ՀԵՔԻԱԹՆԵՐ` ԵՏՄ-ՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովին երեկ մասնակցում էր նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այժմ ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավարն է: Նա համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել՝ բնականաբար, ներկայացնելով ԵՏՄ առավելությունները:

Տ. Սարգսյանը հայտարարել է, թե անդամ երկրները ԵՏՄ շրջանակում լրացուցիչ իրավասություններ են ստացել եւ ընդլայնել են տնտեսական ինքնիշխանությունը: «Ունիկալ իրավիճակ է ստեղծվել, որովհետեւ անդամ պետությունները ստացել են լրացուցիչ լիազորություններ, ընդլայնել են իրենց տնտեսական ինքնավարությունը: Սա նշանակում է, որ անկախ բնակչության թվից, տարածքից, մենք բոլորս ունենք հավասար իրավունքներ ու հնարավորություններ որոշումներ կայացնելու հարցում, որոնք տարածվում են ողջ ԵԱՏՄ-ի վրա: Սա թույլ է տալիս բոլորին ներկայացնել իրենց հետաքրքրությունները, իրացնել հնարավորությունները, որովհետեւ բոլոր պետությունները, կրկնում եմ, ունեն նույն իրավունքները Եվրասիական տնտեսական կոլեգիայի կայացման վրա ազդելու հարցում»,- ասել է նա:
Ի դեպ, նույն միտքը Տիգրան Սարգսյանը կրկնել էր նաեւ ավելի վաղ` դեռ այս տարվա մայիսին՝ հայտարարելով. «Բոլոր անդամ երկրներն ունեն հավասար ձայներ: Ավելին՝ մեր երկրները Միությունում որոշումների կայացման հարցում ունեն քվեի իրավունք: Այն նշանակում է, որ մենք գործ ունենք հավասար իրավունքներ ունեցող անդամներով Միության հետ: Սա սկզբունքայնորեն կարեւոր հանգամանք է, ինչով էլ ԵՏՄ-ն տարբերվում է ԵՄ-ից»:
Եթե անկեղծ լինենք, ապա Տիգրան Սարգսյանի հայտարարություններում չկար որեւէ նորույթ. տնտեսական այս միավորման ստեղծման պահից ի վեր պարզ է եղել, որ ԵՏՄ անդամ երկրները դե յուրե ունեն հավասար ձայնի իրավունք: Այլ հարց, թե որքանով է Հայաստանը կարողանում օգտվել իր այդ իրավունքից՝ հաշվի առնելով ԵՏՄ-ում ՌԴ-ի դոմինանտ դերակատարումը: Ի վերջո, դժվար է պատկերացնել Հայաստանի ներկայացուցիչներին առանց ՌԴ-ի համաձայնության որեւէ որոշման դեմ ընդվզելիս, դեմ քվեարկելիս: Այնպես որ, ունենալով համապատասխան հնարավորություններ՝ դեռ պետք է իրացնել դրանք:
Եւ հետո, որքան հիշում ենք` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայիս նախագահ Տիգրան Սարգսյանը ոչ վաղ անցյալում դեմ էր, որ Հայաստանը ԵՏՄ անդամ դառնա. սկսած 2011թ. մինչեւ 2013թ. սեպտեմբերը նա ակտիվ հարցազրույցներ էր տալիս, ելույթներ ունենում` հիմնավորելով, որ անիմաստ է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, քանի որ տնտեսական այդ միավորման հետ Հայաստանը չունի ընդհանուր սահմաններ, բացի այդ՝ պարտավոր ենք մաքսային սակագները համաձայնեցնել դաշինքի այլ անդամների հետ, ինչը եւս լրացուցիչ խոչընդոտ է: Կարճ ասած, քանի դեռ Սերժ Սարգսյանը բռնել էր եվրաինտեգրացիայի ճանապարհը, իշխանական բուրգը գովերգում էր այդ գործընթացը՝ քննադատելով ԵՏՄ-ն, իսկ այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանի գիշերային որոշման արդյունքում 180 աստիճանով փոխվեց Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն ու որոշում կայացվեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին, փոխվեց նաեւ իշխանությունների տոնայնությունը:
Մեկ փաստ էլ. խոսելով ԵՏՄ-ում որոշումներ կայացնելու հարցում անդամ երկրների հավասար իրավունքների ու հնարավորությունների մասին՝ Տ. Սարգսյանն ուղղակի եւ անուղղակի համեմատականներ է անցկացնում ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջեւ՝ փորձելով հիմնավորել, թե ԵՄ անդամ երկրները չունեն այդ հնարավորությունը: Միայն թե, նկատենք, ԵՄ-ում գործում է անդամ երկրների նախագահներից կազմված Եվրոպական խորհուրդ, որտեղ ներկայացված են բոլոր անդամ երկրների ղեկավարները, եւ կարեւոր որոշումները կայացվում են կոնսենսուսով: Բացի այդ՝ Եվրամիության խորհուրդը եւս կազմված է բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչներից հավասար թվով եւ հավասարապես քվեարկելու իրավունքով: Թեեւ այս մարմնում որոշումները կայացվում են բացարձակ մեծամասնությամբ, սակայն կան հատուկ մշակված մեխանիզմներ՝ անդամ երկրների հավասարությունը ապահովելու համար: Այսինքն` հնարավորություն է տրվում փոքր անդամ պետություններին միավորվել ու դեմ հանդես գալ մեծ անդամ պետությունների որոշումներին՝ փաստացի ապահովելով հավասարություն:
Այնպես որ, համաձայնեք, համեմատությունները տեղին չեն: Առավել եւս, երբ ԵՏՄ-ում դե յուրե հնարավորություններ ունենալը դեռ չի նշանակում, թե կարող է օգտվել դրանից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ԵՎՐՈՆԵՐՈՎ ԹԱՂԱՊԵՏԸ
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ըստ իր պաշտոնական հայտարարագրի, ունի անհատական բնակելի մեկ տուն` իր տնտեսական շինություններով, մեկ հողամաս եւ մեկ հատ «Lexus LS 460 L» մակնիշի ավտոմեքենա: Նորանշանակ թաղապետի դրամական միջոցները կազմում են 48 մլն դրամ, 72 հազար դոլար եւ 158 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել է 2 մլն 392 հազար դրամ: Նշենք, որ տարիներ առաջ Դավիթ Գրիգորյանը հարկային ծառայությունում բարձր պաշտոն է զբաղեցրել: Բայց ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով մեկնել է Բարսելոնա: Ապա 2014 թվականի օգոստոսին նշանակվել էր Մետրոպոլիտենի խորհրդի նախագահ: Նրան այդ պաշտոնում նշանակելու մեջ մեծ դերակատարություն է ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանց մտերմությունը վաղուցվա պատմություն ունի: Ինչի արդյունքում այս տարի նա նշանակվեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:

 

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԱՐԳՈՎ
Չնայած այն բանին, որ կառավարությունը հանձնարարեց տնտեսել պետական միջոցները եւ գործուղումների մեկնել բացառապես էկոնոմ կարգով, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը շարունակում է անտեսել այս հրահանգը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթից հայտնի դարձավ, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամից մեկ հոգի օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 13-ը բիզնես կարգի ավիատոմսով մեկնել է, տոմսի արժեքն էլ կազմել է 295 հազար 110 դրամ: Սակայն նկատենք, որ փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որ ուղղությամբ եւ ում համար է եղել բիզնես կարգի այդ ավիատոմսը: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Սակայն վերջինս լսելով հարցը՝ զարմացավ.«Չգիտեմ դա ինչ բան է, սխալմունք կլինի, մեզ մոտ արգելված է, որ որեւէ մեկը բիզնես կարգով գործուղման մեկնի: Անգամ ռեկտորը չի գնում, ուր մնաց որեւէ մեկը: Դա դեռ կպարզեմ, թե ինչ է: Բայց դա երեւի գիտական գործուղում է, ով իր գրանտի հաշվին է գնացել»: Բայց նկատենք, որ նման դեպքերում սովորաբար ավիատոմսի կարգի հարեւան սյունակում նշված է լինում այն մասին` հրավիրող կողմի հաշվի՞ն է գնվել բիզնես կարգի ավիատոմսը, թե՞ մեկնողի: Սակայն պետական համալսարան հիմնադրամի դեպքում նման բան նշված չէ: Ուրեմն համալսարանից են «թանկարժեք» թռիչք արել:

 

 

 

ՊԱՏԻԺՆԵՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ
Ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի՝ թանկացումները վատ պրոցես են ու կապված են մեր երկրի տնտեսական վիճակի հետ: «Մենք պետք է որոշակի մեխանիզմներ ստեղծենք ու հասկանանք, թե թանկացումներն ինչի հետ են կապված: Եթե արգելված թանկացումներ են, բնականաբար, պատիժներ պիտի լինեն»,-ասել է Գ. Սահակյանը: Պատգամավորը գտնում է, որ չի կարելի թանկացումներն ու էժանացումը կապել տնտեսության հիմնական ծրագրերի հետ: Նա համակարծիք չէ, որ տնտեսությունը քայքայված է եւ ոտքի վրա չի կարողանում կանգնել: «Ամբողջ աշխարհում էլ թանկացումներ տեղի են ունենում: Նայած որ ապրանքների մասին ենք խոսում: Թանկացումը կապված է նրա հետ, որ այդ ապրանքից գոյացումը քիչ է, կամ էլ ժամանակն այնպիսին է, որ այդ ապրանքը թանկանում է: Թանկացումն այն է, երբ այդ ապրանքից քիչ է գոյացումը կամ, մեղմ ասած, այդ ապրանքը էժան չի վաճառվում»»,-ընդգծել է նա:

 

 

ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ՀՀ-ում, ինչպես ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում, տարբեր քաղաքական գործընթացների վերաբերյալ տարբեր քաղաքական գործիչներ եւ կուսակցություններ կարող են ունենալ տարբեր կարծիքներ եւ ընկալումներ: Հակադարձելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իրենց խմբակցության 7 անդամներով ԱԺ նիստում ջախջախել են ՀՀԿ-ի 70-հոգանոց խմբակցությանը, Շարմազանովը նշել է. «Ինչ վերաբերում է քաղաքական ջախջախումներին, սա եւս ընկալումների հարց է: Մի կուսակցության համար կարող է համապետական ընտրություններում 50 % հավաքելը կամ Երեւանի ավագանու ընտրություններում 70 % հավաքելը համարվել համեստ հաջողություն, իսկ մեկ այլ կուսակցության համար 5 կամ 7 % հավաքելը կարող է լինել ջախջախիչ հաղթանակ»: Շարմազանովը նշել է, որ եթե դաշինքն ուզում է ջախջախիչ արդյունքի հասնել, ապա ՏԻՄ ընտրությունները լավագույն հնարավորությունն են:

 




Լրահոս