ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԱՐՏԵՐԿՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ Մարտի 1-ի գործով հարցումներ են ուղարկվել Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ արտերկրներում գտնվող փորձագիտական հիմնարկներին:

Եվ այսպես, ինչպես հայտնի է, այս տարի ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իրականացված լսումների արդյունքում պարզվել էր, որ գործը քննող քննչական խումբն այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-2-ի իրադարձություններին»: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հարցով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով այդ զեկույցը կցել գործին, եւ նա նշել էր, որ այդ փաստական նյութը չի ուսումնասիրվել, եւ սա մեծ բացթողում է. «Որովհետեւ այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր կարող են բացահայտվել»: Մի քանի մեջբերում փաստահավաք խմբի անդամների զեկույցից. «Մեր տրամադրության տակ բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաձայնագրություններ եւ այլ ապացույցներ կան, որոնք հիմք են տալիս պնդելու, որ մինչ արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը ՀՀ զինված ուժերի կառավարման մարմիններն ու ստորաբաժանումները արդեն իսկ նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին ու նաեւ մարտի 1-ի ցերեկվա ու երեկոյան իրադարձություններին»:
Արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազությունը «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ Մարտի 1-2-ի իրադարձություններին» վերտառությամբ զեկույցն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն դրանում արծարծված հանգամանքները 2008թ. մարտի մեկի դեպքերի եւ սպանությունների հետ կապված քննվող քրեական գործերով քննության առարկային վերաբերելիության եւ ըստ անհրաժեշտության համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու հարցը քննարկելու համար:
10 տարի անց Մարտի 1-ի գործով իրավիճակ է փոխվում, եւ չի բացառվում, որ ՀՔԾ-ում համապատասխան քննարկման արդյունքում որոշում կայացվի, ըստ անհրաժեշտության համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողություններ իրականացվեն, որոնք նոր բացահայտումների հիմք կդառնան:
Արդեն այս տարվա մայիսի 23-ին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով Մարտի 1-ի գործին, ասել էր, որ Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունը ընթացքի մեջ է, եւ այդ գործի շրջանակներում ակտիվորեն փորձ է արվում օգտագործել տեխնիկական նոր հնարավորություններ. «Վստահեցնում եմ, որ այդ գործի մեջ կա բավականին կարեւոր ապացուցման առարկայի մի հատված, որը մեծապես պայմանավորված է նոր տեխնիկական ձեռքբերումներով: Այդ ուղղությամբ եւս աշխատանքներ կատարվում են»:
Իսկ ի՞նչ ապացույցի եւ առարկայի մասին էր խոսում ՀՀ գլխավոր դատախազը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` երբ դատախազը խոսել է տեխնիկական նոր հնարավորությունների մասին, նկատի է ունեցել այն հանգամանքը, որ ներկայումս համակարգը նոր տեխնիկաների գործադրման արդյունքում փորձում է պարզել, թե կոնկրետ ինչ զենքից են կրակել ցուցարարների վրա, եւ ով է այն կրակել, եւ ահա այս ամենը պարզելու համար նշանակվել են նոր փորձաքննություններ:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Հատուկ քննչական ծառայություն հասկանալու համար, թե արդյոք փորձաքննություններն են նոր նշանակվել, եւ, առհասարակ, որ փուլում է գտնվում գործը: Ի պատասխան` ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնեցին. «Հաշվի առնելով, որ մարտի 1-ի գործով նախկին փորձաքննությունները կատարվել են շուրջ 10 տարի առաջ, եւ այդ ժամանակահատվածում զարգացել են գիտատեխնիկական միջոցներն ու մեթոդները, ի հայտ են եկել փորձաքննությունների անցկացման նոր եղանակներ, ուստի մի շարք փորձաքննությունների ընթացքում օգտագործվող նոր սարքավորումների կիրառմամբ հետազոտությունների անցկացման հարցը պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել փորձագիտական հիմնարկներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲԱԲԱՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵ՞Ն
Ինչպես հայտնի է, ՀՀ վճռաբեկ դատարանը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով վարույթը քննելու է հունիսի 15-ին` ժամը 11:00-ին:
Բողոքը քննելու եւ վճիռը կայացնելու օրը պալատը կքննարկի նաեւ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի երաշխավորության հարցը: Նրանք երաշխավորություն էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում Սամվել Բաբայանի ազատման մասով քննարկվում են մի քանի տարբերակներ, թե դատավորները ինչ որոշում կկայացնեն: Ըստ դատավորների շրջանում տարածված տեղեկությունների` ամենայն հավանականությամբ Վճռաբեկ դատարանը կորոշի Սամվել Բաբայանի գործը ուղարկել նոր քննության` մատնանշելով այնտեղ առկա մի շարք դատավարական սխալներ: Քիչ հավանական է արդարացման տարբերակը, քանի որ դատական համակարգում քիչ է եղել պրակտիկան, որ Վճռաբեկ դատարանը միանգամից արդարացման որոշում է կայացնում: Նկատենք, որ դատական համակարգում նաեւ չեն բացառում այն վարկածը, որ թավշյա հեղափոխությունից հետո նաեւ իրավիճակ է փոխվել, եւ հնարավոր է` հենց Վճռաբեկ դատարանի դահլիճից Սամվել Բաբայանին ազատ արձակեն: Ինչ կլինի հունիսի 15-ին` դժվար է կանխատեսել:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգը ազատվե՞լ է քաղաքական հրահանգներից եւ կարո՞ղ է օրենքով որոշում կայացնել, ինչի արդյունքում հունիսի 15-ին Սամվել Բաբայանը ազատ կարձակվի դատարանի դահլիճից, ի պատասխան` Սերժիկ Ավետիսյանը հայտնեց. «Անլուրջ կլինի` դատավորը մեկնաբանի իր վարույթում քննվող գործով, երբ ինչ որոշում կլինի, ամսի 15-ին կգաք, կունկնդրեք, կտեսնենք, թե ինչ որոշում կլինի»:
Մեր այն հարցին` դատական համակարգը անկաշկանդ է որոշում կայացնելու, Սերժիկ Ավետիսյանը հայտնեց.«Ինչ կաշկանդվածություն պետք է լինի: Եկեք գնահատականներ չտանք, մենք իրավաբաններ ենք, կան գործեր, կա իրավունք, կա օրենք, կա սահմանադրություն, հարգում ենք բոլորին, մենք դեռ որոշում չենք կայացրել, ամսի 15-ին նոր որոշում կկայացնենք»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Կարեն Ղահրամանյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի պաշտոնակատարի պաշտոնից: Հիշեցնենք, որ Կարեն Ղահրամանյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է. «Անցյալ տարվանից մեծ աշխատանք է տարվել Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարման վերաբերյալ, եւ դրանք շարունակվում են մինչ հիմա: Փառք Աստծուն, կասկածելի հեղինակություն ունեցող մարդիկ չգիտեն այդ աշխատանքների մանրամասները, եւ ես խորհուրդ կտայի ուշադրություն չդարձնել նման մարդկանց կողմից արվող հրապարակումներին եւ հայտարարություններին»: Նա վստահություն է հայտնել, որ նման հայտարարություններն արվել են միայն ուշադրություն գրավելու համար: Ինչպես Չեխիայում Հայաստանի դեսպանատունը, այնպես էլ ՀՀ դեսպանատունը Սլովակիայում վստահեցնում են, որ մատակարարումների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է: Ըստ Բալայանի՝ խնդիրն այն է, որ այդ զենքի վերջնական օգտագործման իրավունքը տրամադրվում է մի երկրի, սակայն այն գտնվել է մեկ այլ երկրում, ինչը ԵՄ համապատասխան կանոնակարգերի կոպիտ խախտում է:

 

 

ՓՈՓՈԽՎԵԼ Է
ՀՀ ԱՆ քկհ-ի որոշմամբ` Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոփոխվել է բաց ռեժիմի: Փոփոխությունը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգով: Սպասվում է, որ Կյուրեղյանն ազատ կարձակվի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Բաց ռեժիմը նախատեսում է, որ աշխատանք գտնելու դեպքում նա կարող է առավոտյան դուրս գալ բանտից եւ երեկոյան նորից վերադառնալ բանտ, իսկ աշխատանք չգտնելու դեպքում կշարունակի մնալ բանտում: Հիշեցնենք, որ «Արժեքների հեղափոխության» պահանջով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով առաջին դատական նիստի մեկնարկին 2014թ. դատարանի բակում Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր այնտեղ կայանված ավտոմեքենաներից մեկի վրա եւ օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել իրավապահների ուղղությամբ:

 

 

 

ԿԴԱԴԱՐԵՑՎԵՆ
ՀՀ գլխավոր դատախազության որոշմամբ` Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիշյալ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան` միաժամանակ իրազեկելով ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը: Հիշեցնենք` նրանք քրեական գործով անցնում են որպես մեղադրյալներ. ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը եւ Կարեն Օհանյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, եւ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ վերջիններս կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը:

 

 

ՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ծրագրերը, որոնք հաստատվել են բյուջեով, անցել են մրցույթներով, կարող են ունենալ կոռուպցիոն ռիսկեր: Իրենք պարտավոր են լինել բաց ու թափանցիկ, հաշվետու քաղաքացիների առջեւ: Անդրադառնալով տենդերների խնդրին` սփյուռքի նախարարը նկատել է, որ իր հանձնարարականով ուսումնասիրվել է այդ ոլորտը, եւ պարզվել է, որ առնվազն վերջին 3 տարիներին տենդերները նույն ընկերություններն են շահել. «Դեռ փաստեր չկան, բայց կան խոսակցություններ, որ այդ ՍՊԸ-ն անմիջական կապ է ունեցել ՊՈԱԿ-ի նախկին աշխատակազմի հետ: Կիրականացվի աուդիտ, որի արդյունքում կորոշվի, թե ինչպիսի ընթացք է ստանում քննությունը»,-ընդգծել է Մ. Հայրապետյանը:




Լրահոս