ԱԻՆ-ի զգուշացումը ջեռուցման շրջանին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

Ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում կամ դրանցից շեղում` լի է անուղղելի հետևանքներով:

Էլեկտրատնտեսության անսարքություններից և զանազան էլեկտրաջեռուցիչ սարքերի սխալ շահագործումից առաջացած հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել էլեկտրատեխնիկական և հակահրդեհային մի շարք կանոններ.
• էլեկտրացանցը պետք է մոնտաժեն միայն մասնագետները,
• արգելվում է ժամանակավոր էլեկտրահաղորդագծերի անցկացումը, ինչպես նաև՝ հաղորդալարերը մեխերով ամրացնելը,
• հաղորդալարերի միացումները պետք է կատարել տաք զոդման միջոցով կամ հատուկ սեղմիչների օգնությամբ, իսկ լարերի բաց հատվածները փաթաթել մեկուսիչ ժապավենով,
• էլեկտրական ցանցը պետք է ապահովված լինի գործարանային ապահովիչներով,
• խստորեն արգելվում է ինքնաշեն ապահովիչների և այլ պարագաների օգտագործումը,
• չի թույլատրվում էլեկտրական ցանցին միացնել նորմայից շատ էլեկտրասպառիչներ,
• էլեկտրական տաքացման սարքերը պետք է տեղադրել չայրվող հիմքի վրա, իրերից և առարկաներից առնվազն 1 մ հեռավորության վրա:

Կարևոր են նաև հրդեհային անվտանգության կանոնները պահպանել թիթեղյա վառարանների հետ առնչվելիս:

Արգելվում է՝
• վառարանը տեղադրել ելքի-մուտքի ուղիներում և թողնել առանց հսկողության,
• վառարանի գործարկման համար օգտագործել բենզին և այլ դյուրավառ հեղուկներ,
• բնակելի շենքերում ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները,
• վառարանի գործարկումն առանց 3 սմ հաստության ավազի շերտով լցված մետաղական տակդիրի, որը վառարանի առջևի կողմից պետք է դուրս գա 50 սմ, իսկ կողքերից` 25 սմ: Վառարանի ոտքերը պետք է հատակից բարձր լինեն 25 սմ-ից ոչ պակաս,
• վառարանի վրա, դրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ և այլ վառողունակ իրեր ու նյութեր,
• գործող վառարանը թողնել առանց հսկողության կամ դրանց հսկողությունը վստահել երեխաներին:

Կենցաղում զանազան գազասարքերից բռնկված հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են անզգուշության և հրդեհային անվտանգության կանոնների անտեսման հետևանքով: Շատ հաճախ պայթյունի և հրդեհի պատճառ է հանդիսանում գազատար խողովակների կցամիացումների, կարգավորիչ փականների և այլ հանգույցների անհերմետիկությունը: Հետևանքը լինում է այն, որ գազի արտահոսքի դեպքում գազաօդային խառնուրդի որոշակի հարաբերակցության պայմաններում, ջերմային աղբյուրի ազդեցությունից տեղի է ունենում ակնթարթային բռնկում, որն էլ, որպես կանոն, ուղեկցվում է պայթյունով կամ հրդեհով:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ զանազան էլեկտրաջեռուցիչ սարքավորումների, գազասարքերի և վառարանների ոչ ճիշտ օգտագործումը, դրանց հետ անփույթ, անպատասխանատու վարվելն ու հրդեհային անվտանգության կանոնների ամենաաննշան խախտումն անգամ բավական են, որ կորցնեք նյութական արժեքներ, պատճառ դառնաք մարդկանց խեղանդամության կամ մահվան:




Լրահոս