ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը: Նախ արձանագրենք, որ դրանք հունվար-մարտ ամիսների ցուցանիշներն են, երբ Սերժ Սարգսյանը նախագահն էր, իսկ Հայաստանի վարչապետը Կարեն Կարապետյանն էր: Այսինքն` ներդրումների վերաբերյալ հաշվետվությունը պետք է դիտարկել նախորդ կառավարության արձանագրած ցուցանիշների համատեքստում:

Ընդ որում` դրանք արձանագրվել են այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանում դեռեւս չէին սկսվել քաղաքական գործընթացները` Նիկոլ Փաշինյանի «Թավշյա հեղափոխությունը»: ՎԿ-ի` ներդրումների վերաբերյալ հրապարակած ցուցանիշները արձանագրվել են այն ժամանակ, երբ երկիրը քաղաքականապես համեմատաբար շատ հանգիստ վիճակում է գտնվել:
ՎԿ տվյալներից պարզեցինք, որ պաշտոնապես Հայաստանում ուղղակի ներդրումները ավելացել են. եթե 2017 թվականի հունվար-մարտին ուղղակի ներդրումները կազմել էին 19 մլրդ 743 մլն դրամի չափ, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը բավականին ավելացել է: Այսինքն` մոտ 2 անգամ ավելացել են ներդրումների ծավալները: Բայց երբ մանրամասն սկսում ենք վերլուծել այս ցուցանիշները, ստացվում է ոչ այնքան հուսադրող պատկեր: Բայց մյուս կողմից նկատենք, որ օֆշորային ներդրումները հիմնականում ավելացել են Ջերսիի կղզիներից: Ինչպես հայտնի է, այնտեղից ներդրումներ են կատարվել Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի հանքավայրում: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում` Չաննել կղզիում: Նկատենք, որ Ջերսիից այս տարվա հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի ավելացել են ուղղակի ներդրումների ծավալները` մոտ 15 մլրդ դրամով: Այսպես, ըստ ՎԿ-ի` եթե 2017 թվականի հունվար-մարտին օֆշորային այս կղզուց եկած ուղղակի ներդրումները կազմել են 5 մլրդ 760 մլն 800 հազար դրամ, իսկ ահա այս տարվա նույն ժամանակահատվածում` 20 մլրդ 640 մլն դրամ:
Տեղեկացնենք, որ օֆշորները` ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են: Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձնել օֆշորային գոտի: Այդպիսով կարելի է շրջանցել եկամտահարկը, որը Հայաստանում 20 տոկոս է կազմում, իսկ օֆշորներում` 1-2 տոկոս կամ ընդհանրապես 0 տոկոս (բնականաբար, դա չի նշանակում, որ այդպես են վարվում օֆշորային երկրներից կամ գոտիներից բոլոր ներդրողները):
Ուղղակի ներդրումների մյուս դեպքերում տարօրինակ շեղումներ են նկատվում: Թեկուզ փոքր չափի, բայց Ռուսաստանից եւս ավելացել են ուղղակի ներդրումների ծավալները: Պաշտոնական վիճակագրությամբ` եթե 2017-ի հունվար-մարտին Ռուսաստանից Հայաստան մտել է 4 մլրդ 789 մլն 500 հազար դրամի չափով ներդրումներ, ապա այս տարվա նույն ժամանակահատվում այն կազմել է 5 մլրդ 769 մլն 300 հազար դրամ:
Ի դեպ, բացի այս` ավելացել են նաեւ Գերմանիայից Հայաստան մտնող ուղղակի ներդրումների ծավալները` մոտ 4.4 մլրդ դրամի չափով: Միայն այս տարվա ընթացքում Գերմանիայից Հայաստան մտել է 8 մլրդ 336 մլն 100 հազար դրամի ներդրումներ անցած տարվա 3 մլրդ 941 մլն 600 հազար դրամի դիմաց: Նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններից վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան եկած ներդրումների ծավալներն են ավելացել. եթե 2017 թվականի հունվար-մարտին դրանք կազմել էին 433 մլն 100 հազար դրամ, ապա այս տարվա նշված ժամանակահատվածում այն եղել է 1 մլրդ 233 մլն 400 հազար դրամ:
Հիմնականում ներդրումների ծավալների ավելացման վրա իր ազդեցությունն է ունեցել հանքագործական արդյունաբերության եւ բացհանքերի շահագորման եւ հանքագործական արդյունաբերության հարակից գործունեություների տեսակները: Օրինակ` եթե 2017 թվականի հունվար-մարտին հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մասով ներդրումները կազմել էին 5 մլրդ 760 մլն 800 հազար դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` 20 մլրդ 640 մլն դրամ:
Սա նախորդ կառավարության, այսպես ասած, հեռացած իշխանության պատկերն է: Եւ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն իր հերթին արտասահմանյան այցերի ժամանակ ներդրողների էր հրավիրում, նույնկերպ Կարեն Կարապետյանը ամեն պատեհ առիթի խնդրում էր օտարերկրացի գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանում: Հիշում եք Կարապետյանի` Դավոս այցը, երբ բոլոր հանդիպումներում միայն ներդրումների մասին էր խոսում:
Թեեւ պաշտոնապես փոքր-ինչ ավելացել են ներդրումների ծավալները, բայց սա այն բավարար չափը չէ, որ կարող էր Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն ունենար: Այս ամեն ինչն ունի իր քաղաքական դրդապատճառները. Հայասատան ներդրումներ քիչ են եկել կամ չեն եկել իշխանության նկատմամբ անվստահության, տնտեսության ոլորտում մենաշնորհների, հարկային օրենսդրության կամայականությունների ու, վերջապես, Ղարաբաղյան խնդրի կարգավորված չլինելու պատճառով, երբ ամեն րոպե առկա է պատերազմ սկսելու սպառնալիքը: Բայց նոր իշխանության գալով այս բաղադրիչներից մեծ մասը լուծվել է: Այսինքն` իշխանության է եկել մի ուժ, որը մենաշնորհների դեմ պայքար է սկսել, տեսանելի քայլեր է անում կոռուպցիայի վերացման ուղղությամբ: Ավելին` մեր հանրապետությունում, ի վերջո, քաղաքական մթնոլորտ է փոխվել, որը վստահություն է առաջացրել ոչ միայն երկրի ներսի բնակչության, այլեւ դրսի ներդրողների մոտ: Իսկ Ղարաբաղի խնդիրը, բնականաբար, մեկ օրում չի կարող լուծվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԻՆ
«Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու, կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջների մասին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի: 2017թ. նոյեմբերի 16-ին դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցադիմումը ընդունել է վարույթ: Այդ գործով նախնական դատական առաջին նիստը Իջեւանում կայացել է 2018թ. հունվարի 23-ին: 2018թ. մայիսի 15-ին Երեւանում կողմերի լիազորված ներկայացուցիչները հաշտության համաձայնություն են ստորագրել, որով «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն պարտավորվել է դադարեցնել որոշակի ապրանքային նշաններով, դրանց տարբերակներով ապրանքների օգտագործումը, վաճառքը, արտահանումը, գովազդումը, ցուցադրումը, նշված ապրանքային նշանները եւ դրանց տարբերակները հանել իր արտադրած ապրանքների կամ դրա փաթեթավորման վրայից ու չօգտագործել որեւէ ապրանքային նշան, որը նույնական է կամ կարող է շփոթելու աստիճան նման լինել «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ին պատկանող որեւէ ապրանքային նշանի: Մայիսի 29-ին դատավոր Ս. Իսկանդարյանը վճռել է հաստատել կողմերի միջեւ հաշտության համաձայնության համաձայնագիրը եւ այդ հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԱՎՈՒՇ

 

 

 

ՍԱՏԱՆԵՔԻ ՈՐՍ
Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը երեկ լրագրողների համար հիանալի ներկայացում է բեմադրել հարցազրույցի տեսքով: Նա ասմունքել է Ավետիք Իսահակյանի Աբու Լալա Մահարի պոմեից. «Հզոր ոսկին գողին դարձնում է ազնիվ բարեպաշտ, պոռնիկին՝ կույս, վախկոտին՝ կտրիճ, տգետին՝ հանճար»:
Ղուկասյանը պատասխանել է լրագրողների հարցերին` նշելով, որ ինքը մանկուց է զբաղվել ձեռնարկատիրությամբ: «Ես Խորհրդային միության ժամանակահատվածում` մինչեւ էս վերջերս, ունեցել եմ մեծ գործարան, աշխատել եմ: Առաջին կոոպերատիվը Լենինականում բացվել է իմ կողմից, գնացեք, նայեք, կտեսնեք»: Նա ասել է, որ վախենալու ոչինչ չունի. -«Ես վախենալու միայն մի բան ունեմ, որ ահեղ դատաստանի առաջ կանգնեմ: Իմ հարստությունը, որ ներկայացնում եք, շինծու է»: Ղուկասյանը հայտարարել է, թե ժամանակին ՀՀԿ-ին անդամագրվել է ստիպողաբար: «Ես կուսակցական չեմ եղել: … Ես ստիպված մտել եմ կուսակցություն, չուզենալով, իրենք էին առաջարկել, դրանից հետո անցել է մի քանի ամիս, ինձ խփել են: Ես 2007 թվականից 2012 թվականը ՀՀԿ ոչ մի խորհրդի նիստերին մի անգամ չեմ մասնակցել, հիմա դուք հեռուստատեսությունում գցել եք ինձ կարկառուն հանրապետակա՞ն, դուք մոռացել եք այն սատանեքին, որոնց վրա էլ տեղ չի մնացել` տարբեր կուսակցություններ փոխելով, դու եկել ի՞նձ եք ասում։ Ես մաքուր եմ, պարզ եմ, շիտակ եմ»:

 

 

 

ՓՈԽՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԼՔԵԼ ՀՀԿ-Ն
Նոր կառավարության կազմը գրեթե ամբողջանում է: Այսօր գործադիր մարմնի նիստում հայտնի կդառնան վեց մարզպետի անուն, իսկ վերջնական նշանակումն էլ շուտով կավարտվի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու: Մարզպետների վերջնական նշանակումից հետո փոփոխություններ են լինելու նաեւ մարզպետարանների աշխատակազմերում: Առաջին հերթին խոսքը փոխմարզպետների փոփոխության մասին է: Ինչպես փոխնախարարների դեպքում, այս անգամ եւս, մեր տեղեկություններով, փոխմարզպետներ կշանակվեն կառավարության կազմում ընդգրկված ուժերի ներկայացուցիչները:
Սակայն պարզվում է՝ կան փոխմարզպետներ, որոնք հանուն պաշտոնի պատրաստ են կասեցնել ՀՀԿ-ի անդամակցությունը:
Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, այս ընթացքում աշխատել է տարբեր մարզպետների հետ, սակայն հիմա էլ դեմ չէ աշխատել նոր իշխանությունների հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ աշխատանքը շարունակելու ցանկություն ունի: «Այս տարիների ընթացքում մարզպետի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքը կատարել եմ բարեխղճորեն եւ բարձր մակարդակով»,-ասաց նա: Դիտարկմանը՝ փոխմարզպետները եւս փոխվելու են, նա նշեց. «Ես պատրաստ եմ աշխատել, իմ գիտելիքներն ու ներդրումն ունենալ մարզի զարգացման համար»: Եվ քանի որ ՀՀԿ-ն հայտարարել է, թե նոր իշխանության օրոք պաշտոն ստացողները պետք է սառեցնեն անդամակցությունը ՀՀԿ-ին, փոխմարզպետը ընդգծեց. «Ես հակված եմ աշխատելուն: Եթե անհրաժեշտություն լինի, այո՛, կսառեցնեմ»:
Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից, չնայած մարզպետ Կարապետ Գուլոյանի նշանակմանը` դեռ չի որոշել՝ առաջիկայում հրաժարական կտա, թե ոչ: .«Դեռեւս այդ հարցին թույլ տվեք չպատասխանել: Կլինեն իրողություններ եւ ինչպես դուք, այնպես էլ հանրությունն այդ մասին կիմանա»: Դիտարկմանը՝ պատրա՞ստ եք նոր իշխանությունների հետ աշխատելու, Մարգարյանը նշեց. «Եկեք դա թողնենք ապագային»: Մարգարյանը նաեւ խուսափեց պատասխանել՝ հանուն պաշտոնի կկասեցնի՞ ՀՀԿ-ի անդամակցությունը, թե՞ ոչ. «Գործընթացները տեղի կունենան, ինչպես դուք, այնպես էլ ողջ հանրությունը տեղյակ կլինի»:
Իսկ ահա Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, ով 2010 թվականից է այդ պաշտոնը զբաղեցնում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս անկեղծացավ, որ եթե ընտրության առջեւ կանգնի, ապա կընտրի պաշտոնը: Հարցին՝ հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ, նա նշեց. «Վաղը մարզպետը կգա, ըստ այդմ էլ կորոշենք՝ հրաժարական տալու եմ, թե շարունակելու եմ: Երկրիս համար պատրաստ եմ շարունակելու աշխատանքս»: Դիտարկմանը՝ այդ դեպքում պետք է սառեցնե՞ք ՀՀԿ-ի անդամակցությունը, ի՞նչ դիրքորոշում ունեք, նա նշեց. «Եթե շարունակեցի, այո՛, պատրաստ եմ: Ես չեմ որոշողը, տեսնենք»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս