Լոռու մարզի ակտիվացած սողանքային գոտում մեկնարկում են հորատման աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մեկնեց Լոռու մարզի Թումանյան համայնք՝ հետևելու այնտեղ առկա ակտիվացած սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքներին:

Շարունակվում են տեղամասում ջրի ելքերի դիտարկման աշխատանքները: Սողանքային լանջի կայունացման համար որոշում է կայացվել հեռացնել գրունտային ջրերը հորիզոնական հորատման միջոցով: Հորատման կետերը որոշվել են ինժեներաերկրաբանական հետազոտության միջոցով: Տեղում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ հորատման տեխնիկան տեղ հասցնելու ուղղությամբ:

ԱԻ նախարարի հրամանով՝ տեղում ծավալված շտաբում նախարարն անցկացրեց սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքների հետագա կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, «Վեոլիա ջուր», «Հարավկովկասյան երկաթուղի» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սողանքային մարմնի կայունացմանն ու հետագա տարածման ռիսկերի չեզոքացմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունը շարունակում է տեղում աշխատել շուրջօրյա հերթապահության ռեժիմով:

Հիշեցնենք, որ Թումանյան համայնքում օրերս ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել և վտանգավոր իրավիճակ էր ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար:




Լրահոս