնեց, որ, առհասարակ, նոր եկեղեցին հնին հակադրելը փարիսեցիություն է. «Իհարկե, շատ կարեւոր է հին եկեղեցիները պահպանելը, բայց եթե մեր նախնիներն անընդմեջ հակադրեին հինն ու նորը, մենք այսօր ոչինչ չէինք ունենա»,-եզրափակեց նա:

 

 

 

 

 

ԿԱՐԻՆԵԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՀՈՒ ԱՆԿԱՏԱՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Երբ 1967-ին էկրանավորվում էր «Կարինե» երաժշտական կատակերգությունը, դերասան Արման Կոթիկյանը գլխավոր դերակատարուհուն` Լիդա Հարությունյանին, ասել էր` եթե կյանքումդ ուրիշ դեր էլ չխաղաս, էլի մնալու ես հայ կինոյի պատմության մեջ: Այդպես էլ եղավ: Կարինեին մարմնավորելուց հետո մասնագիտությամբ ինժեներ-կոնստրուկտոր Լիդան` ռեժիսոր Արման Մանարյանի կինը, այլեւս ոչ մի դեր չխաղաց, թեեւ հրավերները բազմաթիվ էին Լենինգրադից, Մոսկվայից եւ այլ քաղաքներից:

Այսօր, արդեն, Լիդա Հարությունյանը մեզ հետ չէ… Օրերս նա հեռացավ կյանքից` իրենից հետո թողնելով տարիների հիշողությունը: Ներկայացնում ենք նրա հետ ունեցած զրույցից պատառիկներ (դա, թերեւս, նրա վերջին հարցազրույցն էր), որոնք հրապարակվում են առաջին անգամ:
Նա ասում էր. «Երկու երազանք ունեի, որոնք չկատարվեցին. մեկը` չորս երեխա ունենալն էր, մյուսը` աշխարհով մեկ ճամփորդելը: Արմանը չուզեց, որ մենք շատ երեխաներ ունենանք, ասում էր` ես մեծ եմ, չեմ հասցնի նրանց տիրություն անել: Շատ ճամփորդել էլ չստացվեց, որովհետեւ խորհրդային տարիներին մեր երկիրը փակ էր, հետո էլ չստացվեց»:
Լ. Հարությունյանը խոստովանում էր, որ խենթի նման սիրել է ամուսնուն, ամուսինն էլ` իրեն. «Միշտ խանդել եմ Արմանին, ժամանակին մի կատու ունեինք, երբ ամուսինս մտնում էր տուն, նրա վրա ուշադրություն էր դարձնում, անգամ այդ փիսիկին էի խանդում, էլ ուր մնաց` դերասանուհի-փիսիկներին չխանդեի, բայց դրա հետ մեկտեղ նրան ազատ էի թողնում…»,-ծիծաղելով անկեղծանում էր Կարինեի դերակատարուհին:
Նա ասում էր` Երեւանն առաջ մի տեսակ ուրիշ էր. «Երեւի ջահել էինք, սիրահարված, դրա համար քաղաքն այլ էր թվում: Հիշում եմ` մի անգամ քաղաքով զբոսնում էինք, սաստիկ ծարավեցի, ցայտաղբյուրներն էլ փակել էին, Արմանը գնաց խանութից ձմերուկ առավ, ոտքի վրա ջարդեց, կերանք, հագեցանք… Հիմա ո՞վ նման բան կանի»,-հիշում էր տիկին Լիդան:
Նա շատ էր մտածում մեր երկրի, իր երեխաների, թոռների ապագայի մասին. «Պատերազմից հետո գալիս են լավ ժամանակներ: Բայց ինչ-որ շատ ձգձգվեցին այդ ժամանակները… Մութ ու ցուրտ տարիներին երեխաներիս պահեցինք հայրենիքում, վերջում էլի գնացին երկրից… Գուցե հետ գան… Բայց ահա տեսնում եմ, որ թոռնիկս արդեն ռուսերեն է մտածում… Ուզում եմ, որ նրանք հետ գան, բոլորս միասին լինենք…»
Հ.Գ. «Ժողովուրդը» ցավակցում է Լիդա Հարությունյանի հարազատներին եւ ընկերներին` ծանր կորստի կապակցությամբ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

ՎԻՃԱԿԸ  ՎԱՏԱՑԵԼ Է
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն արդեն երկու տարի է` պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ: Որոշ ժամանակ առաջ խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ նրա առողջական վիճակին վտանգ չի սպառնում, սակայն այժմ կրկին սկսվել են վատ լուրեր տարածվել: Բանն այն է, որ օրեր առաջ Ֆրիսկեի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Երգչուհու հայրը` Վլադիմիր Բորիսովիչը, պատմել է, որ Ժաննայի մոտ այս հիվանդության հերթական նոպան է սկսվել: «Ժաննան իրեն շատ վատ է զգում, այս պահին այդ մասին դժվար է խոսել»,-նշել է Ֆրիսկեի հայրը:
Ժաննայի մտերիմները վկայում են, որ երգչուհին վերջին շրջանում իրեն թույլ է զգում, ախորժակ չունի, ունակ չէ ինքնուրույն շարժվելու: Միեւնույն ժամանակ նրա հարազատները հավատում են, որ Ժաննան ապաքինվելու է:




Լրահոս