Լիտվացի տնտեսագետները Հայաստանը դիտարկում են որպես ԵԱՏՄ շուկա մտնելու լավագույն հարթակ. աշնանը գործարար պատվիրակության այց է նախատեսված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որը լիտվացի գործարարների աճող հետաքրքրության առանցքում է»,- «Մրցունակություն» համաժողովում Լիտվայի առևտրային միտումների ու հեռանկարների մասին իր շնորհանդեսում նշել է Լիտվայի արդյունաբերողների համադաշնության և Նորարարական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Ալեքսանդր Իզգորոդինը: Լիտվացի գործարարները Հայաստանը դիտարկում են դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու լավագույն հարթակ:

«Առևտրի զարգացման և ներդրումների ներգրավման համար նոր միջանցք է բացվում Բալթյան երկրներից դեպի Հայաստան, որը կամուրջ է հանդիսանում ԱՊՀ և արաբական վեց երկրների խոշոր շուկաների միջև։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ու Լիտվան շատ ընդհանրություններ ունեն․փոքր տնտեսություն, մարդկային կապիտալի շեշտադրում, բնական պաշարների բացակայություն և երկրների նմանատիպ դիրքավորում»,- նշել է Ալեքսանդր Իզգորոդինը։

Համաձայն Բալթյան երկրներում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանի, Լիտվա-Հայաստան առևտրատնտեսական կապերը բիզնեսի տարբեր ոլորտներում կայուն զարգանում են 2014-ից։

«Այսօր լիտվական տեքստիլ ոլորտը աութսորսինգային ծառայություններ է փնտրում և համարում է, որ Հայաստանը ոլորտում իր առաջընթացով կարող է համապատասխանել այդ ակնկալիքներին ու դառնալ տարածաշրջանային հանգույց»,-նկատել է Ռենա Սարիբեկյանը։ Լիտվացի գործարարները հետաքրքրված են նաև ՏՏ, նորարարության, վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմամբ:

Ի դեպ, այս տարվա աշնանը նախատեսված է դեղագործության, սննդի արդյունաբերության ոլորտների դիստրիբյուտորների, ՏՏ, տեքստիլի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների պոտենցիալ ներդրողների գործարար այց՝ Հայաստան։

Վիճակագրություն` Հայաստան-Լիտվա առևտրաշրջանառությունը 2016-ին՝ 2015-ի համեմատ, ըստ Լիտվայի վիճակագրական ստորաբաժանման, աճել է 28,8 տոկոսով՝ կազմելով 23,7 միլիոն եվրո։ Լիտվայից արտահանումը դեպի Հայաստան աճել է 30,2 տոկոսով, հակառակ ուղղությամբ՝ 16,2 տոկոսով և կազմել է 2,1 միլիոն եվրո։ Հայաստանից հիմնականում արտահանվում է կոնյակ, ծխախոտ, գինի, դեղորայք և այլն:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս