Ջուրն, այնուամենայնիվ, կթանկանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է քննակել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող խմելու ջրի եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները բարձրացնելու հարցը:

Ըստ այդմ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համապատասխան որոշման արդեն իսկ մշակված նախագծով խմելու ջրի եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները ընդհանուր կկազմի 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ներկայումս այդ սակագինը կազմում է 180 դրամ:

Մասնավորապս միայն խմելու ջրի մատակարարման սակագինը գործող 153 դրամի փոխարեն դառնալու է 162,7 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Իսկ խորանարդ մետր ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունը գործող սակագնով 27 դրամ է, նոր սակագնի ուժի մեջ մտնելուց հետո այն կդառնա 28,7 դրամ:
Նոր սակագները նախատեսվում են կիրառության մեջ դնել եկող տարվա հունվարի 1-ից: Վերջին երկու ամիսներին առանց այդ էլ Հայաստանում լայն սպառման ապրանքները սկսել են թանկանալ:

Ավելի մեծ եւ լայնածավալ թանկացումների մի ալիք էլ սպասվում է եկող տարեսկզբից, երբ կիրառության մեջ կմտնի նոր Հարկային օրենսգիրքը, ինչպես նաեւ շուրջ 800 անուն ապրանքների՝ երրորդ երկրներից ներկրումների մաքսատուրքերը կհավասարեցվեն ԵԱՏՄ դրույքաչափերին: Այսինքն՝ Հայաստանի սպառողն այլեւս պարտադրված կլինի կա՛մ միայն ռուսական անորակ ապրանք սպառել, կա՛մ էլ մի քանի անգամ ավել վճարել, քան նախկինում:

Այս հեռանկարը հաշվի առնելով՝ մինչ այս չէր բացառվում, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կփորձի «Վեոլիա Ջուր» ընկերությանը համոզել, որպեսզի այս փուլում հրաժարվեն ջրի սակագինը բարձրացնելուց: Սակայն, ինչպես տեսնում ենք, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իր սովորության համաձայն, չի համարձակվում տնտեսավարողին մերժել:

Վ.Հ.




Լրահոս