ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ՏՈՄՍ՝ ՁԱՅՆԻ՞ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզում նախընտրական մթնոլորտը գնալով թեժանում է: Այստեղ ընտրակաշառք բաժանելու կամ ձայներ հավաքագրելու գործընթացը հետաքրքիր դրսեւորումներ է ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արտաշատում քաղաքապետարանը տեսողական խնդիրներ ունեցող անձանց ակնոց է բաժանում: Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու: Քանի որ ակնոցը բաժանվում է Արտաշատի ստամատոլոգիական պոլիկլինիկայում, «Ժողովուրդ»-ը վերջինիս տնօրեն Հակոբ Յուղուրջյանից հետաքրքրվեց՝ արդյոք ակնոցների բաժանումը կապ ունի նախընտրական շրջանի հետ: «Դա ընդամենը մեկ օր տեղի ունեցավ եւ նախընտրական շրջանի հետ կապ չունի: Դա սովորաբար տարվա ընթացքում քաղաքապետի կողմից է բաժանվում: Այն ատամնաբուժարանի հետ կապ չունի. ինձանից ընդամենը քաղաքապետարանը խնդրել է մեկ սենյակ տրամադրել, իսկ ես էլ տվել եմ: Եկել են, բաժանել են դա ու գնացել: Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ իրենք անուն-ազգանուն չեն գրել, չեն ցուցակագրել: Տեսել եմ միայն, որ մարդիկ ակնոցը ստացել ու գնացել են»,- ասաց նա:
«Ժողովուրդ»-ը քաղաքի բնակիչներից տեղեկացավ, որ Արտաշատի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի տեսողական խնդիրներով անձանց ակնոց բաժանում է: Սակայն ամեն դեպքում, ուշագրավ է, որ այս անգամ գործընթացը հենց նախընտրական շրջանում է իրականացվում: Նմանատիպ «զուգադիպությամբ» բարեգործական ակցիաներ են իրականացվում նույն մարզի Մասիս քաղաքում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մասիսցի ուսանողները մարտի 1-ից Մասիս-Երեւան-Մասիս ուղղությամբ անվճար են երթեւեկում: Առաջին հայացքից ողջունելի է, որ ուսանողների անվճար երթեւեկության համար նման պայմաններ են ստեղծվել: Սակայն վերստին՝ արդյո՞ք այստեղ առկա չեն շատ կոնկրետ՝ նախընտրական նպատակներ, առավել եւս, որ հայտնի չէ՝ արդյո՞ք ուսանողները նաեւ հետընտրական փուլում հնարավորություն կունենան շարունակելու անվճար երթեւեկությունը: Մասիսցիների խոսքերով՝ ուսանողների համար անվճար երթեւեկությունը ապահովվում է ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի կողմից:
«Ժողովուրդ»-ին դիմած ուսանողները ներկայացրին, որ անվճար ավտոբուսները տրամադրում է Մասիսի քաղաքապետարանը: Ինչպես հայտնի է՝ Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը աջակցում է Մասիսում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մուրադ Մուրադյանին: Եւ ըստ որոշ տեղեկությունների՝ ուսանողների անվճար երթեւեկելու նախաձեռնությունը հենց Մուրադ Մուրադյանինն է: Սակայն ամեն բան այնպես է արված, որպեսզի դա չերեւա: Ուսանողների պատմելով՝ բացի Մասիսի քաղաքապետարանից՝ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Տիգրան Ստեփանյանը նույնպես մասիսցի ուսանողներին ապահովում է Մասիս-Երեւան անվճար երթեւեկելու հնարավորությամբ:
Սակայն պարզվում է, որ անվճար երթեւեկելու՝ թեկուզ ժամանակավոր հաճույքը ոչ բոլոր ուսանողների համար է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այն ուսանողները, որոնք բնակվելով Մասիսում՝ գրանցված են այլ մարզերում, չեն կարող օգտվել անվճար երթեւեկելու հնարավորությունից: «Ժողովուրդ»-ին դիմած ուսանողը, որը արդեն մի քանի տարի է, ինչ փաստացի բնակվում է Մասիս քաղաքում, բայց ունի այլ մարզի գրանցում, անվճար երթեւեկելու հարցով դիմել է Մասիս քաղաքում գտնվող ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի գրասենյակներ: ՀՀԿ-ի գրասենյակում հրաժարվել են ուսանողին ընդգրկել անվճար երթեւեկող ուսանողների ցանկում՝ պատճառաբանելով, որ նրանց թիվը սահմանափակ է՝ «լիմիտը սպառվել է»: Իսկ ահա ԲՀԿ-ի գրասենյակում շատ ավելի անկեղծ են եղել՝ ուսանողին ուղղակիորեն փոխանցել են, որ Մասիսի բնակիչ չէ, հետեւաբար չեն կարող ընդգրկել, քանի որ չի քվեարկելու:
Զրույցի ընթացքում «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ուսանողներին շահագրգռում են անվճար անդամատոմսով, ասում են՝ անդամագրվեք՝ անվճար երթեւեկելու համար: Ուսանողներին կապույտ գույն ունեցող տոմս են տալիս, նրանք ավտոբուսից իջնելիս այն վարորդին են ցույց տալիս: Այդ քարտի վրա թիվ է նշված, որն էլ ուսանողը վարորդին է հայտնում, ապա իջնում ավտոբուսից:
Այն ուսանողները, որոնք ունեն անվճար երթեւեկելու հնարավորություն, մտահոգված են, քանի որ կարծում են, որ այդ արտոնությունը կարճատեւ բնույթ է կրելու, եւ ընտրություններից հետո իրենք վերստին ստիպված են լինելու վճարել:
«Ժողովուրդ»-ը ուսանողների անվճար երթեւեկության հնարավորության շուրջ փորձեց զրուցել ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մուրադ Մուրադյանի հետ: Սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես արդարացավ. «Ես ավտոբուսի ո՛չ գիծ ունեմ եւ ո՛չ էլ տեղյակ եմ ավտոբուսներից: Նման հարցեր ինձ մի՛ տվեք: Ես տեղյակ չեմ: Ես կապ չունեմ դրա հետ: Ես հիմա դարդ ու ցավ չունեմ, ընկնեմ, ուսանողներին անվճար տանեմ, բերեմ: Ես ոչ մի տեսակի բիզնես չունեմ, սա էլ իմացեք»:
Իսկ ահա «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Տիգրան Ստեփանյանը հայտարարեց, որ ուսանողների անվճար տեղափոխումը Մասիսից Երեւան իրականացվում է «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» հաշվին: «Ժողովուրդ»-ը Ստեփանյանին փոխանցեց Մասիսում փաստացի բնակվող, բայց գրանցում չունեցող ուսանողների մտահոգությունները, որոնք գրանցում չունենալու պատճառով չեն կարողանում օգտվել անվճար երթեւեկելու հնարավորությունից: Ի պատասխան՝ Ստեփանյանը վստահեցրեց. «Բոլոր ուսանողներին մենք տարիներ շարունակ տանում, բերում ենք: Չի կարա նման բան լինի, դա տրվում է բոլորին, եւ կապ չունի, թե ով որ մարզից է: Չենք էլ հարցնում, թե որ մարզում են գրանցված, ուսանողական տոմսը ցույց են տալիս, եւ անվճար երթեւեկելու տոմսը տրամադրվում է: Բայց նշեմ, որ սա ընտրական գործընթացների հետ կապ չունի: Նշանակություն չունի, թե ով ինչ կուսակցության անդամ է»:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանից, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, նրա օգնականը՝ նույնպես:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ
ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել եւ արդեն զորացրվել են, Հայաստանի Հանրապետության բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից:
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս: Այսպիսով կլուծվեն որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաեւ մարտական հերթապահության եւ մարտական գործողությունների հետ կապված տարբերությունների խնդիրները: Ավելացնենք, որ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մարտի 24-ն է:

 

 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ` ՄԱՐՏԻ 20-ԻՑ
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից կսկսվի գարնանային արձակուրդը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից հայտնում են, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների՝ 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի մարտի 27-ից մինչեւ ապրիլի 2-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտեւի մարտի 20-ից մինչեւ ապրիլի 2-ը ներառյալ:

 

 

 

ԵՂԱՆԱԿԸ ԷԱՊԵՍ ՉԻ ՓՈԽՎԻ
Հանրապետության տարածքում մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի ցերեկը, 14-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան եւ ձնախառն անձրեւի, նախալեռնային եւ հովտային գոտիներում՝ անձրեւի տեսքով: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Տեղեկացնենք, որ Երեւանում մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի ցերեկը, 14-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ:

 

 

 
ՍԱՍՏԻԿ ՁՆԱՏԵՂՈՒՄՆԵՐ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Նյու Յորք նահանգն ու քաղաքը նախապատրաստվում են գարնանային սաստիկ ձնատեղումների. օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ մարտի 14-ին սպասվում է բուք, որն իր հետ կբերի 30-ից մինչեւ 45 սանտիմետր ձյուն: Ինչպես գրում է The New York Times-ը՝ ԱՄՆ-ի ազգային օդերեւութաբանական ծառայությունը հյուսիսարեւելյան նահանգների ափամերձ տարածաշրջանների բնակիչներին նախազգուշացրել է ձյան առատ տեղումների եւ քամու՝ վայրկյանում մինչեւ 27 մետր պոռթկումների մասին: Ծառայության փորձագետները նշում են, որ «ձմեռը դեռ չի ավարտվել»: Ձյան տեղումներ կգրանցվեն Վաշինգտոնում, Բալթիմորում եւ Ֆիլադելֆիայում. այս քաղաքներում մարտի 13-ին եւ 14-ին սպասվում է մինչեւ 30 սանտիմետր ձյուն: Բոստոնում, ինչպես եւ Նյու Յորքում իրադրությունն ավելի բարդ կլինի:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ օպերատիվ շտաբը կսկսի աշխատել մարտի 13-ի երեկոյան, իշխանությունները պատրաստել են տեխնիկան եւ ոտքի հանել արագ արձագանքման ծառայությունների բոլոր աշխատակիցներին:

 

 

ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է ԵՂԵԼ
Նախօրեին Բեռլինի երկու օդանավակայաններում 660 չվերթ է չեղարկվել եւ հետաձգվել ցամաքային անձնակազմի 25-ժամյա գործադուլի պատճառով: Մասնավորապես գործադուլը հանգեցրել է Շենեֆելդի օդանավակայանում 195 եւ Թեգելում 465 չվերթերի չեղարկման: Բեռլինի օդանավակայանների վերգետնյա ծառայությունների Verdi արհմիությունը որոշում է ընդունել ցամաքային անձնակազմի՝ մարտի 13-ին սկսված գործադուլը, որն ամբողջովին կաթվածահար է արել Գերմանիայի մայրաքաղաքի հետ ավիահաղորդակցությունը, երկարացնել մինչեւ մարտի 15-ի առավոտը:




Լրահոս