ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՆՏԵՍՎՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը գրեթե ձեւավորվել է: Չնայած դեռ ոչ բոլոր նախարարներն են նշանակվել, բայց արդեն հայտարարվել է, որ փոփոխություններ չեն լինելու, եւ բոլոր պաշտոնակատարներն էլ վերանշանակվելու են:

Ինչո՞ւ իշխանությունները բավարարվեցին՝ Կարապետյանի կաբինետն ընդամենը կոսմետիկ փոփոխությունների ենթարկելով, ինչո՞ւ են անտեսում տարբեր նախարարների սկանդալներիի մեջ հայտնվելու դեպքերը եւ վերանշանակում այդ գերատեսչությունների ղեկավարներին:
«Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է:
-Պարո՛ն Բաղդասարյան, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կազմը գրեթե մնաց անփոփոխ: Միայն ՀՀ կառավարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշանակվեց արդարադատության նախարար: ՀՀԿ-ն հայտարարել է, որ բոլորն էլ վերանշանակվելու են: Ո՞րն է կառավարության կազմում որեւէ փոփոխություն չիրականացնելու իրական պատճառը, մի՞թե վստահությունը Կարապետյանի կաբինետի անդամների նկատմամբ:
-Մենք չվստահելու որեւէ պատճառ չունենք, Կարեն Կարապետյանն իր թիմը ներկայացրել է, մեր մեծ թիմն ընդհանուր միասնական ձեւով դա ողջունել եւ ընդունել է: Մենք հնարավորություն ենք տալիս իրագործելու այն բոլոր հիմքերը. այն բոլոր ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են կառավարության ծրագրում:
-Եթե արդեն հստակեցված է, որ կառավարության բոլոր անդամներն էլ վերանշանակվելու են, ապա ինչո՞ւ պաշտոնապես չեք իրականացնում դա:
-Մե՛ք անհանգստանա, ժամանակի մեջ ամեն ինչ էլ կլինի, եւ մենք ժամանակ չենք վատնում:
-Այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ եք արհեստականորեն երկարաձգում նախարարների վերանշանակումը:
-Որեւէ պատճառ չկա: Դա մեր ներքին մարտավարությունն է, պետք չէ ամեն ինչ բարձրաձայնել: Երբ մենք ժամանակ կվատնենք, այդ ժամանակ Ձեր հարցին կանդրադառնանք:
-Մշտապես բարձրաձայնում եք, որ կառավարության կազմում ընդգրկված են միայն պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր իրենց գործի գիտակն են, եւ նրանց ընտրությունը կատարվել է միմիայն այդպիսի հատկանիշներ ունենալու սկզբունքով: Բայց արդեն քանի անգամ, օրինակի համար, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունը հայտնվում է սկանդալների կիզակետում: Կոռուպցիոն բացահայտումներ եղան այդ գերատեսչությանը կից կառույցներում, սակայն արդեն որերորդ անգամ Արտեմ Ասատրյանը վերանշանակվում է: Ինչո՞ւ, ո՞ր արժանիքի համար:
-Մամուլում բարձրաձայնված սկանդալները հիմք մե՛ք ընդունի: Իրավապահ մարմինները երբ որ դրանց հիմնավոր պատասխան կտան, հիմքեր համարեք դրանք:
-Միայն մամուլում չի բարձրաձայնվել, ձերբակալություններ եւս եղել են:
-Արտեմ Ասատրյանի աշխատանքից մենք գոհ ենք, նա աշխատում է բարձր հնարավորություններով, եւ ապագան ցույց կտա նրա աշխատանքի արդյունքները:
-Պարո՛ն Բաղդասարյան, երբ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հանրապետականներին էր ներկայացնում որպես վարչապետ, նշում էր, որ պարտավոր ենք չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում, եւ մեր առջեւ դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ ու պատասխանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն: Միայն Կարապետյանի նշանակման ժամանա՞կ նման սկզբունքով առաջնորդվեցիք:
-Կապրենք, կտեսնենք, համբերե՛ք:
-Այսինքն՝ ուրիշ պաշտոնների համար եւս փնտրել եւ գտել եք նման կադրե՞ր:
-Դուք մի հասկացեք, որ մարդիկ փնտրել-գտնելը եւ համագործակցելը նշանակում է միայն նախարար նշանակելը: Իսկ ո՞վ է ասում, այսքան միջոցառումները, այսքան մեր սփյուռքահայության եւ մեր արտասահմանյան գործընկերներին հրավիրելը եւ համագործակցելը հենց դրա մասին չի խոսում: Միայն պաշտոնով չէ, որ նշանակում է համագործակցություն: Պետք է նշանակենք նախարա՞ր, որ ասենք՝ մենք համագործակցում ենք:
-Համառորեն տեսակետներ են հնչում, որ Կարապետյանի կառավարությունը ժամանակավոր բնույթ է կրում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Մշտական ոչինչ չկա, ամեն ինչ գնում է իր ընթացքով: Համբերեք, կտեսնեք իրենց աշխատանքը:
-Եւ վերջում, Դուք նախկինում եւս եղել եք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար: Խմբակցության նախո՞րդ անդամների հետ էր ավելի հեշտ եւ արդյունավետ աշխատելը, թե՞ այս կազմի:
-Ինձ համար բոլորի հետ հեշտ է աշխատելը՝ ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա, բոլորի հետ համագործակցում ենք:
-Բայց կարծիքներ կան, որ 6-րդ գումարման ԱԺ-ն դադարում է քաղաքական մարմին լինելուց՝ հաշվի առնելով հատկապես ռեյտինգայինով ԱԺ եկած նոր խորհրդարանականներին:
-Կաշխատենք, կտեսնենք, ժամանակից շուտ գնահատականներ պետք չէ տալ:

 

 

 
ԿՔՆՆԱՐԿԵՆ, ԵՐԲ ԿԼԻՆԻ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿ

Երեկ խորհրդարանում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ իրենք հունիսին համագումար են անելու եւ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերին առաջարկելու են ստեղծել լայն կոնսոլիդացիա եւ գնալ համախմբման, նշել է, որ «Ելք»-ը դեռեւս հարցը չի քննարկել, բայց ինքը դեմ չէ արտախորհրդարանական ուժերի առաջարկը խորհրդարանում բարձրացնելուն:

«Ժողովուրդ» օրաթերթը արտախորհրդարանական մի քանի ուժերից փորձեց պարզել՝ պատրա՞ստ են գնալ նման համագործակցության:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց համար ցանկացած համագործակցություն, որը բխում է ՀՀ քաղաքացիների շահերից եւ միտված է նրանց կյանքը բարելավելուն, ընդունելի է. «Թե ի՞նչ առաջարկով է հանդես գալու «Ժառանգություն» կուսակցությունը, մենք կտեսնենք առաջիկայում, չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, եւ ճիշտ էլ չէ, որովհետեւ հայտարարությունը դեռ բավական չէ, մենք պետք է տեսնենք, թե ինչ ծրագիր է առաջ քաշվում, եւ ինչ կոնսոլիդացիայի մասին է խոսքը: Բնական է, որ կուսակցությունը պիտի քննարկի այդ հարցը»,- ասաց Խաչատրյանը: Վերջինիս խոսքով՝ իրենք միշտ պատրաստ են համագործակցության այն ուժերի հետ, որոնց առաջ քաշած մոտեցումները համահունչ կլինեն եւ՛ իրենց տեսլականի, եւ՛ օրակարգի հետ: Իսկ մեր այն դիտարկմանը՝ կապ չունի՞, թե որ քաղաքական ուժերը եւ գործիչները մաս կկազմեն այդ կոնսոլիդացիային, քանի որ ընդդիմությունը ՕՐՕ դաշինքի հետ համագործակցելուց զերծ մնաց հիմնականում այն պատճառով, որ Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը նախկինում իշխանության մաս են կազմել, կուսակցության փոխնախագահն ասաց. «Եթե ես նշում եմ, որ մեզ համար կոնսոլիդացիա առաջարկող ուժի եւ մնացած ուժերի, ովքեր գնալու են դրան, առաջ քաշած մոտեցումները տեսականորեն շատ կարեւոր են, հենց այդ առումով եմ նշում: Եթե կա հստակ հակասություն, ապա կոնսոլիդացիա չի կարող լինել: Առնվազն դա կլինի արհեստական: Ես որեւէ մեկի անցյալն ու ներկան չեմ ուզում քննարկել, թե ով որտեղ է՝ իշխանությունում, թե ընդդիմությունում, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է պատասխանատու թե՛ իր արտաբերած խոսքի, թե՛ քաղաքական ճանապարհի համար, այդպիսի տարբերակումներ չեմ էլ ուզում դնել»,- ընդգծեց Խաչատրյանը:
ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Րաֆիի Հովհաննիսյանի հայտարարությանը դեռեւս ծանոթ չէր եւ առաջին անգամ լսեց մեզանից, այնուամենայնիվ, այն հարցին, թե կգնան համագործակցության նրանց հետ, Զուրաբյանն ասաց.«Եթե կոնկրետ առաջարկ կլինի որեւէ քաղաքական ուժի կողմից որեւէ հարցի շուրջ, կքննարկենք, կմտածենք, բայց հիմա շատ տեսական է հնչում, եւ ես չգիտեմ, թե առաջարկի էությունը որն է»:
«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը նույնպես նշեց, որ իրենց դեռեւս նման առաջարկ չի եղել, Առաքելյանի գնահատմամբ՝ դա նորմալ գործընթաց է. «Մենք չգիտենք՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը, երբ լինի առաջարկ, կանդրադառնանք»,- եզրափակեց Առաքելյանը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 
ՈՉՆՉՈՎ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ
Երեկ մինչ խորհրդարանը արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկում էր կառավարության կողմից ներկայացված մի քանի նախագծեր, խորհրդարանականները, բացի նիստին ներկա լինելուց, ինչով ասես զբաղված էին: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես է դատարկ դահլիճում ընթանում հարցերի քննարկումը։ Ասել է, թե 6-րդ գումարման Ազգային ժողովը ոչնչով չի տարբերվում նախորդ խորհրդարաններից: Պատգամավորները ներկայանում են միայն քվեարկության ժամանակ, եւ առանց գիտության, թե ըստ էության ինչի մասին է նախագիծը, ի՞նչ փոփոխություններ են սահմանվում ըստ այդ նախագծերի, խորհրդարանականները կողմ են քվեարկում: Սա արդյունքն է այն պարզ ճշմարտության, որ արդեն քանի տարի Ազգային ժողով են մուտք գործում մարդիկ, որոնք բացարձակապես կապ չունեն քաղաքականության հետ, ընդամենը իշխանության վերին օղակներում ունեն «քավորներ»:

 

 

ՄԻԱԿ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները օրերս հետ են վերադարձրել Ջրառատ համայնքում ՕՐՕ դաշինքի համակիրների եւ ՀՀԿ-ական համայնքի ղեկավարի թիմակիցների մասնակցությամբ ծեծից տուժածների հեռախոսները: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմտեի քննիչները նաեւ հայտնել են, որ շուտով նաեւ հետ կվերադարձնեն տուժողների զգեստները: Գրել էինք, որ մարտի 12 եւ 14-ին միջադեպ էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցները, իսկ միջադեպի կենտրոնում էին հայտնվել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը եւ նրա եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը: Ավելի ուշ գործով տուժողների հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ցուցմունք էր տվել, որ որեւէ բողոք չունի, ՀՀ փոխոստիկանապետը եւ նրա եղբայրը եւս գրել են, որ որեւէ բողոք չունեն: Ի դեպ, հավելենք, որ Ջրառատում տեղի ունեցած միջադեպի գործով ամբաստանյալի աթոռին կհայտնվի միայն ՀՀԿ-ական համայնքի ղեկավարի տեղակալ Տիգրան Սարգսյանը, որը այդ օրը ապօրինի զենքից կրակոցներ էր արձակել:




Լրահոս