ՈՉ ՄԵԿ ՓՈՂ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ, ՓՈՂ ԵՆ ԿՊՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սարգիս Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կիսվել է «Դեպի վայրէջք» հեռուստասերիալում իր դերի, կնոջ հետ հարաբերությունների, դերասանի մասնագիտության նկատմամբ իր սկզբունքների, ինչպես նաեւ մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մասին:

-Սարգի՛ս, վերջին շրջանում մեծ ալիք էր բարձրացրել «Դեպի վայրէջք» սերիալում բաց տեսարանով Ձեր հանդես գալը: Եվ անգամ Ձեր կնոջը համացանցային տիրույթում խորհուրդ էին տալիս բաժանվել Ձեզանից: Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ խոչընդոտները:
-Հատուկ որեւէ բան չենք արել հաղթահարելու համար, բնականաբար Մանոն մի փոքր տխրեց, նեղվեց: Մենք հասկացանք, որ դա մասնագիտություն է: Սա հնդկական կինո չէ, որ պետք է հեռվից իրար խփենք կամ իրար սիրենք: Անկեղծ ասած, ես չէի պատկերացնում, որ կարող է այսպիսի աղմուկ բարձրանալ: Մեծ մարդիկ ենք, ես էլ, կինս էլ ճանապարհ անցած, մարդկանց ասածներով չենք կարող առաջնորդվել: Ուղղակի տհաճ է, որ քո հարազատներն են գրում կամ կնոջդ նկար ուղարկում… ինչի՞ համար, ես դերասան եմ: Հասկանում եմ, որ Հայաստանում մի փոքր այլ է, բայց եթե այդ ֆիլմը նայել են, ապա պետք է տեսած լինեն, որ այնպիսի բան չկա, որը ցենզուրայից դուրս է կամ մարդկանց մոտ տհաճություն առաջացնող: Ամեն ինչ արված է գեղարվեստորեն:
-Հավանո՞ւմ եք Ձեր կերպարը «Դեպի վայրէջք» սերիալում, նմանություն տեսնո՞ւմ եք Ձեր եւ Սոսի միջեւ:
-Ամեն նոր կերպարիս կերտման մեջ ես ինձանից դնում եմ, այսինքն՝ ես նման եմ իմ բոլոր կերպարներին: Մի տեղ՝ մի բնավորության գիծ, մյուսին՝ մի ուրիշ, մինչեւ կերպար կերտելը մտածում եմ, թե ինչ եմ ուզում ցույց տալ այդ կերպարով: Սոսը Սարգիսից մի հատված է՝ «աղ ու բիբար վրան ցանած»:
– Սարգի՛ս, դերերի ընտրության հարցում պահանջներ ունենո՞ւմ եք:
-Դա ինձ համար ամենացավոտ հարցն է: Ցավոք սրտի առաջարկներն այնքան քիչ են, որ հայ դերասանն ընտրելու հնարավորություն չունի: Գիտես, եթե դա չընտրես, այլ առաջարկ չկա: Այդ հարցն ինձ մոտ մի փոքր լավ է, որովհետեւ անցած ճանապարհի շնորհիվ ունեմ ընտրության հնարավորություն: Ես զգում եմ, որ այն պոտենցիալը, որն իմ մեջ կա, այն ասելիքը, կրակը, որ ես կարող եմ ավելի լուրջ ֆիլմերի մեջ օգտագործել, այստեղ սահմանափակ են: Ափսոս են այս տարիներս:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ լուրջ ֆիլմեր չենք կարողանում նկարահանել:
-Ծիծաղելի կլինի, եթե ասեմ, որ լուրջ ֆիլմեր են նկարահանվում: Ֆիլմերն այնքան քիչ են ու փառատոնային, որ հինգ տարվա կտրվածքով 1-2 ֆիլմ նկարահանվի, թե ոչ:
-Ի՞նչն էր պատճառը, որ «Արմենիա» հեռուստաընկերությունից տեղափոխվեցիք «Կենտրոն» հեռուստաընկերություն:
-Իմ ամբողջ կարիերայի ընթացքում պայքարել եմ մի զավեշտի դեմ, որը կոչվում է «Արմենիայի» դերասան, «Շանթի» դերասան, «Կենտրոնի» դերասան, ինչ-որ մեկի դերասան: Մենք պետք է սովորենք, որ դերասանն ինչ-որ մեկի սեփականությունը չէ: Ես կընդունեմ այն առաջարկը, որն ավելի գայթակղիչ է, որն ավելի նպատակահարմար է ինձ:
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ցանկանում եք դերասանական դպրոց բացել, որտեղ կսովորեցնեն լինել արվեստասեր, այլ ոչ թե կապիկությամբ զբաղվել:
-Դպրոցը բացվեց այս տարի մարտի 5-ին: Ունեմ 15 սան: Դպրոցը բացելով՝ հասկացա, որ շատ անելիքներ ունեմ: Նախ պետք է սովորեցնես չշտապել, ցանկությունների ուղին փոխել, նկատել, մեծին հարգել, կյանքը ճանաչել: Այդ ամեն ինչից հետո նոր կարելի է դերասանական վարպետություն սովորեցնել:
-Սարգի՛ս, մի առիթով էլ նշել եք, որ այսօրվա դերասանների մոտ չափից դուրս է ազատությունը, որը Դուք անվանել եք լկտիություն: Այսօրվա մեր երիտասարդ դերասաններին ինչպե՞ս կբնորոշեք:
-Դերասանությունը լուրջ, խորը մասնագիտություն է: Ես այդպես անվանել եմ այն մարդկանց, ովքեր այս մասնագիտության հետ որեւէ կապ չունեն ու դերասանի մասնագիտությունը սարքել են ծամոն՝ վերածելով լկտիության: Ես էլ եմ մեղավոր, քանի որ ուզեմ, թե չուզեմ, խաղում եմ այդ մարդկանց հետ, բայց չխաղալ չեմ կարող, քանի որ այլընտրանք չկա: Բերում են մեկ-երկու մասնագետ ու կողքը լցնում տարբեր բնագավառի մարդկանց, որը վերածվում է լկտիության: Խոսում ես, տեսնում ես՝ հարցական է դեմքին, անում է այն, ինչը կարողանում է: Այս ամենը կփոխվի այն ժամանակ, երբ երկրի վիճակը կլավանա: Մարդկանց պետք է գումար վճարեն, որ սրտացավ խաղան: Փող չկա՛:
-Ձեր կարծիքով՝ ո՞վ է մեղավոր երկրի նման սոցիալ-տնտեսական վիճակի համար:
-Բոլորս ենք մեղավոր: Ամեն մեկս շնորհքով, պատասխանատվությամբ որ մեր գործն անենք, այս վիճակը չի լինի: Այսօր գրեթե ոչ մեկ փող չի աշխատում, բոլորը փող են կպցնում: Եթե ամեն մեկն իր ասածին տեր լինի, ամեն ինչը կընկնի իր տեղը: Այսօր ամեն ինչ խառնվել է իրար:
-Բազմիցս նշել եք, որ արտագաղթը, աղքատությունն ու իշխանությունների անտարբերությունն այդ ամենի նկատմամբ Ձեզ շատ է անհանգստացնում…
-Դա ամենացավոտ հարցն է: Մենք ենք ընտրում մեր ղեկավարներին ու մենք արժանի ենք այն ամենին, ինչ հիմա ունենք: Եթե մենք ուզում ենք լավ լինի, պետք է ամեն ինչ անենք՝ դրան հասնելու համար. «Ինչպես ուռին ու բարդին, ամեն բան իրա դարդին»: Բոլորս ենք մեղավոր մեր երկրի վիճակի համար: Բոլորս պետք է խելքներս գլուխներս հավաքենք ու սկսենք մտածել, որ մեր երկիրը դատարկվում է: Մինչեւ չփոխվի էս ազգի մտածողությունը, դրական որեւէ բան տեղի չի ունենա:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս