Բացի Ռուսաստանից, ԵՏՄ մյուս երկրների հետ առեւտուր չե՞նք անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը վերջերս իրանական թերթին տված հարցազրույցում կրկին խոսել էր ԵՏՄ-ի` 180 մլնանոց շուկայի մասին, եւ ընդհանրապես, ԵՏՄ-ի մասին խոսելիս իշխանությունները սիրում են շեշտել այդ թիվը: Բայց արի ու տես, որ Հայաստանին այդպես էլ չի հաջողվում նվաճել 180 մլնանոնց շուկան, եւ ԵՏՄ երկրների մեջ Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը մնում է Ռուսաստանը, իսկ Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ առեւտրաշրջանառության ծավալներն առավել քան քիչ են:

Ըստ ԱՎԾ տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառության ծավալները կազմել են 735.7 մլն դոլար, որը Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության 26.2 տոկոսն է կազմում: Դեպի Ռուսաստան արտահանվել է 219.2 մլն դոլարի, եւ ներկրվել` 391.8 մլն դոլարի ապրանք: Իսկ ահա Բելառուսի հետ առեւտրաշրջանառության ծավալները կազմել են ընդհանուրի 0.7 տոկոսը. արտահանվել է 3.1 մլն դոլարի, եւ ներկրվել 9.3 մլն դոլարի ապրանք: ԵՏՄ մյուս անդամի` Ղազախստանի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է ընդհանուրի 0.1 տոկոսը. արտահանվել է 1.7 մլն դոլարի, եւ ներկրվել 2.7 մլն դոլարի ապրանք, իսկ Ղրղզստանի հետ առեւտրաշրջանառության ծավալներն այնքան քիչ են, որ ԱՎԾ-ն առանձին տողով չի էլ ներկայացնում:

Ի դեպ, կառավարության վերջին նիստում հաստատվեց Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության զարգացման շրջանակներում նշվող թիրախային երկրների ցանկը, եւ հետաքրքիրն այն է, որ ԵՏՄ անդամ երկրներից միայն ՌԴ-ն է ընդգրկված այնտեղ: Իսկ ահա ԵՏՄ անդամ մյուս երկրները, որոնք էլ մտնում են 180 միլինանոց շուկայի մեջ, չկան այդ ցանկում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս