ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՅՑԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության անդամներն իրենց տեղը չեն գտնում: Երեկ` վաղ առավոտից, իշխող կուսակցության պատգամավորները խորհրդարանում սպասում էին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, որպեսզի վերջինիս հետ քննարկումներ անցկացնեն, հասկանան թե՛ իրենց, թե՛ կուսակցության ճակատագիրը: Սակայն մինչ օրվա վերջ Կարապետյանն այդպես էլ խորհրդարան չեկավ:

Դրա փոխարեն, սակայն, հանրապետականները բուռն նիստ են ունեցել եւ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ. խմբակցությունում եւ կուսակցությունում պառակտումն արդեն ակնհայտ է, որի ժամանակ ներկաներին փորձել է հանգստացնել խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Սկզբում Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի անունից առաջարկել է Կարեն Կարապետյանին վարչապետ առաջադրելու տարբերակը, որը, սակայն, մեծ հակազդեցության է արժանացել: Պատգամավորները դժգոհ են եղել այն հանգամանքից, որ Կարեն Կարապետյանն անում է իր ուզածը եւ հաշվի չի նստում ոչ ոքի, այդ թվում հենց ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, եւ նիստը ընդհատվել է: Այդ դժգոհությունը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չթաքցրեց նաեւ Վահրամ Բաղդասարյանը` ասելով, թե քննարկում չի եղել, սպասում են: Սակայն նրանք այդպես էլ սպասելով մնացին:
Սակայն նիստից հետո հանրապետական պատգամավորների դեմքերից կարելի էր հասկանալ, որ արշալույսները ՀՀԿ-ում այլեւս խաղաղ չեն, եւ չկա այն միասնականությունը, որը փորձում են ցույց տալ: Այսօր նաեւ կուսակցության գործադիր մարմնի նիստ է սպասվում, եւ շատ հարցեր այդ ժամանակ կքննարկվեն, ընդհուպ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ից հեռացնելու հարցը, սակայն պառակտումն արդեն ակնհայտ է: Ընդ որում, երեկ տեղի ունեցած խմբակցության նիստը բավական կարճ է տեւել` մոտ 30 րոպե, ինչը բավական տարօրինակ է՝ հաշվի առնելով, թե որքան հարցեր կային քննարկելու:
Հետաքրքիր է նաեւ, որ հանդիպումից հետո պատգամավորները մաս-մաս էին դուրս գալիս սենյակից եւ փախչելով խուսափում էին պատասխանել լրագրողների հարցերին: Անգամ Էդուարդ Շարմազանովը, որ միշտ պատրաստ էր պատասխանել լրագրողների հարցերին, երեկ ակնհայտ անտրամադիր էր: Մեր տեղեկություններով` նիստի ընթացքում ամենամտահոգ եւ հարցեր բարձրացնող մարդկանցից մեկն էլ հենց նա է եղել: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե քիչ անց խմբակցությունը հայտարարություն կանի, բայց այդպես էլ հայտարարություն չեղավ:
Երեկ հանրապետականները ողջ օրը շատ լարված են եղել. նախկինում ժպտերես, կենսուրախ պատգամավորները նույնիսկ բարեւելու սիրտ չունեին: Սակայն նրանք ոչ միայն անտրամադիր էին, այլ նաեւ մտահոգ: Ուշագրավ է, որ հանրապետական պատգամավորներին հրահանգված էր ամբողջ օրը խորհրդարանում մնալ: «Լարված վիճակ է երկրում, չգիտենք` ինչ կարող է լինել»,-փոխանցեցին հանրապետականները: Բացի այդ, Կարեն Կարապետյանը նրանց խոստացել էր գալ, այդ պատճառով եւս նրանք «գերի» մնացին խորհրդարանում: Բայց այդպես էլ չէր եկել:
Ավելի ուշ, երբ պատգամավորներից շատերն արդեն դուրս էին գալիս խորհրդարանից, նրանց է զանգահարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ետ կանչել, քանի որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել էր գիշերով գնալ խորհրդարան եւ հանդիպել նրանց հետ: Գիշերային այցը պատահական չէ. ցանկացել են լրագրողների, աշխատակազմի եւ կողմնակի անձանցից հեռու լինել, եւ հետո՝ ԱԺ տարածքը հանդիպման համար միակ հարմար տեղն է, որտեղ Սերժ Սարգսյանը կարող էր մուտք գործել: Նրանք զգուշացել են Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին զուգահեռ ՀՀԿ շենքում նիստ անել: Ինչեւէ, Սարգսյանի՝ խմբակցության անդամներին հանդիպել կանչելու հայտարարությունում արված շեշտադրումներն էլ բավական հետաքրքիր են. նա նշել է, թե հանդիպման ընթացքում իր պատկերացումները կներկայացնի կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության եւ բարեփոխման կարեւորության, տարբերվող դերակատարմամբ խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ: Այսինքն` Սարգսյանն արդեն իսկ իր հայտարարությամբ ակնարկել էր, որ ապագայում ՀՀԿ-ն այժմյանից տարբերվող դերակատարում է ունենալու՝ նկատի ունենալով որպես ընդդիմադիր ուժ աշխատելու հնարավորությունը:
