2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականը աչքի ընկավ աղմկալի սպանություններով: Ցավոք, շատ մարդիկ չսպասելով կամ ըստ էության չհավատալով արդարադատության` սեփական միջոցներով ինքնադատաստան տեսան թշնամիների հետ:

Քրեական հեղինակությունների արյունալի բախումը
2017 թվականի մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի: Նրանք Դոն Պիպոյի տան մոտ բնակարան էին վարձակալել եւ նախապատրաստվել սպանության:
Իսկ ո՞վ կարող էր ցանկանալ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի մահը: Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ սպանության նախապատրաստության հետեւում կանգնած է օրենքով գող Արտյոմ Հարությունյանը` Արտյոմ Կանեւսկոն:
Աղմկահարույց այս դեպքից անցել է 7 ամիս, սակայն մինչ օրս իրավապահները անգամ պաշտոնապես հարցաքննության չեն կանչել Արտյոմ Հարությունյանին, իսկ գործով կալանավորվածներն ուղղակի հրաժարվում են ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ աղմկահարույց այս գործը քննվում է ԱԱԾ-ում: Միայն հայտնի է, որ Դոն Պիպոն, պահելով պետական օղակների հետ հարաբերությունների սուբորդինացիան, իր կողմից բացահայտված հանցախմբին հանձնեց իրավապահներին եւ ի՞նչ: Ոչ մի արդյունք: Նախաքննություն է ընթանում՝ գաղտնիությամբ պարուրված:

Վենդետան չուշացավ
Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի սպանության անհաջող փորձից 4 ամիս անց՝ սեպտեմբերի 12-ին, Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցում եռակողմ անկանոն կրակահերթի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի մտերիմները՝ Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը:
Արդեն 4 ամիսը կլրանա, բայց այս գործով նախաքննությունը եւս տեղում դոփում է: Այս գործով էլ ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն են զբաղվում, ու դարձյալ ոչ մի արդյունք:
Իհարկե, տարբեր վարկածներ շրջանառվեցին, որ Էջմիածնում հայտնի Տուպիկ Կարենը` Կարեն Դավթյանը, սպանվել է մեկ այլ հեղինակություն Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի դեմ ծրագրված սպանության փորձի համար:
Այս գործը եւս, թերեւ, կդասվի չբացահայտված սպանությունների շարքին:

Անհետացած խորհրդականն ու կացնահարումը
2017 թվականի հուլիսի 23-ին անհետացել էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդականը՝ Մանուկ Սիմոնյանը: Եւ մինչ նրա մտերիմներն ու ազգականները փնտրում էին նրան, պարզվեց, որ մարզպետի խորհրդականի անհետացման հետեւում սահմռկեցուցիչ պատմություն էր թաքնված:
Հուլիսի 25-ին Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, կապկպված հայտնաբերվեց սպանված խորհրդականի դին: Սպանությունը կատարելու համար ձերբակալվեցին մարզպետի կինը եւ որդին, սակայն ավելի ուշ որդուն ազատ արձակեցին: Հրապարակվեց, որ Մանուկ Սիմոնյանը կացնահարվել է, երբ քնած է եղել: Իսկ ինչո՞ւ պետք է կինը գնար այդ քայլին:
Ըստ նրա հարազատների` Ռուզաննա Մկրտչյանը տարիներ շարունակ ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից եւ վերջին անգամ բռնության ենթարկվելուց հետո ստիպված է եղել սպանել նրան: Այսօր բանտում գտնվող տիկնոջը սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

Վրեժ` հանուն հոր. երկու մահ
2017 թվականի հուլիսի 30-ին Սեւանի «Միրաժ» հանգստյան գոտում վիճաբանություն էր եղել նավը վարող Աշոտ Հովհաննիսյանի եւ «Միրաժ» հանգստյան գոտում հանգիստը վայելող, Արգավանդ համայնքի բնակիչ Դավիթ Առաքելյանի միջեւ: Վեճը արագ վերածվել էր ծեծկռտուքի, որի արդյունքում մահացավ Աշոտ Հովհաննիսյանը: Վերջինիս որդին՝ Էդգար Հովհաննիսյանն էլ, իմանալով հոր սպանության մասին, շտապել էր վրեժը լուծել եւ հենց Երեւան-Սեւան ճանապարհին սպանեց Դավիթ Առաքելյանին: Ասել է, թե երիտասարդ տղան չսպասեց արդարադատությանը, այլ սեփական ձեռքերով գնաց ինքնադատաստանի:

Սպանություն հոգեհանգստի վայրում
Ինքնադատաստանի մյուս դրսեւորումը եղավ 2017 թվականի օոգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում: Արմավիր քաղաքի բնակիչ Թելման Քալաշյանը գնացել էր Շամիրամ գյուղի հոգեհացի տուն, կրակոցներ արձակել, ինչի արդյունքում 4 մարդ սպանվեց: Այս աղմկահարույց սպանության պատճառն էլ տարիներ շարունակ եղած պարտք ու պահանջի թեման էր: Պարզվեց, որ Թելման Քալաշյանը տեւական ժամանակ բիզնեսի մեջ է եղել սպանված անձանց հետ եւ պահանջել իր գումարը, սակայն նրան ծաղրուծանակի են ենթարկել՝ պարտքը վերադարձնելու փոխարեն: Վերջինս էլ որոշել է հաշվեհարդար տեսնել` գնալ գերեզմանատուն եւ կրակել հավաքված մարդկանց վրա:

Ընկերուհուն պատանդ էր վերցրել
2017 թվականը աչքի ընկավ նաեւ պատանդառության դրսեւորումներով: Օգոստոսի 29-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում Գոռ Հակոբյանը պատանդ էր վերցրել իր ընկերուհուն եւ պահանջներ էր ներկայացնում ոստիկանությանը:
Ուժային այս կառույցը ստիպված եղավ վնասազերծել պատանդառուին դիպուկահար կրակոցով: Իսկ երբ հիվանդանոց հասցրին, արդեն մահացած էր:
Նկատենք, որ այս դեպքի դրդապատճառները եւս առեղծված մնացին. ի վերջո, երիտասարդ տղան ինչո՞ւ էր գնացել այդ քայլին, ի՞նչ պահանջներ էր ներկայացնում ոստիկանությանը եւ այլն: Ի դեպ, պատանդառուի ընկերուհին նախկինում թմրանյութ օգտագործելու համար դատապարտվել էր:

«Մանուշակ» մանկապարտեզը
Հոկտեմբերի 30-ին էլ գրանցվեց պատանդառության առավել դաժան մի դեպք: Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն իր նախկին կնոջ` Լիլիթ Հովհաննիսյանի հետ խնդիրներ էր ունեցել եւ այդ պատճառով ներխուժել էր կնոջ տատիկի ղեկավարությամբ գործող Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզ եւ պահանջել կնոջը: Այդ քայլին նա գնացել էր՝ իմանալով, որ իրենից բաժանված Լիլիթ Հովհաննիսյանը վաղաժամ ազատվել է երեխայից: Զայրացած ամուսինը դանակով հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջը, մանկապարտեզի տնօրենին եւ, չգիտես ինչու, պատանդ վերցրել երեք տարեկան անմեղ երեխային:
Շուրջ 4 ժամ մանկապարտեզի փոքրիկը Արգամ Հովիկյանի ձեռքում էր, ոստիկանությունը բանակցում էր նրա հետ, որպեսզի ազատ թողներ երեխային: Ի վերջո, հաջողվեց անվնաս փրկել երեխային:

Վերնիսաժը կրկին կրակոցների կիզակետում
Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի այգում կրակոցներ հնչեցին: Արդյունքում սպանվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսինյանը, իսկ ահա քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:
Այս սպանությունն ու սպանության փորձը եւս տարիների արմատներ ունեին: Հայտնի է, որ Ալավերդի քաղաքում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում: Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը` նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 2015-ի սեպտեմբերին` Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը` Արթուր Աբգարյանն էին: Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո «ռազբորկաներից» մեկի ժամանակ Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին` Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց:
Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանն էլ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը` Կամո Փիրուզյանին:
Եւ ահա 2017-ի սեպտեմբերին կրակեցին Վահագնի ուղղությամբ, բայց սպանվեց թիկնապահը:
Սպանությունը կատարել էին Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Ռաֆիկ Խաչատրյանը: Բայց մինչ օրս կալանավորված է միայն Ռաֆիկ Խաչատրյանը, իսկ ահա մյուս երկու անձինք գտնվում են Վրաստանի Հանրապետությունում: Նրանց գտել են, բայց դեռ չեն տեղափոխել Հայաստան:
Այսպիսով` դատելով դեպքերի շարժառիթներից` սխալված չենք լինի, եթե նշենք, որ կատարված հանցադեպերը նախկինում չկանխված միջադեպերի հետեւանքն են: Եթե նախկին դեպքերը խորությամբ բացահայտվեին եւ պատժվեին, նոր հանցագործություններ չէին լինի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

10 ՏԱՐՈՒՄ՝ 505 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
«Գեոպրոմայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով եւ երեխաներին նվերներ մատուցելով:
Ամանորի տոնակատարության շրջանակներում Ընկերությունը տոնական ներկայացումներ կազմակերպեց Գեղարքունիքի, Արարատի եւ Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը: Միջոցառումների շարքում ներկայացվեց մանկական երաժշտական ներկայացում «Ամանորյա արկածները անտառում», ինչպես նաեւ «Շտապիր նվիրել բարություն» ակցիան: Վերջինիս մասնակցեցին «Գեոպրոմայնինգ»-ի հայաստանյան ընկերությունների աշխատողների երեխաները` ընկերական հանդիպումներ անցկացնելով հաշմանդամ երերխաների հետ, միասին նշելով նոր տարին Ձմեռ պապի հետ եւ նրանց նվերներ մատուցելով: Ընդհանուր առմամբ ընկերությունը ամանորյա նվերներ հատկացրեց նշված մարզերի 2700 երեխաների:
«Ամանորյա տոների լայնամասշտաբ տոնակատարությունները «Գեոպրոմայնինգ»-ի համար բազմամյա բարի ավանդույթ են դարձել: Ամեն տարի Ընկերությունը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ միջոցառումներ է կազմակերպում Վարդենիս, Արարատ, Ագարակ, Մեղրի քաղաքներում եւ Արարատ գյուղում: Մենք կարեւոր ենք համարում երեխաներին նվիրել թեմատիկ եւ նպատակաուղղված նվերներ, որոնք կնպաստեն աճող սերնդի զարգացմանը: Մենք ընտրում ենք ինտելեկտուալ խաղեր: Արդեն երկար տարիներ առաջատար հրատարակչությունների հետ մշակում ենք գիտա-հանրամատչելի գրքեր, կազմակերպում արտասահմանյան դասական գրողների, ուսուցողական գրականության թարգմանություններ, որոնք էլ նվիրում ենք երեխաներին»,- նշեց «Գեոպրոմայնինգ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է` մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով, որը հիմնադրվել է 2001 թվականին: «Գեոպրոմայնինգ»-ը արտադրում է ոսկի «Դորե» համաձուլվածքի տեսքով եւ պղնձի, մոլիբդենի եւ սյուրմայի խտանյութեր:
Հայաստանում «Գեոպրոմայնինգ»-ին պատկանում են երկու ձեռնարկություններ` «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը» եւ «ԳՊՄ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքը եւ Արարատի ոսկու ձուլման գործարանը:
Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները վերջին 10 տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, գերազանցում են 505մլն ԱՄՆ դոլարը:




Լրահոս