Գյուղացիները գերադասում են իրենց կովերի կաթը չհանձնել մթերող ձեռնարկություններին. գները շատ ցածր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում Տավուշի մարզում գործել են բնակչությունից կաթ ընդունող կոոպերատիվ ընկերություններ: Միջազգային տարբեր ծրագրերով ստեղծված այդ կոոպերատիվները շուրջ 10 տարի առաջ դադարեցրել են իրենց գործունեությունը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի՝ սեպտեմբերի 29-ին Իջեւան քաղաքում կայացած ասուլիսի ժամանակ մարզի ղեկավարին հարց տրվեց կաթ ընդունող գյուղատնտեսական կոոպերատիվների մասին: Մարզպետն ասաց, որ այդ կոոպերատիվները վաղուց դադարել են գործել:

Այժմ Տավուշի մարզում կաթ են ընդունում «Աշտարակ կաթ» ընկերության եւ այլ ընկերությունների շրջիկ ավտոմեքենաները: Մարզպետի խոսքերով` «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը Ֆրանսիայից ներկրել է կաթի վերամշակման արդի սարքավորումներ եւ պատրաստ է Տավուշի մարզի գյուղացիական տնտեսություններից վերամշակման նպատակով մեծ քանակությամբ կաթ ընդունել: Սակայն Տավուշի մարզի անասնապահներին ձեռնտու չէ կաթ մթերող կազմակերպությունների առաջարկած, կաթի ընդունման ցածր գները: Այդ պատճառով գյուղացիները գերադասում են իրենց կովերի կաթը չհանձնել մթերող ձեռնարկություններին, այլ կաթից յուղ, պանիր, մածուն պատրաստել եւ դրանք իրացնել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս