ԻՆՉ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԿԵՐՏՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը թեւակոխեց զարգացման մի նոր շրջափուլ, որից մեկնարկում է պետության աղճատված կերպի արմատական վերանայումը: Նախորդ 20 տարիներին` 1998թ. սկսած, Հայաստանը պարզապես բզկտվել է իշխանության ինքնանպատակ էության պատճառով, երբ իշխանությունը ծառայեցվել է բացառապես մի քանի հոգու անձնական շահերի սպասարկմանը: Ասվածում, դժբախտաբար, որեւէ չափազանցություն չկա, ինչի վկայությունն առաջին հերթին այսօրվա, բառի բուն իմաստով, համազգային ցնծությունն է:

20 տարի առաջ` փետրվարին, Հայաստանում տեղի ունեցած պալատական պետական հեղաշրջմամբ անշեղորեն խզվեց Հայաստանի զարգացման ընթացքը: Պատմությունը երբեւէ չի հիշում դեպք, որ պալատական հեղաշրջումը աղետալի հետեւանքների հասցրած չլինի: Մեր պարագայում դրա անխուսափելի հանգրվանը դարձավ Հոկտեմբերի 27-ը` գլխատելով ՀՀ իշխանության ներսում պետականամետ հոսանքը: Այդ պահից ի վեր Հայաստանում սկսեց հաստատվել բրգաձեւ քրեաօլիգարխիկ մի համակարգ, որը տարիներ ի վեր ավելի մոնոլիտ էր դառնում` համախմբվելով կոնկրետ անձի շուրջ: Ռոբերտ Քոչարյանը քայլ առ քայլ վերածվում էր հայկական «Պուտինի», որը նախագահությունից հետո անցում պիտի կատարեր վարչապետի պաշտոնին` իր ձեռքում կենտրոնացնելով ամբողջ իշխանությունը: Սակայն 2008թ. մարտի 1-ի իր արկածախնդրությամբ Քոչարյանը անվերադարձ փակեց քաղաքականություն վերադառնալու դուռը` բրգաձեւ իշխանության հետագա ճարտարապետ կարգելով Սարգսյանին: Վերջինս բավականին ուշիմ ուսանող դուրս եկավ, քանի որ ոչ միայն հաջողեցրեց խաղից դուրս թողնել իր երբեմնի զինակցին, այլեւ լիովին ամայացման հասցնել Հայաստանի քաղաքական դաշտը: Սարգսյանը չկարողացավ խուսափել իր նախորդի` սեփական անձնական իշխանության հավերժացման գայթակղությունից: Սակայն ի տարբերություն Քոչարյանի` նա կարողացավ հնարամտորեն փոխել Սահմանադրությունը, իր քաղաքական հակառակորդներին ստիպել հրաժարվել քաղաքական գործունեությունից, քաղաքական դաշտը լցնել արհեստավարժ հաճախորդներով ու համատարած աղմուկի պայմաններում սկսել կառավարման երրորդ ժամկետը: Այդ երրորդ ժամկետին Սերժ Սարգսյանը գնաց լիովին ինքնավստահ` առանց կասկածելու իր ծրագրի հաջողության մեջ: Ունենալով արտաքին ուժային կենտրոնների համաձայնությունը, ներհայաստանյան գործընթացներում չեզոքացնելով իր գրեթե բոլոր իրական հակառակորդներին` Սարգսյանին, թվում էր, ոչինչ չէր կարող խանգարել: Սակայն մարտի 1-ի ուժով հարկադրաբար քուն մտած ժողովրդական հրաբուխը ժայթքեց` Սերժ Սարգսյանին թողնելով ձեռնունայն:
Սարգսյանի համար իշխանության կորուստը թերեւս առաջին հերթին անձնական ողբերգություն է: 2008թ. պատասխանելով իր հրաժարականի հնարավոր ժամկետների մասին հարցին` նա ինքնավստահ տոնով հայտարարում էր, որ երբեք հրաժարական չի տալու: Եվ այդ նշանաբանով էլ առաջնորդվում էր` պետության ամբողջ ներուժը ծառայեցնելով սեփական իշխանությունն ամրապնդելուն, ուժեղացնելուն ու հավերժացնելուն: Սարգսյանն ամբողջ կյանքում եղել էր իշխանության աստիճանակարգության մեջ, իսկ ՀՀ անկախության հռչակումից հետո մշտապես եղել որոշումներ կայացնող ամենանեղ շրջանակում: Պետական կառավարման բնագավառում հաստատելով իր անձնական ներկայության փաստական պարտադրանքը` Սահմանադրության փոփոխությամբ Սարգսյանն իրավական առումով էլ իրենց դարձրեց անփոխարինելի: Մերօրյա քաղաքական ճգնաժամի պայմաններում անթաքույց դրսեւորվեց գործող Սահմանադրության բացարձակ անկատարությունը` ցույց տալով, որ Սարգսյանն այն կարել էր բացառապես իր չափերով: Այստեղ նա ուղղակի խեղաթյուրել է ՀՀ պետականության հիմնասյուները` Սահմանադրությունը դարձնելով իրավիճակին անհամարժեք փաստաթուղթ: Նա իր անվերապահ վերահսկողությունն էր հաստատել ՀՀ տնտեսության նկատմամբ` վերջինս դարձնելով մի քանի ընտանիքի սեփականությունը, որն անձամբ էր տնօրինում: Քաջ գիտակցելով, որ միայն խոշոր տնտեսությունն է բացարձակ կառավարելի, Սարգսյանն ամբողջացրեց Քոչարյանի օլիգոպոլ տնտեսության մոդելը` անձամբ երաշխավոր լինելով դրա կենսունակությանը: Պետական կառավարման ու տնտեսական բնագավառներում Սարգսյանն իր անձը դարձրել էր անփոխարինելի եւ այդ ուղղությամբ նա աշխատել է վերջին 10 տարվա յուրաքանչյուր օր:
Այսօր Հայաստանում այլեւս նոր իշխանություն է, որ ձեւավորվել է համաժողովրդական համերաշխության միջոցով: 20 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանում իշխանության առաջին դեմքի ընտրությունը տեղի ունեցավ առանց փշալարերի ու ոստիկանական պատնեշների, որոնց փոխարեն ժպտուն երիտասարդությունն էր ողողել Հանրապետության հրապարակը: Այսօրվանից Հայաստանն ազատված է իշխանության դելեգիտիմության խարանից, եւ այդ ազատագրումը պետք է շարունակվի մինչեւ վերջ` Հայաստանում արդար ու ազատ ընտրությունների միջոցով նոր խորհրդարան ու իշխանություն ձեւավորելով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այժմ կանգնում է ամենակարեւոր հարցի առաջ` ինչպիսի իշխանություն եւ դրանից բխող` պետություն է ցանկանում կառուցել: Սերժ Սարգսյանը ստեղծում էր անձնական օգտագործման պետություն, եւ նրա մոտ կարծես ստացվում էր: Մինչդեռ այժմ տասնապատիկ բարդ եւ լուրջ գործ է սպասվում. մի կողմից` դիմակայել Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ի սաբոտաժին, մյուս կողմից` կառուցել քաղաքական հենարան ու ձեռնամուխ լինել, բառի բուն իմաստով, իրական պետության կերտմանը: Սա չափազանց դժվարին գործ է, որը մեկնարկում է մաքսիմալ իրատեսական հաշվարկներ կատարելուց, հստակ քաղաքական առաջնահերթություններ սահմանելուց եւ կադրային սթափ քաղաքականությունից: Մեկ անգամ մեր պետական-ազգային զարթոնքի ընթացքը շեղվել է, ինչի կրկնությունը թույլ տալու ճոխություն չի կարող ունենալ ո՛չ նորընտիր վարչապետը, ո՛չ էլ նրա հաղթանակի երաշխավոր ժողովուրդը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը պատրաստվում է առաջիկայում հրաժարական ներկայացնել: Սկզբում Տարոն Մարգարյանը մերձավոր շրջապատում հայտարարել է, թե որպես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար ինքը պետք է շարունակի պաշտոնավարումը: Սակայն ինչպես հայտնի է` հենց քաղաքապետարանի աշխատակից թաղային խուժանը համաժողովրդական շարժման օրերին փորձեց սադրանքներ անել` հարձակվելով ցուցարարների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես նաեւ այլ լրատվամիջոցներ բացահայտել են քաղաքապետարանում աշխատող թաղային խուժանի անուն-ազգանունները, հրապարակել են այդ անձանց լուսանկարները, թե ինչպես են հարձակվում ցուցարարների վրա: Եվ այդպես, կարելի է ասել, Տարոն Մարգարյանի ենթակաները անառարկելի հիմքեր են ստեղծել քաղաքապետի շուտափույթ հրաժարականի համար: Մարգարյանի հրաժարականի կոնկրետ ժամկետներ չեն մատնանշվում: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հրաժարականի մասին տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ: «Ո՛չ, նման բան չկա»,-արձագանքեց Գեւորգյանը: Նա զարմանք հայտնեց, որ նման լուրեր են տարածվել: Դիտարկմանը, թե գուցե այդպես որոշվի` կապված Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելու փաստի հետ, Գեւորգյանը բացասական պատասխան տվեց:

