Չափազանց կարևոր է, որ քաղաքական կյանքում տարբեր երևույթների մասին տարբեր կարծիք ունենալը չվերածվի թշնամության. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության Նախագահը այսօր երեկոյան Ծաղկաձորում այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Այս տարի, որը «Բազե»-ի համար հոբելյանական է (նշվում է հավաքի 15-ամյակը), հավաքին մասնակցում է 18-ից 30 տարեկան շուրջ 500 երիտասարդ ճամբարական, որոնք ներկայացնում են Երևանը, Հանրապետության մարզերը, Արցախը, սփյուռքը: Նախագահը ծանոթացել է հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, դիտել է հավաքի մասին պատմող «Բազե 2017» ֆիլմը, «Հայաստանն ապագայում» մրցույթում հաղթած պրեզենտացիան, մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբն ու նկարչական ցուցահանդեսը:

Երիտասարդության շրջանում կազմակերպվող աշխատանքների, ինչպես նաև «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Հանրապետության Նախագահի կողմից մի շարք անձինք արժանացել են շնորհակալագրերի:
Ճամբարականների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարևորել է «Բազե»-ի դերը մեր երկրի երիտասարդական կյանքում և մաղթել, որպեսզի հավաքը շարունակի գործել նույն արդյունավետությամբ:

«Սիրելի՛ բազեականներ, ուզում եմ բոլորիդ շնորհավորել «Բազե»-ի 15-ամյակի կապակցությամբ և ասել, որ ես, իրոք, ուրախ եմ, որ «Բազե»-ն կայացել և դարձել է մեր երիտասարդական կյանքի կազմակերպման ձևերից մեկը: Ես այս 15 տարիներին, թերևս, 15 անգամ էլ մասնակցել եմ՝ տարին մեկ անգամ: Անկեղծորեն, ինձ համար այն հարազատ է դարձել: Շատ-շատերին թվում է, որ «Բազե»-ն ոչ թե 15 տարի, այլ միշտ եղել է: Կարևոր է, որպեսզի ապագայում «Բազե»-ն շարունակի գործել նույն արդյունավետությամբ: Նաև չափազանց կարևոր է, որ «Բազե»-ն կուսակցականացված չէ, ավելի շուտ կարելի է ասել՝ բազմակուսակցական է:

Իհարկե, այստեղ դուք անցկացնում եք ձեր ակտիվ հանգիստը՝ խաղում եք, մրցում, ստեղծագործում ու նաև քաղաքական քննարկումներ անցկացնում: Այն, ինչ դուք եք անում, ընկնում է մեր երկրի նոր քաղաքական մշակույթ ստեղծելու մեծ գործի հիմքում: Քանի որ դուք երիտասարդ եք, եռանդով լի ու նաև անմիջական շփումների մեջ, դուք այստեղ սովորում եք բանավիճել, քննարկել, և այդ բանավեճերը չեն վերածվում թշնամանքի: Չափազանց կարևոր հանգամանք է, որ քաղաքական կյանքում տարբեր երևույթների, իրադարձությունների մասին տարբեր կարծիք ունենալը չվերածվի թշնամության: Այստեղ դուք սովորում եք բանավիճել, քննարկել, համաձայնության գալ:

Հավատացեք, որ քաղաքական դաշտում համաձայնության գալը, հաշտության գալը շատ կարևոր է, և ընդհանրապես կյանքում փոխզիջումների միջոցով համաձայնության գալը շատ կարևոր հանգամանք է: Խոսքս չի վերաբերում հարմարվողականությանը, այլ դիմացինի շահը հասկանալուն, և վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հիշում են հայտնի մարդու այն ասացվածքը, որ ամենաքաղցր հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել քիչ կորուստներով, քիչ ջանքերով: Հավատացեք, որ դա այսպես է: Ես կցանկանայի, որ երբ արդեն այլ հարցերում անմիջականորեն սկսեք մեծավարի զբաղվել, միշտ լինեք համաձայնության գալու կողմնակիցը: «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որևէ հաջողության անհնար է հասնել:

Շատ ուրախ եմ, որ այստեղ դուք բազմաթիվ ընկերներ եք ձեռք բերում, բազմաթիվ ծանոթություններ եք հաստատում, և տեղյակ եմ, որ այս 15 տարիների ընթացքում բազեականները նաև բազմաթիվ ընտանիքներ են կազմել: Կցանկանայի, որպեսզի այդ ընտանիքները միշտ լեցուն լինեն սիրով: Մեր երկիրն էլ մի մեծ ընտանիք է: Այո՛, մեր երկիրը փոքր է, բայց մեծ ընտանիք է, և այդ մեծ ընտանիքն էլ, երբ կամեցողությամբ լեցուն լինի, երբ սիրով լեցուն լինի, այն ժամանակ մենք ունենալու ենք մեր երազանքի Հայաստանը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:




Լրահոս