ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի վրա են ծախսվել երիտասարդական հիմնադրամի գումարները. Կարեն Ավագյանի զանգն ու զարգացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանը դիմում էր ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե` նույն այդ հիմնադրամի գործադիր տնօրենի գործողությունների հետ կապված: Արդյունքում հարուցվել էր քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Կարեն Ավագյանի կողմից բացահայտումների եւ հիմնադրամի տնօրենի հետ զրույցների մասին:

Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` Մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ բացահայտման դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո, երբ մի շարք գերատեսչությունների պաշտոնատար անձինք հավաքում էին իրենց իրերը կամ հրաժարականի դիմումներ գրում, Կարեն Ավագյանը, վստահ լինելով, որ նոր իշխանությունները իր կողքով անտարբեր չեն անցնելու, որոշել է անձամբ ներքին ստուգումներ իրականացնել, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափի:

Արդյունքում բացահայտել է, որ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Այս իրավիճակը ունենալով իր աչքի առաջ` Կարեն Ավագյանը անում է իր քայլը եւ դիմում է իրավապահներին: Սակայն Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Կարեն Ավագյանը, դիմելով իրավապահներին, այս քայլով չի սահմանափակվում: Վերջինս իրավապահներին դիմելուց հետո որոշում է զանգահարել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին հասկանալու համար, թե նա ինչ է արել այդ գումարները, ի պատասխան` Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հայտնել է, թե այդ քայլին գնացել է` ինչ-ինչ խնդիրներից ելնելով:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Կարեն Ավագյանը նրանից հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակի մասին է խոսքը, տնօրենը հայտնել է, որ այդ քայլին գնացել է, քանի որ կինը լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ գումարի մի մասն էլ ծախսել է դստերը արտերկրում ուսման տալու համար:

Ստացվում է, որ հիմնադրամի տնօրենին իրավիճակն է դրդել այդ քայլին գնալ, բայց փաստ է մեկ բան, որ գումարները նպատակին չեն ծառայել:

Ինչ կլինի այս պատմության վերջը` սպասենք զարգացումներին: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` քրեական գործ հարուցելուց հետո հինադրամում լուրջ գործողություններ են սկսել իրավապահները: Ասել է թե` ստուգում են հիմնադրամի փաստաթղթերը, քննում աշխատակիցներին եւ այլ անձանց:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին` իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու եւ համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի հետ, սակայն վերջինս ասաց. «Այս ժամանակահատվածում հարգեք իմ լռելու իրավունքը»:

Մեր այն հարցին` յուրացման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, դուք ընդունո՞ւմ եք այդ մեղադրանքը, հիմնադրամի տնօրենն ասաց. «Ոչ մի բան չեմ ընդունում եւ ոչ մի բան չեմ ցանկանում ասել, խնդրում եմ` իմ լռելու իրավունքը հարգեք, քննություն է գնում, այս իրավիճակում ինչ-որ բան ասելը ճիշտ չէ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շուրջ գործընթացները սկսվեցին այն պահից, երբ կրթության եւ գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանը բուհերին կարգադրել էր չվճարել «հարյուր միլիոնավոր դրամներ» երիտասարդական հիմնադրամին:

Արայիկ Հարությունյանի այս կարգադրությունը զարմանալի էր այն տեսանկյունից, որ վերջինս, մեղմ ասած, կոչ է անում չվճարել այն հիմնադրամին, որի Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն պատկերը, որ նորանշանակ նախարարը գոնե ուսանողների հոգսերը թեթեւացնի, առավել վատ իրավիճակում է գցում նրանց: Անժխտելի է այն փաստը, որ շատ ուսանողներ հիմնադրամի շնորհիվ կարողացել են քիչ ուսման վարձ վճարել` այդ ճանապարհով թեթեւացնելով իրենց ծնողների հոգսերը: Ու հիմա այս առումով իրավիճակը վերանայելու կարիք կա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս