Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունները կսկսվեն՝ անկախ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ հրադադարի շուրջ բանակցություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների հարազատների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ կսկսի Ռաֆահի նվաճումը «գործարքով կամ առանց դրա»։

Նեթանյահուն նման հայտարարություն է արել՝ չնայած ԱՄՆ-ն բազմիցս նրան նախազգուշացրել է, որ որևէ ռազմական գործողությունից առաջ պետք է ապահովվի Ռաֆահի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։

Օրեր առաջ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ «եթե գործարք լինի, մենք կկասեցնենք (խմբ․՝ Ռաֆահում) գործողությունը»։ Սակայն Նեթանյահուն ապրիլի 30-ին պնդել է, որ պատերազմը կշարունակվի, մինչև Իսրայելը չհասնի Ռաֆահում իր բոլոր նպատակներին։

«Այն գաղափարը, որ մենք կդադարեցնենք պատերազմը՝ նախքան դրա բոլոր նպատակներին հասնելը, չի քննարկվում․․․ Մենք կմտնենք Ռաֆահ և կշարունակենք ոչնչացնել այնտեղ գտնվող ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ գործարքով թե առանց դրա, որպեսզի հասնենք լիակատար հաղթանակի», – Նեթանյահուի խոսքերն է փոխանցում նրա գրասենյակը։

Նշվում է նաև, որ պատանդների ընտանիքները վարչապետին կոչ են արել շարունակել պատերազմը և անտեսել միջազգային աճող ճնշումը։

ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ին գերեվարված 253 պատանդներից 130-ը դեռ գտնվում են Գազայի հատվածում։ Նրանցից առնվազն 34-ը զոհված է համարվում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 29-ին հույս էր հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կընդունի Իսրայելի՝ իր բնութագրմամբ «չափազանց շռայլ առաջարկը» հրադադարի հասնելու շուրջ։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, իսկ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 34 400-ը։




Լրահոս