Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական արդյունքներ կունենա ոչ միայն 2 երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար․ Ֆիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան կոչ է անում թյուրքական աշխարհի բոլոր երկրներին իրենց ձայնը բարձրացնել Գազայի հատվածում Իսրայելի վայրագությունների դեմ և կոնկրետ քայլեր ձեռնարկել դրանք կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների 1-ին հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Քաղաքական գործիչը նաև զգուշացրել է իսրայելա-պաղեստինյան ներկայիս հակամարտության՝ այլ երկրներ տարածվելու աճող սպառնալիքի մասին։

Իր ելույթում թուրք նախարարը նաև հաստատել է Անկարայի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ֆիդանը հիշեցրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հենց սկզբից Թուրքիան մատնանշել է հրադադարի և բանակցությունների միջոցով խաղաղ լուծման հասնելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ նա ընդգծել է, որ «Ադրբեջանը ճանապարհ է հարթել տարածաշրջանում կայուն խաղաղության համար՝ վերջ դնելով գրեթե երեք տասնամյակ տևած հակամարտությանը»։

Ֆիդանը դրական քայլ է անվանել Ալմաթիում Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։ Նա ընդգծել է, որ Թուրքիան այս գործընթացում լիովին աջակցում է Ադրբեջանին։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական արդյունքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար։




Լրահոս