Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանին: Նախարարը նշել է, որ հեղափոխությունից հետո երկրում հաստատված քաղաքական նոր իրողությունները հասարակական պահանջի ներքո տեղերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն են առաջացրել:

Խոսելով ժողովրդավարության հասնելու ճանապարհին տեղական ինքնակառավարման մարմինների դերի եւ նշանակության մասին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ երկրում խորքային ու ամբողջական ժողովրդավարության եւ հասարակական համաձայնության կարելի է հասնել, երբ դա բխում է ներքեւից եւ արտացոլում է ժողովրդի ազատ կամարտահայտությունը։

Նախարարը նաեւ հիշեցրել է քաղաքում սպասվող արտահերթ ընտրությունների մասին եւ շեշտել, որ դրանք պատշաճ ու օրենքի տառին համապատասխան անցկացնելու գործում շատ կարեւոր է, որպեսզի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն ունենա քաղաքացիական հասարակության, քաղաքապետարանի աշխատակազմի եւ մարզպետարանի գործուն աջակցությունը։

Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար եւ վստահեցրել, որ թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանան հեղափոխության դրական էներգիան տեղափոխել Արմավիր ու լուծել քաղաքացիների առաջ ծառացած խնդիրները։




Լրահոս