ԵԱՏՄ-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼՆԵՐՆ ԱՆՊԱԿԱՍ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում երեկ անցկացված ԵԱՏՄ նիստն ուղեկցվեց սկանդալներով. ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները միմյանց հասցեին քննադատությունների ու մեղադրանքների տարափ հնչեցրին, ընդ որում՝ բացահայտ:

Նկատենք, որ երեկ տեւական ժամանակ չէր մեկնարկում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը: Չնայած նախատեսված էր նիստը սկսել ժամը 12-ին, սակայն ժամը 13.30-ի դրությամբ դեռ ԵԱՏՄ երկրների վարչապետները չէին ավարտել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստը: Պատճառը Ղազախստանի եւ Ղրղզստանի միջեւ վերջերս ծագած խնդիրներն էին. ղազախական կողմը սահմանին հատուկ ծառայությունների եւ սահմանապահների կողմից ուժեղացված ստուգումներ է իրականացնում, եւ դա հանգեցրել է երկու երկրների միջեւ լարվածության: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստում այս թեման դարձել է քննարկումների առարկա, եւ շատ արագ վերածվել Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետների միջեւ թեժ վիճաբանության: Այդ նիստին մասնակից մյուս երկրների պաշտոնյաներին, ի վերջո, հաջողվել է կրքերը հանդարտեցնել:
Արդեն ԵԱՏՄ խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետներն անդրադարձել են այս թեմային՝ կրկին միմյանց հասցեին մեղադրանքներ ուղղելով: Ղրղզստանի վարչապետ Սապար Իսակովը հայտարարել է. «Մենք չպետք է նեղ ազգային հետաքրքությունների հետեւից ընկնենք, նպատակը մեր ազգերի կայունությունն ու զարգացումն է: Մենք միայն միասնական կերպով կարող ենք զարգացման նոր մոդել որդեգրել»: Նա նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 10-ից ուժեղացվել են տրանսպորտային ստուգումները Ղրղզստանի եւ Ղազախստանի միջեւ սահմանում, ու հավելել. «Մենք այս առումով ապրանքների բեռնափոխադրման խնդիրներ ենք ունենում: Սա շատ մեծ դժգոհություն է առաջացնում մեր քաղաքացիների մոտ: Հույսով ենք, որ մեր գործընկերները մեզ ընդառաջ կգնան ու կօգնեն լուծել այս խնդիրները՝ համաձայն մեր պայմանագրերի»: Իսկ Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաեւն էլ նշել է, թե այդ խստացումները ուղղված չեն հատուկ Ղրղզստանի դեմ, եւ որ սահմանային հսկողության մեծացումը հետագա մաքսանենգությունը նվազեցնելու միտում ունի: «Բանն այն է, որ Չինաստանից Ղրղզստան տեղափոխվող բեռների ծավալների հետ խնդիր կա,- ասաց նա՝ պնդելով,-կա մեծ մաքսանենգության ռիսկ, ինչը հաստատեց սահմանային հսկողության խստացումը»:
Երեկ բանավեճ եղավ նաեւ Բելառուսի եւ ՌԴ-ի վարչապետների միջեւ: Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը դժգոհեց, որ ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկա ստեղծելու ժամկետները երկարաձգվում են, այն էլ՝ անընդունելի պատճառներով. «Մենք որոշել ենք այդ ժամկետը սահմանել 2025 թ-ին, սակայն այժմ խոսվում է դրա հետաձգման հնարավորության մասին, ինչն անընդունելի է: Պետք է նշեմ, որ նույն Եվրամիությունը սկսեց էլինտեգրացիան հենց էներգետիկայի հենքի վրա՝ ձեւավորելով ածխի եւ պողպատի միությունը»,- ասաց նա՝ շեշտելով, որ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման սահմանված ժամկետները պետք է պահպանել: ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւն էլ հակադարձեց, թե ԵԱՏՄ-ն «նավթի ու գազի» միություն չէ: Ըստ նրա, նավթի ու գազի նշանակությունը ԵԱՏՄ տնտեսություններում գնալով նվազում է. «Այժմ պետք է խոսել եկամուտներ գեներացնող այլ աղբյուրների մասին»,- հայտարարեց Մեդվեդեւը:
ԵԱՏՄ-ում առկա խնդիրներից անմասն չէր նաեւ Հայաստանը, միայն թե այդ ամենի մասին հայկական կողմը բարձրաձայնեց ոչ թե նիստում՝ վիճաբանելով, այլ ավելի մեղմ ձեւով, բայց եւ առաջին դեմքի մակարդակով: Սերժ Սարգսյանը երեկ ընդունել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին եւ ընդգծել, որ քաջածանոթ է նիստի օրակարգային հարցերին՝ կարեւորելով հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցը: Եւ Ս. Սարգսյանն ասել է, թե դա խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժին, եւ այդ ամենը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա:
Կարճ ասած, երեկ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ հարաբերությունները հեռու են ջերմ, բարեկամական համարվելուց: Ավելին՝ նրանց միջեւ չլուծված հարցերի պակաս չկա, եւ այդ երկրների պաշտոնյաները պատրաստ են ամեն քայլափոխի միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու եւ միմյանց անհարմար դրության մեջ դնելու հարցում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԼՈՂԱՎԱԶԱՆ
ՀՀ կառավարությունը կթույլատրի «Սեւան» մարզական հասարակական կազմակերպությանն ապամոնտաժել իրեն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Աշտարակի Երեւանյան փողոց N2/1 հասցեում գտնվող 2733.3 քմ, 4-րդ աստիճանի վթարային կիսակառույց շինությունը: Ի դեպ, հետագայում այդ տարածքում նոր մասնաշենք է կառուցվելու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ տարածքում լողավազան է կառուցվելու: Նշենք, որ կառավարության այս տարվա հունիսի 29-ի որոշմամբ նույն հասցեում գտնվող 4556.07 քմ մակերեսով կիսակառույց մարզադպրոցի շենք-շինությունները, հողամասը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Սեւան» մարզական հասարակական կազմակերպությանը` որպես մարզադպրոց օգտագործելու նպատակով: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Սեւան» մարզական ՀԿ-ի խորհրդի նախագահը ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Բազմասեր Առաքելյանն է, ով եւ մտադիր է այդ տարածքում լողավազան կառուցել: Մեր հարցին` ինչու է որոշել հենց լողավազան կառուցել, Բազմասեր Առաքելյանն ասաց. «Ես հեռախոսով ոչ մի ինֆորմացիայի պատասխան չեմ կարող տալ»:

 

 

 

06-ՈՎ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, երկար տարիներ լինելով մաքսային ոլորտի միջին պաշտոնյա, ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, արտադրական նշանակության մեկ շինություն, բազմաբնակարան շենքի բնակելի տարածք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որպես շարժական գույք երիտասարդ քաղաքապետը հայտարարագրել է ունեցած «Վազ 2106» ավտոմեքենան: Ունի ընդամենը 5 միլիոնի չափ դրամական միջոց, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրած աշխատավարձը` 1 մլն 271 հազար դրամ: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը քաղաքապետի պաշտոնում հայտնվեց անցած տարվա հոկտեմբերի 2-ին: Սիսիանցիների պատմելով՝ նա այդ նպատակով բավականին մեծ ծախսեր արեց: Ի դեպ, երեկ համացանցում տարածվել էր տեսագրություն, թե ինչպես Ա. Սարգսյանին ծննդյան օրը քաղաքապետարանի աշխատակիցները դիմավորել են նրա պատկերով շապիկներ հագած, նաեւ նրա նկարով պատվիրված կոնյակով շնորհավորել տարեդարձը: Երեկ համացանցում բավական ակտիվ շրջանառվում էր տեսանյութը, որն, ի դեպ, տեղադրված է եղել նախկինում քաղաքապետարանի կայքում, բայց հետո տեսանյութն անհետացավ:

 

 

ԱԿՑԻԱ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնելու տաքսու վարորդները՝ ընդդեմ լիցենզավորման նոր կարգի: Ինչպես հայտնի է՝ տաքսիստները տեւական ժամանակ է՝ ինչ հավաքվում են կառավարության, ԱԺ-ի դիմաց՝ ներկայացնելով իրենց բողոքը, սակայն փաստում են, որ հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Հիշեցնենք, որ տաքսու վարորդները բողոքում են, որ որոշ ընկերություններ տաքսի ծառայություն են մատուցում, սակայն գրանցված չեն եւ չեն վճարում նույն գումարները, ինչ մյուսները:

 

 

 

ԼԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ
Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, մինչ հարց կուղղեր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հիշեցրել է, որ գրեթե միշտ համապետական ընտրությունների ժամանակ շահարկվում է այն հարցը, որ զինվորները քվեարկությունների ժամանակ ուղղորդվում են սպաների կողմից: Ս. Բագրատյանը մեջբերել է օրենքի նախագծում տեղ գտած դրույթը, ըստ որի՝ զինծառայողն իրավունք չունի պաշտոնեական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, ապա հարցրել. «Արդյո՞ք կատարվում է համալիր միջոցառումների ներդրում՝ նման երեւույթներից բանակը զերծ պահելու համար»:
Նախարարը պատասխանել է, որ պատգամավորի հարցը լայն քաղաքական հարց է, որը ճիշտ կլիներ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցնել, քանի որ «քաղաքականություն իրականացնողը կառավարությունն է»: Վ. Սարգսյանը նշել է.«Միջոցներ ձեռնարկվում են. անցած ընտրությունների ժամանակ ունեցել ենք իրազեկման ծրագիր մի շարք միջազգային կառույցների հետ՝ զինվորական քվեարկության անաչառության հետ կապված»:
 

 

ԲԱՆԱԿ ՉԾԱՌԱՅԱԾՆԵՐԸ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւս հայտարարել է, թե նախագծով ծառայության համար բավական լայն այլընտրանք է առաջարկվում: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով Կ. Նահապետյանին, նկատել է, որ նա եւս պարտադիր զինվորական ծառայություն չի անցել. «Դուք փառապանծ կարիերա եք արել, անցել եք տարբեր պետական մարմիններով, շատ լուրջ պաշտոններ եք զբաղեցրել, եթե Ձեր ժամանակ չլիներ այն հնարավորությունը, որից Դուք օգտվել եք, կհասնեի՞ք այն բարձունքներին, որտեղ գտնվում եք»: Պատգամավորին հետաքրքիր էր նաեւ, թե Կ. Նահապետյանի համար անհարմար չէ՞ կենտրոնական ամբիոնի մոտ կանգնել եւ խոսել այս նախագծից: Կ. Նահապետյանը Մարուքյանին արձագանքել է, որ տարիների համատեղ աշխատանքը պետք է կասկած չհարուցեր խորհրդարանում իր աշխատանքի մասին, եւ նա որեւէ դիսկոմֆորտ չի զգում նախագիծը ներկայացնելիս: Մարուքյանը հստակեցրել է՝ ոչ թե վիճարկում է գործընկերոջ մասնագիտական ունակությունները եւ խորհրդարանական գործունեությունը, այլ թե որտե՞ղ է արդարությունը, երբ արտոնությունից օգտված անձը փորձում է մյուսներին զրկել նույն այդ արտոնությունից:

 

 

ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հերքել է, որ հաջորդ տարի ՀՅԴ-ին է տրվելու փոխվարչապետի հաստիք, որը զբաղեցնելու է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Սուտ է, ոչ մի նման խոսակցություն չկա»,- հայտարարել է Ա. Ռուստամյանը: Նա հրաժարվել է պատասխանել հարցին, որ եթե Դաշնակցությանը տրվի այդ պորտֆելը, ո՞վ կլինի իրենց թեկնածուն. «Եթե-ով հարցերին չեմ պատասխանում: Երբ որ գա ժամանակը, ամեն ինչ պարզ կլինի»,-պատասխանել է Ռուստամյանը:

 




Լրահոս