Հովհաննես Բաբախանյանը «Հոլիվուդում» Սայաթ-Նովայի մասին ֆիլմ նկարահանելու ցանկություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, ով տեւական ժամանակ է՝ ապրում եւ ստեղծագործում է Միացյալ Նահանգներում, օրեցօր ավելի մեծ հաջողություններ է գրանցում իր ոլորտում։ Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է այն նոր նախագծերի մասին, որտեղ ընդգրկված է, ուրախությամբ խոսել է իր ձեռքբերումներից, դերասանական ասպարեզում եւ երգարվեստի ոլորտում ստացած մրցանակներից։ Հ. Բաբախանյանը հայտնել է, որ պատրաստվում է «Սայաթ-Նովա» նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը, դերասանը կկերտի հենց աշուղի կերպարը։

-Պարո՛ն Բաբախանյան, հիմա կա՞ մի ֆիլմ, սերիալ կամ այլ նախագիծ, որի շրջանակում ընդգրկված եք: Պատմեք, խնդրում եմ, Ձեր ներկայիս գործունեության մասին:

-Այո՛, արդեն ավարտվել են ամերիկյան արտադրության նոր «Կեղծ տեղեկատվություն» գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Ֆիլմում ես աշխատել եմ ամերիկացի հայտնի դերասաններ Էրիկ Ռոբերթսի, Մարտին Քոուվի, Սոֆիա Միլոսի, Դավիդ Նովակի, Ջոն Վուդվարդի եւ այլոց հետ: Պատրաստվում եմ նաեւ «Սայաթ-Նովա» նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը, որի մասին կնախընտրեի խոսել ավելի ուշ։

-Հենց Դո՞ւք եք մարմնավորում Սայաթ-Նովայի կերպարը։

-Այո՛, բացի այդ՝ փորձում եմ անել ամեն բան, որ ֆիլմը նկարահանվի Հոլիվուդում։

-Այսինքն՝ Դուք նաեւ ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսո՞րն եք։

-Նաեւ։ Բայց այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի։

-Հանդիսատեսի հիշողություններում դեռ թարմ են թատրոնում Ձեր մարմնավորած Մարկոս Անտոնիոսի, Մերկուցիոյի, Բրունո Մանչինիի, Պետրոս Առաքյալի եւ մի շարք այլ կերպարներ։ ԱՄՆ-ում շարունակո՞ւմ եք Ձեր թատերական գործունեությունը։

-ԱՄՆ-ում բեմադրել եմ Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, որտեղ հանդես եմ եկել Բեն Ալեքսանդրի դերով: Լոս Անջելեսում խաղացել եմ «Իմ սեւ սիրտն ու քո սպիտակ հրեշտակը» ներկայացման մեջ: Մի քանի մոնո-ներկայացումներ խաղացել եմ նաեւ անգլերենով: Աշխատել եմ ամերիկյան թատրոնի եւ կինոյի մասնագետներ Ջ. Ֆարրի, Մ. Ռանդելի, Ա. Մարի-Սթարքի եւ այլոց հետ: Իսկ վերջին խաղացածս դերը Ջորդանո Բրունոն է։

-Հայտնի է, որ բացի դերասանական գործունեություն ծավալելուց՝ Դուք նաեւ հանդես եք գալիս որպես երգիչ: Տարիներ առաջ, օրինակ, Նյու Յորքին նվիրված համերգի ժամանակ ամերիկացի հանդիսատեսի համար կատարել էիք Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» երգը, որը մեծ ընդունելություն էր գտել: Հիմա որպես երգիչ ի՞նչ նվաճումներ ունեք Միացյալ Նահանգներում:

-Վերջին նվաճումներից կարող եմ նշել «Lucky Strik film festival»-ի շրջանակում ստացածս անվանական մրցանակը։ Փառատոնին հրավիրված էի թե՛ որպես դերասան, թե՛ որպես երգիչ։

-Բայց, որքանով տեղյակ ենք, էկրանային կյանքում եւս ունեք զգալի հաջողություններ՝ նաեւ մրցանակի տեսքով։

-Այո՛, «Veep» հեռուստասերիալը, որտեղ խաղում եմ արաբ շեյխի, արժանացել է «Emmy»-ի, ինչի համար շատ ուրախ եմ։

-Պարո՛ն Բաբախանյան, Ձեր երկրպագուները կարոտել են Ձեզ: Հայրենիք վերադառնալու ցանկություն ունե՞ք:

-Փորձում եմ ժամկետները հարմարեցնել, բայց դեռ ոչինչ պարզ չէ։ Հուսամ՝ կկարողանամ այս տարի լինել հայրենիքում։

-Իսկ Հայաստանում մշտական բնակություն հատատելու ծրագրեր ունե՞ք։ Մտածու՞մ եք այդ ուղղությամբ: Թե՞ այն արտիստներից եք, որոնք ասում են. «Մեր սիրտը Հայաստանում է»:

-Գիտեք՝ այդ մասին մտածում են այն մարդիկ, որոնք, այսպես ասած, արմատապես տեղափոխվել ու վերաբնակվել են արտերկրում։ Ես ապրում եմ բոլոր այն երկրներում, որտեղ աշխատում եմ: Եվ այն համոզման եմ, որ ստեղծագործող մարդն այս առումով սահմաններ չպետք է ունենա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս