ՄԵՐԺԵԼ Է ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը կանգնել է խնդրի առաջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը վերջերս դիմել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, որ գումար տրամադրի՝ ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար: Սակայն Հայաստանի գլխավոր ֆինանսիստը մերժել էր՝ հորդորելով խցերի խնդիրը կարգավորել սեփական միջոցներով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների խցերի վատ պայմանների մասին դատապարտյալները մշտապես բարձրաձայնել են, սակայն դրանք մնացել են օդում: Դատապարտյալները կամ կալանավորները՝ տեսնելով, որ ելք չկա, իրենք սեփական միջոցներով են վերանորոգում խցերը, որ կարողանան գոնե քիչ թե շատ նորմալ պայմաններում ապրել:
Ավելին՝ այս տարվա հունվարի 10-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները հատուկ այց էին կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ ուսումնասիրել նշված քրեակատարողական հիմնարկի առաջին հարկում գտնվող խցերի պայմանները Ու արձանագրվել էր, որ առաջին հարկի բոլոր խցերը եւ միջանցքի պայմանները խիստ անբավարար են: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա Պաշտպանն առաջարկել էր դադարեցնել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի խցերի շահագործումը:
Բարձրաձայնումից կարճ ժամանակ անց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հայտնեց, թե.««Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքային պայմանները բավականաչափ վատն են, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվել. նվազեցվել է այնտեղ պահվող անձանց թիվը, նկուղային, առաջին հարկերի խցերը փակել են, փոխվել են պատուհանները, բարելավել են ջերմային պայմանները»:
Բայց ՔԿՀ-ների խցերը փակելով կամ դատապարտյալներին տեղից տեղ տեղափոխելով՝ իրավիճակ չեն փոխի, ուստի ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ վարչությունը որոշել է գործի անցնել:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկների վարչությունը ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար դիմել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, որպեսզի բյուջեից գումար տրամադրվի՝ քրեակատարողական հիմնարկների խցերը վերանորոգելու համար: Սակայն ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մերժել է քրեակատարողական հիմնարկների վարչության դիմումը: Իսկ ո՞րն է մերժման պատասխանը: Ըստ մեր հավաստի աղբյուների՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից բանավոր կերպով հասկացրել են, որ չեն կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգան, ուր մնաց՝ ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին մտածեն: Ֆինանսների նախարարությունից խորհուրդ են տվել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ իրավիճակը լուծելու համար ներսում ռեֆորմներ իրականացնել, խնայողություններ անել եւ վերանորոգել ՔԿՀ-ների խցերը:
Չի բացառվում, որ այս իրավիճակն է պատճառ դարձել, որ հուլիսի 1-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ՔԿՀ-ների սնունդի չափաբաժինը պակասեցնել եւ այլ սննդատեսակներ ավելացնել` պատճառաբանելով, թե այդ քայլին գնացել են հանուն դատապարտյալների, սակայն դատելով իրավիճակից՝ փոփոխությունները խորը արմատներ ունեն: Եւ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից մերժում ստանալուց հետո արդարադատության նախարարությունում ներքին խոսակցություն է սկսվել, թե նախարարի մերժումը արդարացի չէ: Ինչո՞ւ, որովհետեւ ՔԿ վարչությունը անցած տարի խնայողությունների հաշվին կլորիկ գումար է տնտեսել՝ շուրջ 600 միլիոն դրամ, եւ այն հետ է վերադարձրել բյուջե: Սակայն հիմա ՀՀ ֆինանսների նախարարությունը հրաժարվում է հետ վերադարձնել անգամ տնտեսած ու վերադարձված գումարը, որ գոնե դրանով խցերը նորոգեն:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հորդորեցին դիմել ՔԿ վարչություն, իսկ ահա արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, թե իրենք նման հարցով չեն դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն եւ, առհասարակ, մերժում էլ չեն ստացել: Դե, իհարկե, հո մերժվելուց հետո չէի՞ն բարձրաձայնի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՑ ԳԱՂՏՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ
Դատական համակարգում կրքերը չեն հանդարտվում. այս անգամ ՀՀ վարչական դատարանն է հայտնվել իրավապահների թիրախում: Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ քրեական գործ է հարուցվել՝ դատական համակարգի ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ:
Ըստ այդմ, ՀՀ քաղաքացին հաղորդում է տվել, որ իր հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունն ու հողամասը 2005 թվականին վաճառել է այլ անձանց: Հետագայում պարզվել է, որ գույքը վաճառելու ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով առքուվաճառքի պայմանագրում նշվել է այլ գույք, որի պատճառով հայրը դիմել է դատարան՝ հիշյալ պայմանագիրը լուծարելու համար, սակայն ներկայացված հայցը մերժվել է:
Դրանից հետո հայրը որպես կաշառք դատավորին փոխանցելու նպատակով այլ քաղաքացու է տվել 10.000 ԱՄՆ դոլար գումար, որից 7.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է դատավորին:
Այսպիսով՝ ՀՔԾ-ում դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության ենթադրաբար տեղի ունեցած հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Թե ով է դատավորը, պաշտոնապես հայտնի չէ:
ՀՀ վարչական դատարանում եւս կատարվածից անակնկալի են եկել եւ չգիտեն, թե իրավապահներին կոնկրետ որ դատավորի մասով է բողոք գնացել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը:
-Պարո՛ն Մաթեւոսյան, ՀՀ վարչական դատարանի դատավորներից մեկի մասով քրեական գործ է հարուցվել. քաղաքացին ասում է, որ դատավորին կաշառք է տվել, տեղյա՞կ եք՝ ո՞ր դատավորի մասին է խոսքը:
-Ես եւս ծանոթացել եմ այդ հաղորդագրությանը, այս պահին ավել ոչինչ չեմ կարող ասել:
-Դուք տեղյակ չե՞ք, թե որ դատավորի մասին է խոսքը:
-Իհարկե, տեղյակ չեմ:
-2010 թվականից ՀՀ վարչական դատարանի նախագան եք, կասկածներ էլ չունե՞ք, թե ով կարող էր կաշառք վերցնել եւ, առհասարակ, ով է ընդունակ այդ քայլին:
-Ախր, այնպիսի հարց եք տալիս, որ այս պահին պետք է միանշանակ ասեմ, որ ոչ, բայց եթե հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում, երեւի թե քննություն կկատարեն, եւ վերջը կտեսնենք:
-Ստացվում է, որ դատարանի դատավորի մասով բողոք կա, քրեական գործ կա հարուցված, բայց իրավապահները թաքցնում են, թե կոնկրետ ում մասով են բողոք ստացել:
-Մենք այս պահին որեւէ տեղեկություն չունենք:
-Դուք ի՞նչ կասեք Ձեր մասին, վստա՞հ եք, որ բողոքը Ձեր դեմ ուղղված չէ: Գուցե Ձե՞ր մասին է խոսքը:
-Իմ մասով միանշանակ վստահ եմ, սպասենք, տեսնենք, շատ արագ կարծիք պետք չէ հայտնել, տեսնենք՝ ինչ կպարզի քննությունը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մարտական գործողությունների եւ զինադադարի պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ: Երեւանից եւ Գյումրիից Մայր Աթոռ ժամանած մայրերը Մայր Տաճարում նաեւ ներկա գտնվեցին Ս. Պատարագի արարողությանը:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Մահացել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս եւ թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը: Հիշեցնենք, որ Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948 թվականին հայրենադարձել է:

 

 

ՇԱՀԱՎԵՏ ԿԼԻՆԻ՞
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018թ. նախատեսում է մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ: «Ինտենսիվ այգիների հիմնումը կարող է շատ շահավետ լինել, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը՝ երաշխավորված»,-նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 

 

ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
Երեկ «Արմենիա» ՀԲԿ ծննդատանը հասուն պտղի մահացության դեպք է գրանցվել: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ ոչ թե նորածին է մահացել, այլ հասուն պտուղ: Հղիի մոտ եղել է ներարգանդային աճ, պտղի մահվան պատճառը ընկերքի վաղաժամ անջատումն է, ինչը լուրջ ախտաբանություն է: Մոր կյանքը փրկվել է, կինը լավ վիճակում է: Ռ. Աբրահամյանի հրահանգով պտուղն ուղարկվել է հետազոտության. դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

 

 

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Օգոստոսի 20-ին Գյումրիում, կյանքի 85-րդ տարում երկարատեւ ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը: Հանգուցյալ Սրբազան Հոր աճյունը օգոստոսի 22-ին կդրվի Գյումրիի Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում վերջին հրաժեշտի համար, ուր ժամը 18:00-ին կկատարվի եկեղեցու կարգը: Օգոստոսի 23-ին` ժամը 9:00-ին, հընթացս Ս. Պատարագի կկատարվի Նարեկ եպիսկոպոսի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:

 

 

ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ 24-ին կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում օգոստոսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն:




Լրահոս