Գյուղացիների հողի և ջրի հարկը կփոխհատուցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը մարզպետարաններին առաջիկայում կհատկացնի ավելի քան 510 մլն դրամ` կարկտահարությունից, ցրտահարությունից տուժած գյուղացիների հողի եւ ոռոգման ջրի պարտքերը մարելու նպատակով: Տեղեկացնենք, որ այս տարվա ընթացքում ՀՀ մարզերում տարերային աղետներից` կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից, տուժել են շուրջ 75 համայնքների 10 հազար 400 բնակիչներ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած գյուղացիների վնասված տարածքների հողի հարկի պարտքը կազմում է 104 մլն 669 հազար 500 դրամ: Օրինակ՝ Արագածոտնի մարզպետարանին տրամադրվելու է 20 մլն 120 հազար դրամ, Արարատի մարզպետարանին` 32 հազար դրամ, Արմավիրին` 41 մլն 485 հազար դրամ, Գեղարքունիքին` 432 հազար դրամ, Լոռիին` 12 մլն 11 հազար դրամ, Շիրակին` 9 մլն 942 հազար դրամ, Սյունքին` 18 մլն 681 հազար դրամ, Վայոց Ձորին` 559 հազար 500 դրամ, Տավուշին` 1 մլն 305 հազար դրամ:

Իսկ ահա տարերային աղետներից տուժած համայնքների հողօգտագործողների կողմից այս տարվա օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով գործադիրը հատկացնելու է 405 մլն 590 հազար դրամ: Նշված գումարից միայն 156 մլն 768 հազար դրամը կտրամադրվի Արագածոտնի մարզպետարանին, որն էլ իր հերթին կվճարի «Արագածոտն» եւ «Թալին» ջրօգտագործող ընկերություններին: Ի դեպ, գյուղացիները «Արագածոտն» ՋՕԸ-ին պարտք են մոտ 15.5 մլն դրամ, իսկ «Թալին»-ին` 141 մլն դրամ: Հատկացվող գումարի առյուծ բաժինը տրվելու է Արմավիրի մարզպետարանին` 230 մլն 352 հազար դրամի չափով: Բանն այն է, որ հողօգտագործողները «Արմավիր» ՋՕԸ-ին պարտք են 215 մլն դրամ, «Թալին»-ին` 12 մլն 130 հազար դրամ, իսկ «Շենիկ»-ին` մոտ 3 մլն դրամ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռու մարզպետարանը «Լոռի» ՋՕԸ-ին վճարելու է 2 մլն 335 հազար դրամ, Սյունիքի մարզպետարանը «Սյունիք» ՋՕԸ-ին` մոտ 14.5 մլն դրամ, իսկ Տավուշի մարզպետարանը` «Տավուշ» ՋՕԸ-ին` 1 մլն 664 հազար դրամ: Հուսանք՝ այս ֆինանսական հատկացումը կծառայի նպատակին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս