ԱՓՍՈՍ, ՈՐ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԶՈՀԵՐ, ԲԱՅՑ ԴԱ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն առավոտ ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածում սահմանին տիրող իրավիճակի մասին՝ հայտնելով, թե արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը քանի անգամ է խախտել: Նկատենք, որ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու հետեւանքով շատ հաճախ ենք սահմանից գույժ ստանում զոհերի մասին:

Այդքանով, սակայն, Ադրբեջանը չի բավարարվում եւ ժամանակ առ ժամանակ ավելի է մեծացնում լարումը: Oրինակ` մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ բացելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Սահմանային վերջին լարվածության, ռազմական նոր էսկալացիայի հավանականության եւ հայկական զինուժի հակազդեցության հնարավորությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, Ադրբեջանն իր հարձակվողական ու դիվերսիոն գործողություններով, հաճախ նաեւ դիպուկահարների գործադրմամբ փորձում է մեզ հյուծելու քաղաքականություն վարել։ Մինչեւ ե՞րբ պետք է պաշտպանվենք:
-Այո՛, փորձում է: Մենք չենք պաշտպանվում, ինչի՞ ենք պաշտպանվում: Մենք մեր խնդիրը ռազմաքաղաքական լուծել ենք, Ադրբեջանը հիմա պետք է լուծի իր խնդիրը: Նա իր կողմից խնդիր է դրել վերադարձնել ու չի կարողանում 25 տարի, ա՛յ, սրանից պետք է սկսել: Հիմա այդ ճանապարհով գնո՞ւմ է, այո՛, գնում է, որպեսզի վախի մթնոլորտ ձեւավորի, որը կազդի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որպեսզի գնան զիջումների այդ հարցի շուրջ, իմ կարծիքով՝ ռազմավարությունը դա է, դրա համար էլ նման գործողություններ է իրականացնում: Զոհվում են մարդիկ, մամուլը դա գրում է, ծնողները վախենում են բանակ ուղարկել, սա է: Ադրբեջանը խնդիր է դրել կազմալուծել հայկական պետությունները: Մենք շատ հստակ դրան պատասխանում ենք, եւ Ձեր հարցի պատասխանն էլ մեկն է, որ 25 տարի Ադրբեջանը չի կարողացել լուծել իր խնդիրը:
-Արդյո՞ք այս իրավիճակում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունը ճիշտ է:
-Ի՞նչ քաղաքականություն ենք վարում մենք: Պատերազմ է, ի՞նչ է նշանակում՝ զոհվում են, բա՞ ինչքան մարդ է իրենց կողմից զոհվում: Առաջինը, նորից եմ ասում, պատերազմն ավարտված չէ, ստորագրված է զինադադարի պայմանագիր: Եթե դուք հուշադիր հետեւեք, ապա Ադրբեջանում արգելված է զոհերի մասին գրել, որովհետեւ զոհերն ավելի շատ են: Որպեսզի իրենց հասարակությունը պանիկայի մեջ չընկնի, որպեսզի ապահովեն իրենց հասարակության բարոյահոգեբանական վիճակը, իրենք փակել են դա: Մենք այս իրավիճակում հաղթանակած ենք: Մենք պարտված չենք, այո՛, ափսոս, մենք ունենք զոհեր, բայց դա անխուսափելի է: Կա երկրորդ տարբերակը՝ գնալ զիջումների եւ հանձնվել, որը կբերի լայնածավալ պատերազմի, եւ զոհերն ավելի շատ կլինեն:
-Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը:
-Պետք է ստեղծվեն նախապայմաններ: Այսօր այդ նախապայմանները չկան, որպեսզի պայմանագիր ստորագրվի: Հարցը լուծված է մեզ համար, մենք պետք է ճշգրիտ ձեւակերպումներ տանք: Այո՛, ստորագրված չէ խաղաղության պայմանագիր, բայց այսօր չկան այդ նախապայմանները: Ադրբեջանական կողմը համաձայն չէ, դրա համար մեզ համար լուծումը մեկն է՝ ուժեղացնել մեր հասարակությունը, տնտեսությունը, որի արդյունքում կունենանք հզոր բանակ, որը կկանխի լայնածավալ պատերազմը եւ կստիպի Ադրբեջանին, որ համաձայնի ստորագրել խաղաղութան պայմանագիր:
-Դուք էլ եք կարեւորում տնտեսապես հզորանալը, սակայն գիտենք, թե ինչ վիճակում է մեր երկրի տնտեսությունը՝ հակառակ նավթագազային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանի տնտեսության: Այս պայմաննեում կկարողանա՞նք երկար դիմագրվել օրեցօր ավելի սպառազինվող ադրբեջանական զինուժին:
-Կյանքը ցույցը է տվել, որ կարող ենք եւ պայքարում ենք: Ադրբեջանը, ունենալով հնարավորություններ, ի վիճակի չէ լուծելու որեւէ խնդիր: Պատերազմում նա պարտվեց՝ ունենալով լրջագույն առավելություններ: Այո՛, մեր տնտեսությունն ավելի փոքր է, մենք չունենք նավթ, գազ, բայց մենք ունենք այլ ռեսուրսներ, որոնց շնորհիվ հաղթեցինք 94 թվականին եւ 25 տարի է՝ թույլ չենք տալիս, որ Ադրբեջանը լուծի իր խնդիրը:

 

 

 
ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԷՐ

Երեկ՝ 6-րդ գումարման ԱԺ երկրորդ նիստի ժամանակ, խորհրդարանականները ընտրեցին ԱԺ նախագահի տեղակալներին:

Ինչպես եւ սպասվում էր՝ նոր ձեւավորված ԱԺ նախագահի տեղակալներ ընտրվեցին ՀՀԿ-ից՝ Էդուարդ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը, իսկ «Ծառուկյան» դաշինքից՝ Միքայել Մելքումյանը:
105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 100-ը: Ամենաշատ ձայները ստացավ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց ձայների՝ 84 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ:
Շարմազանովը ժպիտով մոտեցավ ամբիոնին եւ բարեհամբույր շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին՝ անկախ նրանից՝ կողմ են քվեարկել, թե դեմ, ապա զինվորականներին բնորոշ արտահայտությունից հետո՝ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», զբաղեցրեց իրեն հատկացվելիք տեղը:
Միքայել Մելքումյանի օգտին քվեարկել էր 65 պատգամավոր, դեմ արտահայտվել՝ 29-ը: ԱԺ նախագահի նորընտիր տեղակալը նույնպես հայտնեց իր շնորհակալությունը եւ ժպիտով զբաղեցրեց իր տեղը:
Ի տարբերություն գործընկերների՝ քվեարկության արդյունքներից վրդովված էր երեւում Արփինե Հովհաննիսյանը: Արդարադատության նախկին նախարարի օգտին համեմատաբար քիչ էին քվեարկել, նրա թեկնածությանը ներկաներից դեմ էր 22-ը, անվավեր էր ճանաչվել 5-քվեաթերթիկ, մի խոսքով՝ նրա թեկնածությանը կողմ էին արտահայտվել 72 հոգի:
Նկատենք, որ երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծափերի ներքո քվեարկության արդյունքներն էր ներկայացնում եւ շնորհավորում ընտրվածներին, Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը ոտքի կանգնեցին եւ գլխով շնորհակալություն հայտնեցին ողջույնի եւ շնորհավորանքի համար, իսկ Արփինե Հովհաննիսյանը ոտքի չկանգնեց:
Ինչեւէ: Նրա շնորհակալական ելույթն ունկնդրողներից ոմանք ծիծաղով նկատում էին, որ տիկնոջ սրտով չէին արդյունքները:
Մինչ նախկին նախարարը կփարատի իր վրդովմունքը, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նրա թեկնածության հանդեպ անձնական դիրքորոշում արտահայտածների մեջ են նաեւ իր կուսակից ընկերները, հատկապես որոշ ՀՀԿ-ական կանայք: Այդ մասին թերեւս տեղյակ է նաեւ Հովհաննիսյանը:
Մամուլը բազմիցս անդրադարձել է Հանրապետական կանանց՝ միմյանց նկատմամբ ունեցած նախանձին եւ դրա արդյունքում առաջացած խանդին: ՀՀԿ-ում շատերն են դեմ Արփինե Հովհաննիսյանին եւ իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ արտահայտեցին գաղտնի քվեարկության ժամանակ: ԱԺ նախագահի նորընտիր տեղակալն էլ «տակ չմնաց», իր ելույթով ուղիղ մեսիջ ուղարկեց իրեն դեմ քվեարկածներին. «Շնորհակալություն եմ հայտնում իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտածներին, ինչպես նաեւ անձնական դիրքորոշումն արտահայտածներին, նվազագույնը ազնիվ էր»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ-ում նկատեց նաեւ, թե ինչպես է Ա. Հովհաննիսյանն արդեն հետաքրքրվում, թե երբ կարող է տեղափոխվել ԱԺ նախագահի տեղակալի համար հատկացվող աշխատասենյակ:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
483 ՄԱՐԴ՝ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
Պետական եկամուտների կոմիտեն օպտիմալացման լուրջ գործընթաց է սկսել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՊԵԿ շուրջ 483 աշխատակիցներ կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում: ՀՀ կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրել է իր ղեկավարած հիմնարկում կառուցվածքային փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը, ըստ որի՝ փոփոխություններ են նախատեսվում կատարել Կոմիտեի կանոնադրության մեջ եւ աշխատակազմի կառուցվածքում: Մասնավորապես նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ եւ դրանք ներառել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում` որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաեւ կրճատել մաքսատների թվաքանակը եւ դրանք, որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործընթացի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում:

