ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԾԱՌԵՐԸ ՉԻ ՍՐՍԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի այգիներում այս ամիսներին ծառերի տակ եւ թփերի մոտ հնարավոր չի լինում կանգնել կամ նստել: Պատճառն այն է, որ դրանցից կա՛մ միջատներ, կա՛մ էլ շիրանման նյութ է թափվում մարդկանց վրա: Իսկ եթե այդ ծառերի տակ նստարաններ կան տեղադրված, ապա դրանք նույնպես ամբողջովին աղտոտվում են այդ շիրանման նյութից:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն մեկ ամիս է, ինչ քաղաքացիներից բողոքներ, դժգոհություններ է ստանում: Իսկ ահա բազմաբնակարան շենքերի բնակիչները փոխանցում են, որ հարեւանությամբ գտնվող ծառերը համապատասխան դեղորայքով չեն մշակվել, ինչի պատճառով բնակարանները լցվել են լվիճներով: Բնապահպանները համոզված են, որ եթե մեր տեղական իշխանությունները կարողանային ճիշտ կառավարել քաղաքը, ապա այսօր կանաչ գոտու հաշվին սրճարաններ չէին լինի: Չէ՞ որ այսօր Երեւանում կանաչ տարածքներն զգալի պակասել են, ավելին` դրանց փոխարինել են շենք-շինությունները:
Կենդանաբանության ինստիտուտի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կիմ Դիլբարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նկատեց, որ դրա միակ լուծումը քիմիական պայքարն է: Մասնագետը նշեց նաեւ, որ միայն ծառերը սրսկելու միջոցով է հնարավոր վերացնել լվիճները: Հակառակ դեպքում սկզբում տերեւները, հետո ծառերը կփչանան, հիվանդություններ առաջ կգան: «Հիմա մի քիչ ուշացել է պայքարը: Չենք տեսել, որ սրսկվեն ծառերը: Հենց տերեւները բացվում են, այդ ժամանակ էր պետք սրսկել, եղանակներն էլ էին տաք: Իսկ հիմա խոնավ եղանակը, հորդառատ անձեւները նպաստում են դրանց զարգացմանը. նման դեպքերում այդ լվիճները շատ շուտ զարգանում են, ավելի արագ են բազմանում, շիրա են արտադրում»,- ներկայացրեց Կ. Դիլբարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը խմբագրություն ահազանգած քաղաքացիների մտահոգությունը` կապված այգիներում ծառերից թափվող շիրանման նյութի հետ, փոխանցեց նաեւ բուսաբան Մարինա Օգանեսովային, ով շտապեց տեղեկացնել, որ այն կապված է լվիճների հետ, որոնք արագ բազմանում են:
Ըստ Օգանեսովայի` այս երեւույթը կանխելու համար Երեւանի քաղաքապետարանը նախ` պետք է վերացնի այդ միջատներին, ապա` ծառերը լվանա, բուժի: «Ողջ մայրաքաղաքի ծառերն են այդ լվիճներով պատված: Նույն իրավիճակը եղել է նաեւ նախորդ տարի: Նման միջատները հիմնականում գարնան ամիսներին են բազմանում, երբ հորդառատ անձրեւներ են լինում»,- պարզաբանեց տիկին Օգանեսովան` երանությամբ հիշելով, որ տարիներ առաջ մայրաքաղաք Երեւանի փողոցների մայթերը խանութներով զբաղեցրած չէին, իսկ ծառերն էլ անհամեմատ շատ էին:
Օրինակ` թեղի կոչվող ծառատեսակի վրա, որը քաղաքապետարանի կողմից հաճախակի է կտրատվում, միջատներ կան: Դրանք արագ բազմանում են եւ արդեն հուլիսի վերջերին տերեւները կերած են լինում: Բայց քաղաքապետարանում թեղի ծառատեսակը շատ են սիրում, որովհետեւ այն էժան է ձեռք բերվում եւ շուտ է աճում, նաեւ խնամք չի պահանջում: Իսկ մասնագետների կարծիքով` թեղի պետք չէ տնկել, այն հարկավոր է փոխարինել մեկ այլ ծառատեսակով: Բայց պարզվում է` քաղաքապետարանը փող չունի, դրա համար էլ թեղիներ են տնկում: Իրենց անվերջ թվացող ծախսերի համար փող կա. կարող են միլիոնավոր դրամներ տրամադրել կոնյակների, նվերների համար, բայց մայրաքաղաքի կանաչապատման ծրագրերի համար չկա այդքան գումար:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ծառերից թափվող շիրանման նյութի հետ կապված փորձեց կապ հաստատել Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ: Սակայն նա անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը: Մինչդեռ մենք ցանկանում էինք տեղեկանալ, թե ինչ քայլեր են ձեռնարկվում` խնդիրը կանխելու համար: Արդյո՞ք ծառերը բուժվում են, ե՞րբ կամ ինչպե՞ս: Այնուամենայնիվ, որքան էլ քաղաքապետարանի աշխատակազմը հակառակը պնդի, միեւնույն է` բուժման արդյունքները նկատելի չեն: Եթե, իհարկե, քաղաքապետարանը «բուժում է»:
Չէ՞ որ Երեւանի «թոքերը»` ծառերը, կենսական նշանակություն ունեն մայրաքաղաքի բնակիչների համար: Եւ քաղաքային իշխանությունների հոգածության թիվ մեկ խնդիրը պետք է լինի հենց Երեւանի կանաչ գոտու, այդ թվում` ծառերի պահպանումն ու մշակումը, որովհետեւ առանց այն էլ օր օրի կրճատվող կանաչ տարածքը եւ կտրվող ծառերը մայրաքաղաքի` չափից ավելի կեղտոտ օդն ավելի անտանելի են դարձնում:
Բայց, չգիտես, թե ինչու, մայրաքաղաքում ծառերի «բուժումը», խնամքը սահմանափակվում են գարնանը ծառի մինչեւ «հոգու խորքը» էտումով եւ ծառերի կրապատմամբ: Ոչինչ ավելի: Այնինչ` յուրաքանչյուր ծառի խնամքի համար ամեն տարի քաղաքային բյուջեից միլիոններ են հատկացվում: Թե կոնկրետ որտեղ եւ ինչ նպատակով են ծախսվում այդ գումարները, այդպես էլ չի երեւում: Այն դեպքում, երբ մայրաքաղաքի ծառերը գտնվում են նման անմխիթար վիճակում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԵԲԵԴԱՎԱՆՈՒՄ ՎԻՃԱԿԸ ԽԱՌՆ Է

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ապրիլի 27-ին որոշել է Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները դնել այդ դպրոցի տնօրենի տեղակալ Լուսինե Գեւորգյանի վրա: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը հայտնեց, որ մարտի 17-ին Դեբեդավանի դպրոցում դասեր չեն անցկացրել, սակայն այդ օրը դպրոցի 5 ուսուցիչ աշակերտներին դասամատյանում տարբեր գնահատականներ են նշանակել, ինչը օրենքի խախտում է:

Կ. Նազարյանը հայտնեց, որ Մ. Հարությունյանը մարտի 17-ին դասեր չանցկացնելու վերաբերյալ մարզպետարանի կրթության վարչությանը տեղյակ չի պահել, ինչը պարտավոր էր: Նա ասաց, որ ապրիլի 17-ին Մ. Հարությունյանը ազատվել է պաշտոնից, մարզպետարանի իրավաբանական բաժինը աշակերտներին կեղծ գնահատականներ նշանակելու կապակցությամբ դիմել է դատախազություն: Մ. Հարությունյանը հայտնեց, որ մարտի 17-ին Դեբեդավանում ցուրտ, անձրեւոտ եղանակ էր, դպրոցը ջեռուցելու համար վառելափայտ չկար, դպրոցին վառելափայտ մատակարարող անհատ ձեռներեցը չէր կարողացել այդ գործն անել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում ստուգումների պատճառով: Մ. Հարությունյանն ասաց, որ իրենք որոշում են կայացրել մարտի 17-ի փոխարեն մարտի 24-ին դասեր անցկացնելու մասին: Նա ընդունեց դասեր չանցկացրած օրը դասամատյանում գնահատականներ նշանակելու փաստը, սակայն դա հանցանք չհամարեց: Նա իրեն պաշտոնում վերականգնելու համար դիմել է դատարան: Շուրջ 20 տարի Դեբեդավանի դպրոցը ղեկավարած Մ. Հարությունյանն ասաց, որ վերջին մեկ տարում Դեբեդավանի դպրոցի տնօրենի պաշտոնի համար 3 մրցույթների 6 նիստերը չեն կայացել, քանի որ մրցույթին մարզպետարանի ներկայացուցիչները չեն ներկայացել: Նա ասաց, որ այդ մրցույթների անցկացման հայտարարությունների համար պետական բյուջեից շուրջ 130 հազար դրամ է ծախսվել, պետությանը վնաս է հասցվել: Նա ասաց, որ մրցույթներին մարզպետարանի ներկայացուցիչները չեն ներկայացել, քանի որ մարզպետարանում չեն ցանկացել, որ ինքը շարունակի պաշտոնավարել: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հաջորդ մրցույթը նշանակված է հունիսի 12-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
Վերջնականապես ձեւավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, որը հիմնականում կազմված է Փաշինյանի թիմի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կադրերից: Կառավարության կազմի մեջ կան նաեւ անդամներ, ովքեր վաղուց են ոլորտում եւ պաշտոններ էին զբաղեցնում նաեւ մինչ այժմ: Ահա կառավարության կազմի ամբողջական տեսքը:
ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան
Առաջին փոխվարչապետ՝ Արարատ Միրզոյան
Փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյան
Փոխվարչապետ՝ Մհեր Գրիգորյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ Մանե Թանդիլյան
Առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյան
Արդարադատության նախարար՝ Արտակ Զեյնալյան
Արտակարգ իրավիճակների նախարար՝ Հրաչյա Ռոստոմյան
Արտաքին գործերի նախարար՝ Զոհրաբ Մնացականյան
Բնապահպանության նախարար՝ Էրիկ Գրիգորյան
Գյուղատնտեսության նախարար՝ Արթուր Խաչատրյան
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար՝ Արծվիկ Մինասյան
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար՝ Արթուր Գրիգորյան
Կրթության եւ գիտության նախարար՝ Արայիկ Հարությունյան
Մշակույթի նախարար՝ Լիլիթ Մակունց
Պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյան
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար՝ Լեւոն Վահրադյան
Սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյան
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյան
Ֆինանսների նախարար՝ Ատոմ Ջանջուղազյան




Լրահոս