Ի՞նչ է սպասվում, եթե մի ֆորս-մաժոր էլ Հայաստանի դուռը թակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ Միացյալ Թագավորությունում կայացան խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որոնք նախաձեռնել էր վարչապետ Թրեզա Մեյը` ամրապնդելու իր դիրքերը Եվրոպական միությունը լքելուց առաջ: Վարչապետի հաշվարկը, սակայն, տապալվեց, քանզի ՄԹ պահպանողականները ոչ միայն չամրապնդեցին իրենց դիրքերը, այլեւ կորցրեցին:

Երբ նախորդ տարի ամռանը բրիտանացիները կողմ քվեարկեցին ԵՄ-ն լքելու հարցով անկացված հանրաքվեի ժամանակ, անմիջապես հետո պարզվեց, որ պետության քաղաքական ընտրանին պատրաստ չէր այդ որոշմանը: Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հրաժարական տվեց` հայտարարելով, ինքը համապատասխան գործիչը չէ, որ կարող է առաջնորդել Միացյալ Թագավորությունը նման քաղաքականությամբ: Պահպանողականների մի մասն էլ էր դեմ ԵՄ-ն լքելուն, սակայն կատարված փաստի առաջ հայտնվելով` հարկադիր եղավ ղեկավարել գործընթացը:

Մեյի կառավարությունը մաքսիմալիստական դիրքերից սկսեց ԵՄ-ին թելադրել բրիտանական պահանջները` ակնկալելով, որ ԵՄ-ն կգնա զիջումների` նոր գլխացավանքի մեջ չհայտնվելու համար: Արդյունքում կստացվեր այնպես, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս կգար առավել քիչ կորուստներով` միաժամանակ ստանալով հարմար պայմաններ ու նոր պայմանագրեր: ԵՄ-ի վերնախավը, սակայն, ընդառաջ չգնաց Մեյի կառավարությանը` հայտարարելով, որ Միացյալ Թագավորությունից է կախված գործընթացի հետագա ընթացքը:

Նկատի է առնվում հանգամանքը, որ կամ Միացյալ Թագավորությունը կկատարի իր ամբողջական պարտավորությունները ԵՄ-ի առաջ ու կստանա որակյալ համաձայնագրեր, կամ կհրաժարվի դրանցից` առեւտրային ու ֆինանսա-տնտեսական հարցերում որեւէ դրական ազդակ ԵՄ-ից չստանալով: Մեյի կառավարության համար էլ ավելի դժվարացավ գործընթացը, երբ Ֆրանսիայում նախագահ դարձավ ԵՄ-ի պահպանման ակտիվ ջատագով Մակրոնը, որը, Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ դաշնակցած, հազիվ թե հանդուրժի բրիտանացիների կամակորությունները:

Եվ «անջատողականության շարժմանն» էլ հազիվ թե կարողանա օգնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որին ոչ միայն չհաջողվեց իր եվրոպական շրջագայության օրերին հասնել շոշափելի արդյունքների կամ էլ բարելավել հարաբերությունները գործընկերների հետ, այլեւ հարթել իր անձի շուրջ օր օրի ահագնացող ներամերիկյան ճգնաժամը: Արդյունքում` Մեյին մնում էր հույս դնել միայն ՄԹ-ի ներքին ռեուրսների վրա, մասնավորապես` արտահերթ ընտրությունների միջոցով համոզել թե’ իր մրցակիցներին, թե’ ԵՄ-ին, որ բրիտանացիները հաստատակամ են ԵՄ-ն լքելու քաղաքականության հարցում: Մեյի հաշվարկն այն էր, որ ընտրություններում իր Պահպանողական կուսակցությունը էլ ավելի կամրապնդեր իր ունեցած դիրքերը: Սակայն պարզվեց, որ վարչապետը չի տիրապետում հասարակական ընկալումներին:

Սխալմունքի պատճառներից մեկն էր գուցե նախնական սոցհարցումների արձանագրած պատկերը, ըստ որի` Մեյի կուսակցությունը վայելում էր ընտրողների մեծ մասի աջակցությունը: Սակայն ուշադրություն դարձնելով նման հանգամանքի վրա` վարչապետը կարծես թե մոռացել էր, որ մեկ տարի առաջ նույն սոցհարցումները խաբուսիկ էին դուրս եկել: Հետաքրքիր է, որ եթե Ֆրանսիայի նախագահական ընտրություններում արձանագրվել էր բավականին ցածր մասնակցություն, ապա Միացյալ Թագավորությունում կայացած այս ընտրություններում մասնակցության թիվը չափազանց բարձր է եղել` 68.7 տոկոս` 2.3 տոկոսով ավելի նախորդ ընտրություններից:

Ի դեպ, այս անգամ ընտրություններին հատկապես ակտիվություն են ցուցաբերել երիտասարդները, որոնց մեծ մասի նախապատվությունը եղել է լեյբորիստների կողմը: Հունիսի 8-ի քվեարկության արդյունքներով` խորհրդարանում պահպանողականները ստացան 317 տեղ` նախկին 330-ի փոխարեն, մինչդեռ լեյբորիստները 229-ից իրենց թիվը հասցրին 262-ի: Արդյունքում` Միացյալ Թագավորությունում պահպանողականները ավելի թույլ դիրքերում հայտնվեցին` անգամ վտանգելով վարչապետի պաշտոնը:

Եթե Մեյը չկարողանա համաձայնության գալ խորհրդարան թափանցած փոքրաթիվ մյուս կուսակցությունների հետ, ապա հարկադրված կլինի զիջել վարչապետությունը: Բրիտանական մամուլում արդեն իսկ քննարկվում է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հնարավոր վարչապետությունը: Բայց եւ այնպես, ով էլ որ լինի վարչապետ, այս արդյունքներով պարզապես բացառվում է կոշտ քաղաքականության շարունակումը: Մեյը ի սկզբանե նպատակադրվել էր «կոշտ բրեքզիթ» վարելու ուղղությամբ` անգամ հայտարարելով, որ կարող է վերջնարդյունքում առանց ՄԹ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր պայմանագրի կնքման լքել միությունը: Մինչդեռ լեյբորիստները, համոզված, որ Բրքեզիթից արդեն շրջադարձ չկա, կողմ են մեղմ քաղաքականությանը: Դրան են տրամադրված նաեւ պահպանողականներից շատերը, ուստի «փափուկ բրեքզիթը» այլեւս անխուսափելի է:

ԵՄ-ի հետ հարաբերությունների առանձնահատկությամբ պայմանավորված` բաց է մնում նաեւ կառավարության ձեւավորման հարցը: Մեյին մնում է համաձայնության հասնել Հս. Իռլանդիայի շահերը ներկայացնող ժողովրդավարականների հետ` ստիպված լինելով գնալու ցավոտ զիջումների, ինչպես օրինակ` Իռլանդիայի հետ սահմանային հարցերի նորովի կարգաբերում, աշխատավարձերի բարձրացում եւ այլն: Դա այն գինն է, որ պահանջվում կառավարության ղեկավարի պաշտոնը կրկին զբաղեցնելու համար:

Բրիտանական մամուլը արդեն իսկ շրջանառում է աշնանը նոր ընտրությունների տարբերակը` մտավախություն ունենալով, որ Մեյին չի հաջողվի կառավարություն կազմել կամ էլ ամուր դիրքեր գրավել ներքաղաքական պայքարում, ինչն իր ցավոտ ազդեցությունն անխուսափելիորեն կունենա ԵՄ-ից դուրս գալու բանակցությունների վրա: Ակնհայտ է, որ ԵՄ-ից դուրս գալու առթիվ անցկացված հանրաքվեից ի վեր Միացյալ Թագավորությունում կառավարական քաոս է տիրում` առանց հստակ քաղաքական տեսլականի: Եվ սա հարյուրամյակների խորհրդարանական կառավարման ավանդույթներ ունեցող երկրում: Իսկ ի՞նչ է լինելու խորհրդարանական կառավարման անցած Սերժ Սարգսյանի Հայաստանում, եթե հանկարծ մի ֆորս-մաժոր թակի մեր դուռը:




Լրահոս