«ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՉԵՐ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ «Ելք» դաշինքի երկրորդ հանրահավաք-երթը, որը կրկին կրում էր «Ոչ թանկացումներին» խորագիրը: Հավաքի սկզբում ելույթ ունենալով` դաշինքի անդամները երթով շրջեցին Երեւանի փողոցներով, ապա վերադառնալով` ամփոփեցին արդյունքները: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, թե նախաձեռնել են փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում» եւ այդ նպատակով այսօրվանից կսկսեն ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու առաջարկությամբ: Թե որքանով շարունակական կլինեն ակցիաները, Նիկոլ Փաշինյանը դեռ չշարունակեց մանրամասնել:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին:
-Տիկի՛ն Թանդիլյան, այսօր ստորագրահավաք եք սկսում «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու համար արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Ի՞նչ է ընկած օրենսգրքի փոփոխությունների հիմքում:
-Նախեւառաջ խոսենք այն մասին, որ արտահերթ հրավիրելու անհրաժեշտություն կա: Այսինքն՝ առաջին քայլով պետք է հավաքեք ստորագրություններ, որոնց միջոցով կկարողանանք իրողություն դարձնել արտահերթ նիստը, որում կքննարկվի այն օրենսգիրքը, որը մենք առաջարկում ենք: Ըստ էության մենք առաջարկում ենք վերադառնալ ակցիային հարկի նախկին դրույքաչափերին եւ դիզվառելիքի վրա ակցիզային հարկը վերացնել, որը նորություն է: Ըստ էության, մենք առաջարկում ենք հետ գալ նախկին գործող դրույքաչափերին: Մենք իրականում այս առաջարկների մասին խոսել ենք այլ պատգամավորների հետ, նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից, ովքեր կողմ են արտահայտվել այս նախագծին, եւ սա նաեւ իրենց առաջարկությունների մեջ է ներառված:
-Ստացվում է՝ ակնկալո՞ւմ եք նաեւ իրենց աջակցությունը:
-Ակնկալում ենք, որ անպայման նրանք պետք է միանան, որովհետեւ այլ բացատրություն չկա: Արտահերթ նիստի անցկացման համար անհրաժեշտ է նրանց ստորագրությունը:
-Խորհրդարանում կազմակերպված լսումներից հետո իշխանությունները նշեցին, թե երկու քայլ կատարվել է: Դրանք Ձեզ չեն գոհացնո՞ւմ:
-Սուբսիդիան արդեն նշանակում է, որ այլ հարկերի միջոցով մենք նվազեցնում ենք ազդեցությունը, բայց ոչ պատճառը: Սուբսիդիան եւս հարկատուների հաշվին է կատարվում: Իսկ դիզվառելիքի հետ կապված մենք ամեն օր տեսնում ենք վառելիքի գների թանկացում, կան լուրեր, որ ավելի են թանկանում: Տեղային լուծումներով նրանք ցանկանում են մեղմել ազդեցությունը, ինչպես եւ հրահանգել էր Սերժ Սարգսյանը: Մենք առաջարկում ենք արմատական լուծում, որի ազդեցությունը կլինի շարունակական:
-Դուք նշեցիք, թե ստորագրահավաքի հարցում ակնկալում ենք «Ծառուկյան» խմբակցության աջակցությունը: Սակայն նույն Ձեր հանրահավաքների ժամանակ այլ ուժերի չենք տեսնում: Դա Ձեզ չի՞ մտահոգում: Ինչո՞ւ այլ ուժեր Ձեր կողքին չեն:
-Գիտեք՝ միշտ կարելի է պատճառաբանել, թե մենք չենք հրավիրում: Իրականում մենք ստեղծել ենք հնարավորություն յուրաքանչյուրին միանալու: Նրանք էլ են հանդիսանում ՀՀ քաղաքացի: Որեւէ մեկին պաշտոնական հրավերի մասին խոսք չկա, մենք ուղղակի նախաձեռնող ենք: Նրանք կարող էին նախաձեռնողականություն ցուցաբերել եւ միանալ, ոչ ոք չի արգելում: Իրականում ես կարծում եմ, որ դրանք պատճառաբանություններ են, եւ մեր ժողովուրդն էլ հոգնել է տարբեր տեսակի պատճառաբանություններից: Մենք ուղղակի փորձել ենք անել ամեն ինչ, որ ստեղծենք տարբեր տեսակի հարթակ եւ հնարավորություն՝ քաղաքացիներին մասնակից դառնալու, ինչն էլ անում ենք:
-Բայց արդյո՞ք «Ոչ թանկացումներին» խորագիրը հենց այն է, որը կմիավորի թե՛ քաղաքացիներին, թե՛ քաղաքական ուժերին: Քաղաքականի կվերածվի՞ Ձեր ակցիան:
-Նախ այս խորագիրն իրականում տնտեսական քաղաքականության մասին է եւ այսպիսով քաղաքական է: Եվ այս հանգամանքի հետեւում կանգնած ուժերը, ովքեր կողմ են քվեարկել հարկային օրենսգրքին, պատասխանատու են սրա համար: Ընդդիմախոսներն ասում են` իշխանափոխության հրավեր չկա, մենք տեսնում ենք նաեւ մարդկանց տրամադրվածությունը, տեսնում ենք առօրեական, թե ինչպես է արձագանքում ժողովուրդը: Եթե այդ ընդդիմախոսները կարծում են, որ այդ օրակարգով հնարավոր է համախմբել, ես առաջարկում եմ նրանց նախաձեռնել, մենք էլ մեր հերթին կմիանանք: Պատճառաբանություն չմիանալու միշտ կա:
-Այսինքն՝ քաղաքական բնույթ չի՞ ստանալու Ձեր նախաձեռնությունը:
-Սրանք քաղաքական կոչեր են: Տարբեր ակցիաները՝ հարյուր դրամի ակցիան, «Դեմ եմ»-ը, քաղաքական ակցիաներ են եղել, եւ սա նույնպես:

 

 

 

ՏՈՒՐԻԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Վարչապետ նշանակվելու հենց առաջին օրվանից Կարեն Կարապետյանը հայտարարեց ներդրումների խրախուսման մասին՝ ասելով, թե բոլորն ազատ են` Հայաստանում բիզնես-գործունեություն սկսելու համար, եւ խոչընդոտներ չեն կարող լինել: Վերջերս էլ Կարեն Կարապետյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում ամենատարբեր մակարդակի հանդիպումներում կրկին Հայաստանում բիզնես գործունեություն սկսելու կոչեր է արել: Սակայն, ի վերջո, որքանո՞վ են սփյուռքահայ գործարարները հետաքրքրված Հայաստանում կամ ինչ խնդիրների են հանդիպում այստեղ գործունեություն ծավալելուց: Իշխանությունները նաեւ որդեգրել են Հայաստանում զբոսաշրջության քաղաքականության զարգացում:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է շվեյցարահայ գործարար Արա Խուրշուդյանը, ով Շվեյցարիայում տուրիստական բիզնեսով զբաղվելուց հետո այժմ գրասենյակներ ունի նաեւ Հայաստանում:
-Պարո՛ն Խուրշուդյան, Դուք Ձեր բիզնես-գործունեությունը սկսել եք Շվեյցարիայում, ապա շարունակել Հայաստանում: Ինչպիսի՞ն է Հայաստանի բիզնես-միջավայրը՝ նման գործունեություն ծավալելու համար:
-Կարծում եմ՝ գնալով բարելավվում է, տեղ շատ կա առաջ գնալու: Այսօր մենք խոսել ենք այդ թեմաներով, եւ հիմնական մեր խնդիրն աղբահանությունն է եւ ոչ միայն դա, այլեւ չթողնենք, որ աղբը հասնի այն տեղը, որն այսօր կա:
-Հենց Շվեյցարիայի Դավոս քաղաքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին կոչ արեց գալ եւ ներդրումներ կատարել Հայաստանում, բիզնես-գործունեություն սկսել: Ի՞նչ եք կարծում` նրա կոչին հետեւողներ կլինե՞ն:
-Ասեմ, որ այդ հանդիպմանը ես էլ էի մասնակցում: Կարծում եմ, որ հետեւողներ կլինեն, որովհետեւ ճիշտ ձեւով այդ կոչն արվեց: Իմ սեղանին կային նստած գինեգործությամբ, շինարարությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ում հետաքրքրեց դա: Եվ նույնիսկ մեկի հետ կապ եմ հաստատել, հոկտեմբերին ինքս եմ իրենց հետ շրջելու Հայաստանում եւ ցույց տալու այն այգիները, որոնցից կարելի է օգտվել:
-Դուք զբաղվում եք տուրիստական գործունեությամբ: Սկզբնական շրջանում ինչպիսի՞ խնդիրների եք առնչվել:
-Չեմ կարծում, թե շատ են խոչընդոտներ եղել, եթե չհաշվենք մեկ-երկու մանրուքներ: Նույն աղբահանությունն է, կամ ինչ-որ եկեղեցում չենք կարողացել նվագել: Մեծ խոչընդոտներ չեն եղել Հայաստանում:
-Երկար տարիներ է՝ կառավարությունը որդեգրել է Հայաստանում տուրիզմի զարգացմանը միտված քաղաքականություն: Ի՞նչ է պետք Հայաստանում տուրիզմի զարգացման համար:
-Ես Շվեյցարիա-Հայաստան տուրիզմի զարգացման մասնագետ եմ: Օրինակ` եթե ուղիղ չվերթ լիներ, դա էլ կօգներ հետագա զարգացմանը: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանը դեռ շատ անծանոթ երկիր է մեծ զբոսաշրջիկների համար: Կամաց-կամաց ճանաչում են Հայաստանը: Եթե խոչընդոտներ վերցնենք, մենք ունենք լուրջ խնդիրներ հյուրանոցների հետ կապված, երբ միջոցառումներից առաջ արդեն տեղեր չեն լինում: Ինչ վերաբերում է գիդ սերվիսին, այսօր մենք մի փոքր խնդիրներ ունենք, քանի որ Հայաստանում չունենք ֆրանսախոս եւ գերմանախոս գիդերի բավարար քանակ: Պետք է պետական մակարդակով աշխատանք տարվի, ցուցակ կազմենք, որպեսզի հասկանանք՝ այսօր ինչ խնդիրներ ունենք, որ վաղը կարող ենք չունենալ:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՕՐԻՆԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երեկ դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը հայտարարել է, թե աջ ղեկով մեքենաների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ այդ մեքենաների վարորդներն ունեն սահմանափակ տեսանելիություն:
Նկատենք, սակայն, որ «Աջ ղեկ» նախաձեռնությունը, որ ստեղծվել էր այս օրինագծի դեմ բարձրացած բողոքի ալիքի արդյունքում, այլեւս որոշել է դադարեցնել նախագծի դեմ պայքարը: «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Գեւորգ Աճեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն անիմաստ են համարում աջ ղեկանիվով մեքենաների ներմուծումն արգելող օրինագծի դեմ պայքարը: Աճեմյանի խոսքով` պետք է արդեն պայքարել ընդհանուր թանկացումների դեմ, քանի որ գնալով թանկանում են բենզինն ու դիզվառելիքը:

