Ամանորը նշելու մշակույթը Հայաստանում և Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մարդիկ մեկ ամբողջ տարի միայն աշխատում են և հաց չեն ուտում անհամբեր սպասելով Նոր տարվան, որ մի կուշտ ուտեն մինչև հաջորդ տարի: Ինչու՞ է Հայաստանում Ամանորին շեշտը դրվում ուտելու վրա, և ինչպես են նշում Ամանորը եվրոպական երկրները: Իսկ մենք արդեն Եվրամիության անդամ ենք և ամեն կերպ փորձում ենք ինտեգրվել եվրոպական հասարակությանը: Եթե ունենք տնային առաջադրանք, ապա փորձենք նաև ամանորը անցկացնել եվրոպավայել և ոչ թե միայն ուտել խմելով: 2017 թվականի հունվարի 1-ից 11-ը գրանցել է շտապօգնության 7 հազար 544 կանչ:

Գերմանիայում հենց որ սլաքները կեսգիշերն ազդարարում են, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում»: Ոչ թե ցատկում դուրս, որ հասցնեն իրականացնել այցելությունների շքերթը:
Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը:

Համարվում է, որ եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի: Դե հասկանում ենք, որ մեզ մոտ դեն նետելուց հետո դժվարությամբ ենք ինչ-որ բաներ ձեռք բերում, բայց կարելի է փորձել, մի գուցե տարին այդ կերպ սկսելուց հոտո իսկապես ստացվի փոխել կյանքն ու ապրելակերպը:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12 հատիկ: Ոչ թե, խոզի բդի կեսը, «Օլիվյե» աղցանի մեկ լիքը աման, մի քանի շիշ ոգելից խմիչք և գազավորված հեղուկներ, մի քանի հատ բլինչիկ ու տոլմա:

Ըստ ավանդույթի՝ անգլիացիները զանգի ղողանջներից առաջ բացում են տան ետնամասի դռները, իսկ հետո բացում մուտքի դռները, որպեսզի դիմավորեն Նոր տարին: Ամանորյա ամենահայտնի ավանդույթն այս երկրում առաջին հյուրի ավանդույթն է: Տարին հաջող կլինի այն բանից հետո, երբ կազդարարվի Նոր տարվա սկիզբը, տուն կմտնի մի երիտասարդ՝ մուգ մազերով: Անգլիայում հյուրը պետք է տուն բերի հաց, ածուխ, աղ, որոնք խորհրդանշում են բարեկեցություն, ջերմություն: Իսկ մեզ մոտ բերում են մեկ շիշ ոգելից խմիչք, մեկ տուփ բոնբոներկա: Իսկ թե ի՞նչ խորհուրդ ունի դա, ոչ ոք չգիտի:

Տոնական գիշերը հունգարացիներն աղմկում են և ուրախանում փողոցներում, որոնք զարդարված են բազմազան զարդարանքներով, լույսերով: Ամանորը Հունգարիայում հիմնականում անց է կացվում երաժշտության ուղեկցությամբ:

Հունգարացիները հավատում են, որ երաժշտության ելևէջները ունակ են հեռացնել չար ոգիներին: Այդ իսկ պատճառով նրանք ամանորյա գիշերը ողջ ուժով նվագում ու երգում են: Ավելի լավ է ողջ ուժով երգել և նվագել, քան ուտել և խմել, հետո դիմել շտապ օգնությանը:

Շոտլանդիայում էլ կարծում են, թե ով Ամանորին առաջինը մտնի իրենց տուն, նրանից է գալու տարվա հաջողությունը: Այստեղ վառում են բուխարու կրակը եւ ուղիղ կեսգիշերին ընտանիքով հավաքվում շուրջը: Իսկ մեզ մոտ ընտանիքով, բարեկամներով, ընկերներով հավաքվում են սեղանի շուրջ և չխնայելով սեփական ստամոքսը ուտում ու էլի ուտում:

Իհարկե, Ամանորը նշելու յուրահատուկ տարբերակներ կան. կարևորն այն է, որ այս տարի շտապօգնության կանչերը պակասեն:




Լրահոս