Գեղարքունիքի մարզպետարանից ArmLur.am-ին հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կատարել Ճամբարակ համայնք, որտեղ համայնքի ավագանուն և աշխատակազմին ներկայացրել է խոշորացված Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին։
Շնորհավորելով համայնքի նորընտիր ղեկավարին՝ Կարեն Բոթոյանը նշել է, որ նախկինում կատարված աշխատանքները բարենպաստ պայմաններ են ստեղծել սեղմ ժամկետներում Ճամբարակում տեսանելի դրական փոփոխություններ արձանագրելու համար, մարզպետը մասնավորապես խոսել է համայնքում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, հավաքագրումների ցուցանիշների բարելավման և զարգացման իրատեսական ծրագրի կազմման ու այն քայլ առ քայլ կյանքի կոչելու մասին։
Մարզպետը հավելել է, որ Ճամբարակն ունի զարգանալու և օրինակելի համայնք դառնալու բոլոր նախադրյալները` մատնանշելով հարկային արտոնությունների և երիտասարդ համայնքի ղեկավար ունենալու փաստերը, այս գործոնները, ըստ Կարեն Բոթոյանի տալիս են լավատես լինելու բոլոր հիմքերը։
Պատասխան խոսքում համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Բոթոյանին այցի համար և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում ճամբարակցիներն ունենալու են իրենց երազանքների համայնքը, որն օրինակելի կլինի ողջ հանրապետությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ հարցեր։
Հ.Գ. Հիշեցնենք` Ճամբարակում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը չի ընտրվել, նա հավաքել է 1424 ձայն:
Փոխարենը ընտրվել է ընտրակեղծարար Վազգեն Ադամյանը: Բայց չնայած սրան` Ադամյանին քաղաքապետ «ընտրեցին» 4349 ճամբարակցի: Ի դեպ, նա քաղաքապետ դարձավ իր ընկերների շնորհիվ, ովքեր ո՛չ գումար, ո՛չ էլ ջանք ու եռանդ չխնայեցին դրա համար: Խոսքը այն ընկերների մասին է, որոնք ժամանակին Ավալյանի համար են «դոշ տվել»: