«ՄԵՐ ՄԻԱՆԱԼՈՎ ՉԷՐ, ՇԱՐԺՈՒՄՆ ԻՆՔՆ ԷՐ ՄԻԱՑՆՈՒՄ ՄԵԶ ԻՐԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նոր ծրագրերի եւ մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների մասին զրուցել է հումորիստ, դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանի հետ։

-Վաչե, բացի «Ոսկե դպրոց» սիթքոմի շրջանակում աշխատելուց՝ պլանավորո՞ւմ եք իրականացնել հումորային այլ նախագծեր եւս։ Կա՞ն նոր ծրագրեր։
-Այժմ սիթքոմը հեռարձակվում է «Արմենիա Պրեմիում»-ի երկրորդ եթերաշրջանում։ Դրան զուգահեռ աշխատում եմ մի քանի նոր հաղորդաշարերի վրա, հանդիսանում եմ դրանց պրոդյուսերը։ Մոտ տասը-տասնհինգ օրվա ընթացքում պարզ կլինեն մեր հստակ անելիքները։ Շատ նոր ծրագրեր կան, բայց այս պահին, ցավոք, չեմ կարող փակագծեր բացել։
-Հետհեղափոխական Հայաստանում ի՞նչ տրամադրությամբ եւ տրամադրվածությամբ եք ապրում։ Ինչպե՞ս են վերջին իրադարձություններն անդրադարձել կոնկրետ Ձեր գործունեության վրա։
-Աշխատում ենք միայն լավի ակնկալիքով, նոր հույսերով առաջ ենք շարժվում։ Աշխատասեր մարդու համար քաղաքական իրավիճակը շատ բան չի փոխում։ Իհարկե, երբ կա հույս, որ աշխատանքդ ավելի կգնահատվի, ավելի ես ոգեւորվում, մեծ եռանդով ես աշխատում։
-Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ բացահայտ կերպով դեմ արտահայտվեց հեռուստատեսային մի ծրագրերի առնչությամբ՝ շեշտադրելով, որ պետք է հեռուստատեսային ծրագրերում պահպանվի բարձր որակ։ Կրթության եւ գիտության նախարարն էլ ավելի վաղ նշել էր, որ հեռուստաընկերությունները անորակ արտադրանքին հակակշիռ պետք է ստեղծեն։ Այս պարագայում, որպես պրոդյուսեր, ավելի պարտավորված չե՞ք զգում հատկապես հումորային հաղորդումների դեպքում պահպանել բարձր որակը։
-Այո՛, բնականաբար կա աշխատանքը ավելի լավ կատարելու ձգտում, սակայն դա ներքին պրոցես է, այնպես չէ, որ այդ ձգտումը վարչապետի հայտարարությունից հետո է ի հայտ եկել ինձ մոտ։ Օրինակ՝ ինձ արդեն ասել են, որ «Ոսկե դպրոց»-ն իր որակական հատկանիշներով ավելի բարձր է, քան «Քարե դարդը», ուրախություն են հայտնել, որ այն ուսուցողական բնույթ է կրում։ Ամեն մեկս մեր ոլորտում զարգանում եւ աճում ենք։ Նախկինում ես «Վիտամին» ակումբի շրջանակում թիմային աշխատանք եմ տարել, հետո արդեն անհատական գործունեություն եմ ծավալել, սեփական հետեւություններս եմ արել, փորձս է ավելացել, եւ արդեն հաջորդ նախագիծն իրականացնելիս այդ աճը, կարծում եմ, զգացվել է։ Հանդես եմ եկել նաեւ որպես սցենարիստ, դա եւս իր դերը խաղացել է։ Համոզված եմ, որ հաջորդ նախագծերը իրականացնելիս միայն առաջընթաց ենք գրանցելու։
-Իսկ որպես քաղաքացի՝ ավելի պահանջատեր դարձե՞լ եք։
-Այո՛, օրինակ` սկսել եմ պահանջել ՀԴՄ-ները (ծիծաղում է)։ Ընդհանուր առմամբ, դեռ շուտ է փոփոխություններից խոսել։ Բայց ես արդեն մարդկանց մոտեցումներում տեսնում եմ դրանք։ Բազմիցս առնչվել եմ սփյուռքի մեր հայրենակիցների հետ եւ այնքան մեծ ուրախություն եմ զգացել, երբ նրանցից շատերը հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել։ Այդ ներգաղթը պարարտ հող է հայրենիքը զարգացնելու համար։ Բազմիցս հնարավորություն եմ ունեցել ապրելու արտերկրում, սակայն մշտապես մերժել եմ այդ առաջարկները, քանի որ նախընտրել եմ մնալ հայրենիքում։ Մեծ եւ զգալի փոփոխությունների ականատեսը լինելու համար ժամանակ է հարկավոր, բայց, իհարկե, այն, ինչ եղավ մեր երկրում, հրաշալի էր եւ աննախադեպ։
-Իսկ Դուք միացե՞լ էիք ժողովրդական շարժմանը։
-Գիտե՞ք, մինչ օրս ես այդ թեմայով մեկնաբանություն չեմ արել եւ կարծում եմ՝ սխալ կլինի, եթե հիմա անեմ։ Ցանկացած խոսք՝ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, արժանանում է բուռն արձագանքների։ Նաեւ այդ է եղել պատճառը, որ ձեռնպահ եմ մնացել մեկնաբանություններից։ Բայց շարժումն այնքան ուժեղ էր, որ չէիր կարող չմիանալ, մեր միանալով չէր, շարժումն ինքն էր միացնում մեզ իրեն։
-Հիմա ի՞նչ պետք է անել ձեռք բերածը չկորցնելու համար։
-Ամեն մեկս մեր հերթին, մեր բնագավառում պետք է հարգենք օրենքը, շարժվենք դրա համաձայն, ուշիմ լինենք, չփորձենք սադրանքների տրվել, չմեղադրենք մեկս մյուսիս եւ ապրենք սիրո ու համերաշխության մթնոլորտում։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

«ՑՈՐԵՆԸ ՉՑԱՆԱԾ՝ ՀԱՑ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ»

Երգիչ, երգահան Վահագ Ռաշը այժմ աշխատում է հայտնի «Վարդը» ստեղծագործության վրա (խոսքերը՝ Գյոթեի, երաժշտությունը՝ Ռոմանոս Մելիքյանի)։ Նա պատրաստվում է այն մատուցել նորովի։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ Վահագը։ Բացի այդ՝ նա հանդիսատեսի դատին կհանձնի «Բակը» երգը (հեղինակ՝ Հասմիկ Արշակյան)։ «Այդ երգը կարող է արթնացնել մանկության հուշեր, այն կներկայացվի վալսային տարբերակով»,-ասաց Վահագը։ Ի դեպ, նա շուտով համերգով հանդես կգա Արցախում։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ ներքին քաղաքական կյանքին՝ նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից. «Նոր կառավարության անդամնրը՝ սկսած վարչապետից, վերջացրած նախարարներով, բարձր ճաշակ ունեն, այնպես որ սպասումներս շատ մեծ են»,-շեշտեց նա։
Վահագի խոսքով՝ առաջնային խնդիրը, որը պետք է լուծի կառավարությունը երգարվեստի ոլորտում, ռադիոյի եւ հեռուստատեսության դաշտը մաքրելն է անորակ կատարողներիցգ «Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել ազգային երաժշտությանը, հարկավոր է դպրոցներում հատուկ քարոզչություն տանել, պետք է այնպես անել, որ նոր կատարողները ստվերում չմնան, որ երկար տարիներ չպահանջվի մի քայլ անելու համար։ Ես դեմ եմ դաշտը մոնոպոլիզացնելուն։ Իհարկե, ասպարեզում շատ տաղանդավոր մարդիկ էլ կան, բայց մենք անընդհատ տեսնում ենք նույն դեմքերին»,-մեկնաբանեց երգիչը։
Նրա համոզմամբ՝ այսօր ոչ ոք իրավունք չունի ձեռքերը ծալած նստելու, եւ ամեն մեկս մեր դերն ունենք երկրի կայացման գործումգ «Չպետք է սպասենք, թե Փաշինյանն ինչ կանի։ Նա միայնակ ոչինչ չի կարող անել։ Չնչին հարցերով չպետք է անհանգստացնենք կառավարությանը։ Ցորենը չցանած՝ հաց ենք ուզում»,-նկատեց Վահագը։
Նրա խոսքով՝ եթե այսպես շարունակվի, իր որդին իսկապես հնարավորություն կունենա ապրելու ազատ եւ երջանիկ Հայաստանում։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԶԻԴԱՆԸ ԼՔԵՑ «ՌԵԱԼ»-Ը
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պաշտոնապես հայտարարեց զբաղեցրած պաշտոնը լքելու մասին: «Որոշել եմ չշարունակել զբաղեցնել «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Մի փոքր տարօրինակ պահ է, բայց այս թիմին փոփոխություն է անհրաժեշտ, որպեսզի շարունակի հաղթել, անհրաժեշտ են աշխատանքի այլ մեթոդներ, այդ պատճառով էլ նման որոշում եմ կայացրել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այլ թիմ չի փնտրում: 45-ամյա Զիդանը, հիշեցնենք, 2015/16 մրցաշրջանի ընթացքում է ընդունել մադրիդյան թիմը եւ երեք տարի անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը: «Ռեալ»-ը Զիդանի գլխավորությամբ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկրի Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթներում, երկու անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Ընդհանուր առմամբ «Ռեալը» այս ընթացքում Զիդանի հետ 9 տիտղոս է նվաճել:

 

 

ԻՆՔՆ Է ԶԲԱՂՎՈՒՄ
Ըստ շրջանառվող լուրերի` ՊՍԺ հարձակվող Նեյմարի հայրը կապ է հաստատել գործակալ Պինի Զախավիի հետ` խնդրելով նրան օգնել ֆուտբոլիստի` «Ռեալ» տեղափոխությունը կազմակերպելու հարցում: Երեկ Նեյմարը մեկնաբանել է այդ տեղեկատվությունը` ասելով. «Հայրս իմ կարիերայի վերաբերյալ որոշումներ չի կայացնում: Դրանով միայն ես եմ զբաղվում: Նա լավագույն խորհրդատուն է, ում ես կարող եմ դիմել, բայց արդյունքում որոշումը ես եմ կայացնում: Հայրս աշխատում է այնպիսի հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն կապված չեն ֆուտբոլի հետ: Դրա շնորհիվ ես կարող եմ ամբողջովին կենտրոնանալ իմ աշխատանքի վրա»:

 

 

 

ԿԱՐԻԵՐԱՅԻՑ ՀԵՏՈ` ԾՈՎ
Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պատմել է իր ծրագրերի մասին: Նա խոստովանել է, որ պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո կցանկանար ապրել ծովի ափին եւ ուղեւորություններ իրականացնել զբոսանավով. «Ինձ համար դժվար է պատկերացնել կյանքս առանց ծովի: Ես միշտ կապված եմ եղել ծովի հետ, առանձնահատուկ վերաբերմունք եմ տածում ծովի հանդեպ: Այնտեղ ես շատ ժամանակ եմ անցկացնում, սիրում եմ գտնվել նավակում: Կցանկանայի զբոսանավով տարբեր վայրերում լինել: Հուսով եմ` շուտով ավելի հաճախ ծով դուրս կգամ իմ զբոսանավով»,-ասել է թենիսիստը:
Թենիսիստը պատմել է, որ իր հայրը եւս նավակ է ունեցել, իսկ ինքը մանկուց սիրել է ծովը:




Լրահոս