 

 

250 ՄԻԼԻՈՆԻ ՊԱՀԱՆՋ
Սյունիքի մարզպետարանի շուրջ լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի մարտի 20-ին «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ մարզպետարանից պահանջում է գումար բռնագանձել: Իսկ ահա պահանջվելիք գումարի չափը կազմում է շուրջ 250 միլիոն դրամ:
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից մեզ հայտնեցին, որ սերմերն են տրամադրել, սակայն դրա դիմաց նախատեսված գումարը չեն վճարել: Իսկ թե կոնկրետ երբ է Սյունիքի մարզպետարանին սերմերը տրամադրել եւ կոնկրետ ինչ սերմացուի մասին է, մեզ չմանրամասնեցին: Ինչպես հայտնի է՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ վերոնշյալ ՊՈԱԿ-ից Գեղարքունիքի մարզի բնակիչները թանկ գնով հացահատիկի եւ վարսակի սերմացու էին ձեռք բերել, սակայն ձեռք բերած սերմացուի դիմաց բերքը չէին ստացել: Չի բացառվում, որ նման իրավիճակ էլ եղել է Սյունիքի մարզում, եւ հիմա ՊՈԱԿ-ը ընկած իր գումարներն է պահանջում:

 

 

ԱԶԱՏ ԿՅԱՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախագահած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն անկեղծացել է, որ չէր ցանկանա շարունակել գործել որպես ԱԺ նախագահ. «Հարցեր կան, որ ես չեմ ուզում, ես ուզում եմ ազատ կյանք, գնամ ման գամ մեր գյուղերը՝ էս կողմ, էն կողմ, բայց, դե, հիմա էլ նույն բանն է, հարցերը լուծվում են ԱԺ-ում, մենք էլ մեր հարցերը կբարձրացնենք եւ կաշխատենք, որ մեր բարձրացրած հարցերն իրենց լուծումները ստանան»,- ասաց պատգամավորը:




Լրահոս