ԼԾՎԵԼ Է ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե ամենօրյա ռեժիմով այցելում է կուսակցության գրասենյակ, հանդիպումներ ունենում տարբեր մարդկանց հետ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ հանդիպումների ժամանակ նա քննարկումներ է բացում ամենատարբեր թեմաների շուրջ, լսում տեսակետներ, ինքն է կարծիք հայտնում, բայց իր գործողությունների եւ պլանների մասին որեւէ մեկի հետ չի կիսվում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի անդամ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ Սերժ Սարգսյանը՝ որպես կուսակցության ղեկավար, հաճախակի է այցելում Մելիք-Ադամյանում տեղակայված գրասենյակ եւ տարբեր հանդիպումներ ունենում: Սակայն պարոն Թադեւոսյանն այդ հանդիպումների մասին մանրամասներ չցանկացավ հայտնել:
Նկատենք, որ շատերին Ս.Սարգսյանի այս հանդիպումների շարքը հիմք է տվել ենթադրելու, որ նա, այնուամենայնիվ, իշխանության ղեկին վերադառնալու ուղիներ է փնտրում, մանավանդ, երբ օրենսդիրում իշխանությունը դեռ ՀՀԿ ձեռքին է. այստեղ նրանք ունեն կոճակային մեծամասնություն:
Մինչ այդ մեկ ուշագրավ փաստ էլ. եթե վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո խոսվում էր նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնից նրա հեռանալու մասին, նաեւ նշվում էր, որ կուսակցության ղեկավար դառնալու է ՀՀԿ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, ապա հիմա այս հարցն օրակարգից ընդհանրապես դուրս է եկել: Ավելին` քաղաքական հայտնի իրադարձություններից հետո Կարեն Կարապետյանն այս օրերին իրեն ՀՀԿ-ից ակնհայտ հեռու է պահում, առհասարակ չի շփվում կուսակիցների հետ եւ անգամ բացակայել է Գործադիր մարմնի վերջին նիստից:

 

 

 

ՀՀԿ խմբակցությունում երեկ քննարկվել է պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի եւ Շիրակ Թորոսյանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Հիշեցնենք, որ նրանք հակառակ խմբակցության որոշման, քվեարկել էին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ցոլակյանին ցանկանում են նկատողություն տալ, իսկ Թորոսյանին` խմբակցությունից հեռացնել: Մեզ հայտնի դարձավ, որ Ցոլակյանը մասնակցել էր նիստին, Թորոսյանը՝ ոչ: Երեկվա նիստում վերջնական որոշում չի եղել, եւ մեկ շաբաթ անց ՀՀԿ-ականները կրկին կհավաքվեն քննարկում անելու: Իսկ մինչ այդ Շիրակ Թորոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Ես կարծում եմ` ՀՀԿ խմբակցությունը շատ ավելի կարեւոր գործեր ունի քննարկելու, իմ հաստատ համոզմամբ, շատ ավելի լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, քան նման հարցեր քննարկելը»: Նա պնդել է, որ Փաշինյանի օգտին քվեարկել է խղճի մտոք. «Եթե իմ այդ սկզբունքը հարգվելու է խմբակցության կողմից, ապա խմբակցությունում իմ մնալ-չմնալու հարցն ինձ համար քննարկելի չէ»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք «օրենքով գողեր» եւ քրեական հեղինակություններ վերջերս լքել են Հայաստանը: Սա թավշյա հեղափոխության հաղթանակից հետո եղավ, երբ նոր իշխանությունն ակտիվորեն սկսեց բաժիններ հրավիրել քրեական աշխարհի ներկայացուցիչներին բացատրական աշխատանքներ տանելու համար: Մեր տեղեկություններով` նրանցից ոմանց իրավապահները բերման են ենթարկել փողոցից կամ տնից, սակայն ոմանց էլ պարզապես քաղաքավարի հրավիրել են զրույցի: Քրեական աշխարհի ներկայացուցիչներն էլ շատ խելոք ենթարկվել են իրավապահների պահանջներին, գնացել են զրույցի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները նրանց զգուշացրել են շատ մեքենաներով չշրջել, իրենց պահել զուսպ եւ աչքի չընկնել. եթե նրանց կողմից որեւէ հակաօրինական դրսեւորում եղավ, ապա խիստ պատիժն անխուսափելի կլինի: Տեղի ունեցածը շատերին հիշեցրել է 1990-ական թվականները, երբ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին հաջողվեց կարճ ժամանակում Հայաստանը մաքրել քրեական տարրերից: Հիմա, փաստորեն, նման մեթոդով շարժվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

Օրերս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Դավիթ Սանասարյանը շարունակում է երկու տարի առաջ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում մնալ: Խոսքը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած բախումների կապակցությամբ հարուցված գործի մասին է: Թեեւ Սանասարյանի խափանման միջոցը փոխվեց, ու նա կալանքից ազատ արձակվեց, սակայն քրեական հետապնդումը չի դադարեցվել` հակառակ այն բանի, որ հարուցված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ուներ: Փաստաբան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս գործով տեւական ժամանակ է` որեւէ քննչական գործողություն չի կատարվում, բայց եւ այն չի կարճվում: «Այդպես չի լինում, յուրաքանչյուր երկու ամիսը մեկ նախաքննության ժամկետ է երկարացվել, ինչի՞ հաշվին եք երկարացրել, ինչո՞ւ է այդպես: Սա ուղղակիորեն հաստատում է, որ այն ժամանակվա իշխող կուսակցության կողմից քաղաքական պատվեր է կատարվել»,- ասաց նա:

 

 

 

ՈՎ ԷԼ ԽՈՍԻ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է իրավապաշտպանի դերում: Հազիվ թե: Բայց արի ու տես, որ Արմեն Աշոտյանը որոշել է նման հայտ ներկայացնել: ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ փոխնախագահը նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին մեղադրել է քաղաքական հալածանքներ իրականացնելու մեջ եւ հայտարարել. «Եթե Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հետապնդումների արժանանան, դիմեն իրեն՝ որպես ԱԺ պատգամավորի՝ անկախ քաղաքական հայացքներից»:
Միայն թե ՀՀ սահմանադրությունը պահպանելու, քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու մասին ԱԺ ամբիոնից բարձրաձայնում է մի պատգամավոր, որի կուսակցությունն իշխանության ղեկին գտնված 20 տարիների ընթացքում արել է ճիշտ հակառակը: ՀՀԿ իշխանավարման տարիներին ամենօրյա ռեժիմով ականատես ենք եղել ընդդիմախոսների հալածանքի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգի աշխատակիցների բռնի կուսակցականացման, երբ ստիպում էին մտնել ՀՀԿ շարքերը: Արմեն Աշոտյանը հավանաբար մոռացել է, թե ԿԳ նախարար աշխատած տարիներին կրթական համակարգի ինչպիսի տոտալ կուսակցականացում էր ընթանում. մանկապարտեզների կոլեկտիվները, դպրոցների ուսուցչական կազմը, բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի զգալի հատվածը հանրապետականացվել էին, ՀՀԿ-ական որջերի էին վերածվել ուսանողական խորհուրդները: Սա դեռ ամենը չէ, հանրապետականացնելուց բացի կրթական համակարգի շատ ներկայացուցիչների ստիպողաբար դարձրել էին պետական հանցագործ, երբ նրանց վրա ընտրությունների ժամանակ կեղծիքների «պլան էր դրված». բավական է հիշել հայտնի սկանդալը, թե ինչպես էին դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները ՀՀԿ օգտին ձայներ հավաքում, ցուցակագրում:
Ու հիմա, չնայած այս ամենին, Աշոտյանը հանկարծ որոշել է զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ՝ նորօրյա «քաղհալածյալներին» կոչ անելով դիմել իրեն: Տեղի ունեցածն այլկերպ, քան ցինիզմ, դժվար է որակել: Մանավանդ, երբ իրականում Արմեն Աշոտյանն այսկերպ վերջին ճիգերն է գործադրում պահպանելու իրենց իշխանության տարիներին ստեղծված համակարգը: Ի վերջո, նոր կառավարությունը հայտարարել է կրթական համակարգն ապակուսակցականացնելու մասին: Իսկ ապակուսակցականացնել նշանակում է ՀՀԿ-ի ձեռքից խլել կարեւոր լծակները, որոնք գործածում էին ընտրություններին ձայներ հավաքելու համար:




Լրահոս