«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, թե ովքեր են կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող, բայց արդեն սնանկացած «Վինար» ընկերության պարտատերերը:
Նշենք, որ անցած տարվա հոկտեմբերի 27-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել էր Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Եվ դեկտեմբերի 9-ին ընկերությունը նույն դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչվել: «Վինար» ընկերության սնանկության գործերով կառավարիչ Տիգրան Հարությունյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է այս տարվա մարտի 31-ին: Նշենք, որ կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող «Վինար» ընկերությունը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներին պարտք է 67 մլն 800 հազար դրամ մթերած խաղողի դիմաց:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Վինար» ընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին պարտք է մոտ 11 մլն դրամ, իսկ «Շահումյան-Վին» ընկերությանը՝ մոտ 25.5 մլն դրամ: Ընկերությունը պարտքեր ունի նաեւ ՀՀ առեւտրային բանկերին. «Պրոմեթեյ բանկ»-ին ունեցած պարտքը կազմում է 27 հազար դոլար, «Հայբիզնեսբանկ»-ին՝ 119 մլն 293 հազար դրամ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ սնանկացած ընկերության տնօրեն Ավետ Գալստյանի հետ: Վերջինս շտապեց հայտարարել, որ այժմ իրենք աշխատում են ընկերության առողջացման ծրագրի վրա: «Ընկերությունը ոտքի կկանգնի: Հավանաբար երկու ամսվա մեջ այդ հարցերը լուծում կստանան: Այդ պարտքերը կմարենք»,- հավաստիացրեց գործարարը:
Նշենք, որ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասով «Վինար»-ի տնօրեն Ավետ Գալստյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գործն այժմ ՊԵԿ-ում է եւ գտնվում է նախաքննության փուլում: «ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Նաեւ պարտքերի մասով մարման ժամանակացույց կա: Այդպես կմարենք պարտքերը»,- նկատեց մեր զրուցակիցը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