4500 դոլարի դիմաց ապօրինի միգրացիայի հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ»-ին նման մի պատմությունից մանրամասներ են հայտնի դարձալ, մասնավորապես, որ հափշտակության զոհ է դարձել ՀՀ եւ Սիրիայի քաղաքացի:

ՀՀ եւ Սիրիայի քաղաքացի Գեղամ Խաչատուրը ցանկացել է Շենգենյան մուտքի արտոնագիր ստանալ, թերեւս չի կարողացել օրինական ճանապարհով վիզա ստանալ, դրա համար էլ դիմել է Վալտեր Սաֆարյան անունով մի քաղաքացու, որն էլ գործը գլուխ բերելու համար նրանից պահանջել է 2 միլիոն 137 հազար 500 ՀՀ դրամին համարժեք 4.500 ԱՄՆ դոլար:

Սակայն ինքը՝ Վալտեր Սաֆարյանը եւս չի կարողացել Գեղամի ցանկությունը իրականացնել: Նա այդ գումարը փոխանցել է Գեւորգ Բարսեղյանին, որպեսզի նա իրականացնի արտոնագրի ձեւակերպման աշխատանքները: Եւ գոծընթացի վերջնարդյունքում Գեւորգ Բարսեղյանը Գեղամ Խաչատուրին է տրամադրել Երեւանում Գերմանիայի դեսպանության կողմից Արմինե Սիմոնյանին արդեն իսկ տրամադրված կեղծ մուտքի արտոնագիրը եւ «Աերոֆլոտ-Ռուսաստանյան ավիաուղիներ ներկայացուցչությունը Երեւանում» ՀԲ ընկերության անունով ձեւակերպված կեղծ ավիատոմսեր:

Բայց երբ Գեղամ Խաչատուրը փորձել է լքել Հայաստանը, օդանավակայանում պարզվել է, որ իրեն տրամադրված արտոնագիրը կեղծը: Ու երբ նա Գեւորգ Բարսեղյանից հետ է պահանջել կեղծ վիզայի համար տրված կլորիկ գումարը, Գեւորգը պատասխանել է, թե գումարը տվել է Վալտեր Սաֆարյանին: Վերջինս էլ հրաժարվել է Գեղամին վերադարձնել գումարը: Այսպիսով՝ ՀՀ եւ Սիրիայի քաղաքացի Գեղամ Խաչատուրը ոչ միայն չի կարողանում լքել Հայաստանը, այլեւ չի կարողանում հետ ստանալ իրեն հասանելիք գումարը:

Պարզեցինք, որ Վալտեր Սաֆարյանին այս արարքի համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 322 հոդվածի 1-ին մասով` ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Իսկ Գեւորգ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 178հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խարդախություն՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ 2017 թվականի մարտի 16-ին գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ վերոնշյալ անձանց մասով խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

Ի դեպ, 2016 դեկտեմբերի 30-ին բացահայտվել էր նմանօրինակ մի աղմկահարույց գործ եւս, որտեղ ներգրավված են եղել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք: Նրանք տարբեր չափի կաշառքներով ապահովել են ապօրինի հիմքերով ստացված արտոնագրերով քաղաքացիների անարգել ելքը Հայաստանի Հանրապետությունից:

Քնար Մանուկյան




Լրահոս