Այս հանդիպումը եւս բուռն է եղել, հանրապետականներից շատերը դժգոհել են, որ միայն վերջին վայրկյանին են իմացել Սարգսյանի հրաժարականի մասին, սակայն վերջինս փորձել է արդարանալ, թե երկրում ստեղծված իրավիճակն է պատճառ եղել: Ըստ որոշ տեղեկությունների` նա միայն ասել է, թե չպետք է թույլ տալ Փաշինյանի ձեռքին անցումային շրջանում իշխանություն, բայց դա պետք է արվի հանգիստ, առանց որեւէ բռնության կամ ուժային միջամտության:
Սերժ Սարգսյանն իր խոսքում նաեւ շեշտել էր նոր առաջնորդության հարցը, այլ խոսքով ասած` գրեթե պաշտոնապես հաստատել, որ ինքն այլեւս չի ցանկանում լինել կուսակցության ղեկավար: Մեր տեղեկություններով` այսօր տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի նիստ, որից հետո արդեն պաշտոնապես կարվեն բոլոր հայտարարությունները: Հավելենք, որ պատգամավորներից շատերը մինչեւ ուշ գիշեր խորհրդարանում են մնացել եւ շարունակել քննարկումները: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն առհասարակ վարչապետի թեկնածու չառաջադրի, եւ այդպիսով երկու անգամ տապալելով վարչապետի ընտրությունները` իրավունքի ուժով արձակվի խորհրդարանը: Այսինքն՝ ՀՀԿ-ն ձեւականորեն մնալով իշխանության ղեկին, այնուամենայնիվ, կկորցնի իրական ազդեցության լծակները, բայց եւ դրանք չի տա ընդդիմությանը, որպեսզի ընտրութուններն անցկացվեն գործող ԸՕ-ով, ռեյտինգային ընտրակարգով:
Մինչ այդ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ երեկվա հանրահավաքում անդրադարձել է իշխանությունը սահուն փոխանցելու խնդրին: «Ուզում եմ արձանագրել՝ այն ժամանակ, երբ նշանակված էր «Մարիոթում» մեր բանակցությունը, մեզ զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ եւ ասում, որ խնդրում ենք հաշվի առնել՝ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում: Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցությունների ֆորմատի քննարկմանը մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը եւ Վահրամ Բաղդասարյանը: Այս առաջարկն արել ենք, քանի որ ուզում ենք համոզվել, որ բանակցում ենք իշխող կուսակցության եւ ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ: Այսօր էլ՝ քիչ առաջ, ինձ մոտեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացուցիչներ եւ պաշտոնապես ասացին, որ այդ պատգամավորները պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին: Այնպես որ, մենք չենք պատրաստվում ժամավաճառությամբ զբաղվել, մենք պատրաստ ենք բանակցությունների, եւ դրանք, ինչպես նախկինում պնդել ենք, պետք է վերաբերեն իշխանության խաղաղ եւ անցնցում փոխանցմանը»:
Նա ՀՀԿ-ին հորդորեց անգամ չփորձել վարչապետի՝ իր թեկնածուին առաջադրել. «Այդ դեպքում ժողովուրդը կշրջափակի ԱԺ-ի, կառավարության եւ բոլոր կառավարական շենքերը: Այս պահից Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ այլեւս ոտք չդնել կառավարական որեւէ շենք»:
Հ.Գ. Երեկ` ուշ գիշերին, ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հանդիպել է խմբակցության քննարկումների առաջին մասին, «խոսել ԱԺ-ում աշխատելու տարբեր ձեւաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն ՀՀԿ միասնության շնորհիվ»։ Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկումներում պայմանավորվածություն են ձեռք բերել հայտարարելու, որ ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳԵՐԻ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ
ՀՀԿ-ականները երեկ` վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, խորհրդարանում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանց հրահանգված է եղել մնալ խորհրդարանում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում: Խմբակցության նիստ անելուց հետո մեծամասնությունը գնում-գալիս էր Աժ շենքով: Նրանք նաեւ միմյանց հետ կատակում էին` ասելով. «Գիշերանոցդ բերե՞լ ես. այսօր այստեղ ենք մնալու», «բա ուտելիք ո՞նց ենք այստեղ սարքելու»: Բանն այն է, որ նրանք էլ չգիտեն, թե ինչ է սպասվում, քանի որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պարզապես անհետացել էր, ու նրա հետ հնարավոր չէր քննարկել, հասկանալ` ինչ անեն: Կարապետյանի՝ սեփական կուսակիցների նկատմամբ արհամարհանքն ու անհետացումը պարզապես նյարդայնացրել էր առանց այն էլ իշխանությունը կորցնելու վտանգի պատճառով անհանգիստ ՀՀԿ-ականներին: Միաժամանակ ՀՀԿ-ականները նաեւ այս օրերին մայրաքաղաքում ցույցերի հետեւանքով փողոցները փակ լինելու պատճառով չէին կարող լքել տարածքը, քանի որ ցանկացած պահի միգուցե վերադառնային՝ որոշումներ կայացնելու կամ պարզապես քննարկումները շարունակելու համար:

 

 

ՓՈՂ ՉԷԻՆ ՎԵՐՑՆՈՒՄ
Օրվա առաջին կեսին հատկապես հանրային տրանսպորտում հանդուրժողականության առանձնահատուկ դրսեւորումների կարելի է հանդիպել: Մի շարք երթուղայինի վարորդներ` տեսնելով, որ քաղաքացիները շտապում են Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, խիստ ոգեւորվել էին եւ քաղաքացիներին հորդորում էին չվճարել ուղեվարձը: Սակայն քաղաքացիները, ընդհակառակը, ստիպողաբար վարորդին էին տալիս գումարը` ասելով, որ նա էլ ընտանիք է պահում եւ կարող է գծատերերի հետ խնդիրներ ունենալ:

 

 

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ
Այս օրերին ուժեղացված հսկողություն է իրականացվում ԱՆ «Արմավիր» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բացի կալանավորներին ՔԿՀ-ներից դուրս չհանելու հրամանից, նաեւ որոշում է կայացվել քրեակատարողական հիմնարկները խիստ հսկելու մասին, որ կալանավորները բունտ չանեն եւ չփորձեն փախչել: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ հրահանգ է տրվել ՔԿՀ ղեկավար կազմին մինչեւ ուշ երեկոյան մնալ ՔԿՀ-ներում եւ հսկել իրավիճակը: Միայն թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն փախուստի փորձի մեկ դեպք եղել է: Կալանավորները բռնություն են կիրառել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ, խլել բանալին, դուրս եկել խցերից` փորձելով փախչել: Սակայն չեն կարողացել, քանի որ նրանց գործողությունները կանխվել են քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից: Կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցված, ընթանում է նախաքննություն:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Այս օրերին տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ապագա վարչապետի հարցը: Երեկ արդեն պարզ դարձավ «Ելք» խմբակցության թեկնածուի անունը։ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն ի հայտ են եկել մի քանի վարչապետացուներ, որոնց առաջադրմամբ հետաքրքրված են տարբեր կլաններ ու ուժային կենտրոններ: Օլիգարխիկ մի շարք շրջանակներ ցանկանում են այդ պաշտոնում տեսնել կա՛մ Գագիկ Ծառուկյանին, կա՛մ Հովիկ Աբրահամյանին` իբրեւ այլընտրանքային թեկնածուների։ Իհարկե, չի կարելի բացառել, որ նշված անուններից որեւէ մեկի թեկնածությունը չառաջադրվի, սակայն այս պարագայում շատ կարեւոր է, թե ինչ դիրքորոշում կարող են ունենալ Մոսկվան եւ Վաշինգտոնը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին Մոսկվայի կողմից ամենաընդունելի տարբերակը «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, հիշեցնենք, որ 2016 թվականի ընտրություններին նա հավաքեց ընդամենը 7 տոկոս ձայն, իսկ դա նշանակում է, որ այսօր այդքան մեծ թվով մարդկանց իրականում փողոց էր դուրս բերել ՀՀԿ-ին մերժելու հնարավորությունը։ Բայց իշխանական ուժերը շարունակում են մնալ այն կարծիքին, որ երբ Փաշինյանն անընդհատ խոսում է օրենքից, օրինականությունից, արդյո՞ք հրապարակում վարչապետի թեկնածու ընտրելու տարբերակն օրինական է եւ կասկածի տակ չի դնի վարչապետի լեգիտիմությունը։ Ու այս օրերին խոսվում է, թե ով է կանգնած Նիկոլ Փաշինյանի թիկունքին՝ ԱՄՆ, ԵՄ, թե տեղական՝ ՀՀԿ-ից «նեղված» օլիգարխները։ Սա թերեւս կպարզվի առաջիկայում՝ կարճ ժամանակում:




Լրահոս