 

 

ԸՆԴԴԵՄ ՊՆ-Ի
ՀՀ պաշտպանության նախարարության եւ մատակարար ընկերությունների ջրերը մի առվով չեն հոսում: Մեկը մյուսի հետեւից ընդդեմ ՊՆ-ի կամ ՊՆ գնահատող հանձնաժողովի դատարան են դիմում մատակարար ընկերությունները: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու նման փաստերի: Երեկ էլ տեղեկացանք, որ հունվարի 30-ին դեղամիջոցների առեւտրով զբաղվող «Թեոֆարմա» ՍՊԸ-ն դիմել է Երեւան քաղաքի դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի նախարարությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված պաշտոնական ընթացակարգն անվավեր ճանաչի: Այլ կերպ ասած` ՊՆ հանձնաժողովն այս ընկերությանը «սեւ ցուցակ» է գցել` զրկելով դեղամիջոցներ մատակարարելու իրավունքից: Ու հիմա նրանք փորձում են պայքարել դատարանում:

 

 

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` փետրվարի 2-ին ՀՀ իրավապահները խուզարկություն են կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 6-րդ տեղամասում: Իրավապահները խուզարկել են ՔԿՀ դատապարտյալներից Սպարտակ Դանիելյանի խուցը: Վերջինս, հիշեցնենք, դատապարտվել է խարդախության համար եւ կալանավայրում գտնվելու ընթացքում էլ ստեղծելով լուրջ հանցավոր խմբավորում` հեռախոսի մեջոցով ավելի քան հարյուր դրվագով խարդախություններ է կատարել: Չի բացառվում, որ նրա մոտ հեռախոսների եւ հեռախոսային քարտերի, ինտերնետ սարքավորումների հերթական խմբաքանակն են գտել. ի վերջո, Ս. Դանիելյանը կալանավայրում գտնվում է արտոնյալ կարգավիճակում եւ անկախ այն հանգամանքից, որ դատապարտվել եւ մեղադրվում է խարդախությունների համար, միեւնույն է, նրան մատակարարում են ՔԿՀ-ներում արգելված իրեր համարվող կապի միջոցներ:




Լրահոս