«ԻԲՐԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԽՈՍՈՒՄ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»: Այսպիսի հայտարարություն Սերժ Սարգսյանն արել է հոկտեմբերի 26-ին՝ ՀՀԿ-ի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասախոսությամբ հանդես գալու ժամանակ:

«Ես որեւէ դիրքորոշում չեմ ցանկանում հայտնաբերել, ուղղակի ուզում եմ տեսնել, թե քաղաքական դպրոցում սովորողների դիրքորոշումն ինչպիսին է այդ հարցում: Ես առաջարկում եմ բոլորիդ, կամ նրանց, ում այս հարցը հետաքրքրում է, մի հատ լավ նախապատրաստվեք, եւ մի օր հատուկ այս հարցով փորձենք բանավիճել, ճշմարտությունն ի հայտ բերել: Ես էլ խոստանում եմ անկեղծորեն իրավիճակը ներկայացնել, ոչինչ առանձնապես չթաքցնել»,- շարունակել է Սերժ Սարգսյանը:
Ղարաբաղյան խնդրին Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաեւ պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում դասախոսությամբ հանդես գալու ժամանակ՝ նշելով. «Կա՛մ բանակցում ենք, կա՛մ էլ կրակում»: Իր խոսքում Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որեւէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ: Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կա՛մ բանակցում ենք, կա՛մ էլ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք: Բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձեւավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որեւէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները»,- ասել է նա:
Ի վերջո, ի՞նչ ցավոտ լուծման մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է իշխող կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ ԳՄ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
-Պարո՛ն Վարդանյան, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասախոսությամբ հանդես գալու ժամանակ իր խոսքում նշել էր. «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»: Ի՞նչ ցավոտ լուծման մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը:
-Ցավոք, Հայաստանում չեմ եղել, նախագահի ելույթին մանրամասը չեմ հետեւել: Բայց մենք ունենք այսօր մի իրողություն, որտեղ մեր հարեւանը որեւէ փոխզիջման մասին խոսել չի ցանկանում: Բնականաբար, հայկական կողմը միշտ պատրաստ է եղել հարցը քննարկել խաղաղ բանակցություններով, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Որ, ի վերջո, այո՛, ցավոտ է լինելու, դա հանրապետության նախագահի նաեւ պարտականությունն է այդ մասին խոսել, ասել ժողովրդին: Բայց այսօր մենք գոնե իբրեւ Դաշնակցություն չենք խոսում որեւէ զիջման մասին, քանի դեռ ադրբեջանական կողմը որեւէ նախաձեռնություն, պատրաստակամություն չի հայտնել: Մենք այսօր պետք է պատրաստ լինենք ցանկացած լուծման՝ միշտ պատրաստ լինելով բանակցություններով խաղաղ կարգավորման, բայց հարեւանն այնպիսին է, որ նա ուղղակի հնարավորություն չի տալիս բանակցային եղանակով խնդիրը լուծել:
-Ի վերջո, ցավոտ լուծումը ո՞րն է: Մեկ տարածքի հանձնումը կարո՞ղ է այդպիսին համարվել:
-Ես կարծում եմ, որ նախագահը խոսում էր ավելի ընդհանուր, եւ բնական է, որ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան: Նույն Արցախի իշխանությունները խոսում են նաեւ այն տարածքների մասին, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ՝ Շահումյանի, մյուս տարածքների մասին: Բայց այսօր, քանի դեռ չկա կոնկրետ բանակցության թեմա, քանի դեռ խաղաղ կարգավորման փուլը չի երեւում, այն, ինչ անում է Ադրբեջանը, ապակառուցողական, եւ նա որեւէ տեղ չի թողնում խոսելու այդ փուլերի մասին: Դա է փաստը:
-Օրեր առաջ էլ Սերժ Սարգսյանը երկու տարբերակ էր առաջ քաշել՝ կա՛մ բանակցում ենք, կա՛մ կրակում ենք: Նրա դիրքորոշումներում փոփոխությո՞ւն է եղել:
-Իհարկե, երկու տարբերակ կա. կա՛մ կողմերը բանակցություններով փորձում են հարցը կարգավորել, կա՛մ, եթե բանակցություններ չկան, կրակոցներ են լինում, ինչ ադրբեջանական կողմը փաստորեն անընդհատ անում է: Այն, ինչ որ նախկինում ձեռք էր բերվել… տեսեք, նաեւ դրսեւորում է սա: Ադրբեջանական կողմը գնում է հանդիպումների, ասում, հայտարարում մի բան, անմիջապես երկրորդ օրն անում է դրան հակառակ հայտարարությունները եւ փաստորեն երկու դեմքով է հանդես գալիս: Սա է մեր ունեցած հարեւանը, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Իհարկե, փոփոխություններ չեն, բազմիցս հայտարարվել է այդ մասին, նոր բան չկա:

 

 

 

 

ԹԻՎ ՄԵԿ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ՝ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Երեկ խորհրդարանում մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Չնայած վերջինս իր խոսքում հույս հայտնեց, որ կառուցողական եւ բովանդակալից քննարկումներ կլինեն, սակայն երեկ խորհրդարանում տիրող իրավիճակը թերեւս հակառակի մասին էր խոսում:

Երկրի համար թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկմանը գլխավոր զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցեր ուղղեցին ընդամենը երեք պատգամավոր՝ ՀՀԿ խմբակցությունից Խոսրով Հարությունյանը եւ Միքայել Մելքումյանը, Գեւորգ Պետրոսյանը՝ «Ծառուկյան» դաշինքից: Շատ պատգամավորներ թեեւ ներկա էին, սակայն կա՛մ կեսից հեռացան, կա՛մ էլ առհասարակ ոչ մի հարց չհնչեցրին:
Ընդ որում, եթե ֆինանսների նախարարին գոնե հարցեր եղան, ապա ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ելույթից հետո առհասարակ հարցեր չհնչեցին, եւ դա մեկ պարզ պատճառով՝ սրահում պատգամավոր չկար: Թերեւս տեղին է հիշեցնել, որ այդ նույն պատգամավորները, ովքեր երեկ քննարկմանը լուռ էին կամ չէին ներկայացել, լիագումար նիստում բավականին ակտիվ կլինեն՝ իրենց PR-ի համար:
Ինչպես արդեն նշեցինք՝ բացման խոսքով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա ելույթի ժամանակ պատգամավորների քանակը ներկայացուցչական էր, ընդ որում, նույնիսկ ազատ նստատեղեր չկային: Սակայն դրանից հետո պատգամավորներից շատերը լքեցին դահլիճը: Չնայած ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը եւ «Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանն ու Գեւորգ Գորգիսյանը քննարկումը լքեցին՝ ԱԺ ճեպազրույցներին մասնակցելու համար, սակայն այդպես էլ քննարկմանը չվերադարձան: Դահլիճում՝ հետեւի շարքում էին նստած «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանն ու Լուիզա Սարգսյանը: Արդեն առաջին շարքերում էին Հակոբ Նազարյանը, Միքայել Մելքումյանն ու Գեւորգ Պետրոսյանը: ՀՀԿ-ականներն այնքան էլ մեծ թիվ չէին կազմում՝ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանն ու Հերմինե Նաղդալյանը, վերջինս նույնպես վարչապետի ելույթից հետո հեռացավ:
Այսօր եւս քննարկումները կշարունակվեն: Սակայն դատելով երեկվա փորձից՝ կարող ենք վստահ ասել, որ երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկումը էլի կանցնի կիսադատարկ դահլիճում:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՐԻ ՏԱՆ ԹԱԼԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀՀ գլխավոր դատախազությանը չհաջողվեց խստացնել գործարար Բարսեղ Բեգլարյանի տունը թալանած անձի պատիժը. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: 2016 թվականի հունիսին հրապարակվեց, որ գողություն էր կատարվել գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի առանձնատնից եւ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Զուրաբյանի տանից: Այս արարքի համար գողության մեջ մեղադրվողներից Նիկոլայ Հարությունյանը ազատազրկման էր դատապարտվել 6 ամիս ժամկետով, իսկ ահա Շահեն Գասպարյանը՝ 11 տարի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազ Խ. Երեմյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Շահեն Գասպարյանի պատիժը խստացվի, եւ նա ազատազրկման դատապարտվի 13 տարի ժամկետով: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրող դատախազի դիմումը:

 

 

 

«ՅՈՒՔՈՄ»-Ը ԿԳՐԱՎԱԴՐՎԻ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հոկտեմբերի 25-ին, իսկ «Յուքոմ» ընկերությունը` հոկտեմբերի 20-ին գրությամբ դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարությունն ու ընկերությունը պահանջել են ՀԾԿՀ-ից համաձայնություն տալ իրենց՝ «Յուքոմ»-ի բաժնեմասերը գրավադրելուն: Ըստ այդմ` ընկերության մասնակիցներ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությունը, Արամ, Արտյոմ, Գուրգեն Խաչատրյանները եւ Հայկ, Ալեքսանդր Եսայանները իրենց բաժնեմասերը կգրավադրեն «Էյչ-Էս-Բի-Սի բանկ»-ում, «Ամերիաբանկում», «Արդշինբանկում»:

 

 

 

ԱՆՓՈՐՁ Է, ԲԱՅՑ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջադրված 26-ամյա թեկնածու Առուշ Առուշանյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին զգալի ունեցվածք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, թե ունի արտադրական նշանակության մեկ շինություն, մեկ բնակարան եւ երկու հատ՝ «Volkswagen Phaeton 4.2», «BMW X6 5.01» մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ Առուշանյանի դրամական միջոցները կազմում են 312.5 մլն դրամ, 420 հազար դոլար եւ 122 հազար եվրո: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառության չափը կազմել է 86 մլն 860 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրված աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 520 հազար դրամ: Նշենք, որ Առուշ Առուշանյանը համայնքը ժամանակավոր կղեկավարի մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 5-ը` տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը:

 




Լրահոս