 

 

ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր մայիսյան եռատոնի առթիվ կլինեն Հաղթանակի զբոսայգում: Մինչդեռ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնական օրն անցկացնելու է Արցախում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր իր նախորդ համարներից մեկում: Այդ մասին երեկ հայտարարեց նաեւ ինքը՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավանաբար, այսպես է արվում, որպեսզի ընդդիմության առաջնորդ նորընտիր վարչապետ Փաշինյանն ու իշխանական վերնախավը տոնական օրը չհանդիպեն, չգտնվեն միեւնույն պատվիրակության մեջ:

 

 

ՍԵՎԱՄՈՐԹՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի համար հայ դիրքապահների կողմից գերեվարվել են վեց օտարերկրյա անձինք: Մեզ հայտնի դարձավ, որ գերեվարվածները սեւամորթներ են, որոնց բռնելուց հետո դիրքապահները հանձնել են ազգային անվտանգության ծառայությանը: Հիմա ԱԱԾ-ում քննություն է տարվում` հասկանալու համար, թե ինչ նպատակով են վերոնշյալ անձինք փորձել հատել սահմանը եւ ցանկացել Ադրբեջանից հայտնվել Հայաստանում:

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՊՈՒՏԻՆԻՑ
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՌԴ նախագահն իր նամակում հույս է հայտնել, որ Փաշինյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առկա բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: «Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաեւ ԱՊՀ, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը»,-ասված է Պուտինի ուղերձում: ՌԴ վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդեւը նույնպես շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո կշարունակվի ինտենսիվ համագործակցությունը հանրապետության հետ: «Ինտենսիվ համագործակցության շարունակում եմ ակնկալում ՀԱՊԿ-ի ամրապնդման, նրա առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ կազմակերպության անդամ բոլոր պետությունների օրինական շահերի հաշվառմամբ», – ասված է Խաչատուրովի հայտարարության մեջ:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն ասել է, որ աշխատանքային մթնոլորտում քննարկումներ կունենան` հաշվի առնելով ընթացիկ քաղաքական իրավիճակի առանձնահատկությունները: «Մենք ասում ենք` համերաշխություն, դա չի կարող ուղղակի կարգախոս լինել»,-նշել է նա: Կառավարության հետագա պաշտոնյաների անուններ Փաշինյանը չի տվել` նշելով, որ բազմաթիվ թեկնածուներ կան, սակայն դրանք դեռ պիտի քննարկվեն: «Իհարկե, էական փոփոխություններ կլինեն կառավարության կազմում»,-ասել է նա: Վերջինս նաեւ նշել է, որ մայիսի 14-ին երկկողմ հանդիպում կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հարցին, թե ՀՀԿ-ն կլինի կառուցողական ընդդիմություն, նա արձագանքեց. «Կարծում եմ` բոլորս էլ կլինենք կառուցողական ու հաջողության կհասնենք: Առաջին ամենակարեւոր քայլն ընտրական համակարգի բարեփոխումների մեկնարկն է»,- նշել է նորընտիր վարչապետը: Նշենք, որ Ն. Փաշինյանը, այսօր նոր պաշտոնում առաջին այցը կկատարի դեպի Արցախի Հանրապետություն:

 

 

ԵՄ-Ն ԿԱՇԽԱՏԻ
Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության առնչությամբ. «Եվրամիությունն ակնկալում է աշխատել նրա եւ նրա կառավարության հետ նախորդ տարվա նոյեմբերին ստորագրված Եվրամիություն-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչման շուրջ` հանուն ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի` ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների ստեղծելու բարգավաճ եւ ճկուն երկիր»:




Լրահոս