Armenian text to speach

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը լրագրողներին պատասխանելու փոխարեն փախուստի իսկական մաստեր կլաս անցկացրին։

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ երկուսն էլ եկել էին Ազգային ժողով՝ ներկայացնելու 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, սակայն ամեն ինչ արեցին, որպեսզի լրագրողների հարցերին չպատասխանեն։

Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը, կարծես, մոռացել էին, որ խորհրդարանը հանրային հաշվետվողականության հարթակ է, ոչ թե մի վայր, որտեղ պաշտոնյաները կարող են հայտնվել, բյուջե ներկայացնել ու տարբեր դռներով ճողոպրել՝ առանց հանրությանը հուզող հարցերին պատասխանելու։

Սուրեն Պապիկյանի՝ լրագրողներից խուսափելու գործելաոճն արդեն վաղուց նորություն չէ։ Տարիներ շարունակ նա նախընտրել է փակ հանդիպումներ կազմակերպել լրագրողների հետ՝ երբեմն փոքրիկ-մոքրիկ տեղեկություններ հաղորդելով, իսկ վերջին տարիներին, կարծես, ընդհանրապես որոշել է լրագրողների հարցերից հեռու մնալ։ Նա խուսափում է ոչ միայն կառավարության նիստերից հետո լրագրողների հետ շփվելուց, այլև առավելագույնս փորձում է շրջանցել խորհրդարան այցելությունների ժամանակ նրանց հարցերին պատասխանելու պարտավորությունը։

Երեկ էլ բացառություն չեղավ։

Ազգային ժողովում շուրջ երեք ժամ տևած քննարկումներից հետո Պապիկյանի անվտանգությունն ապահովող անձինք տարբեր դռների մոտ էին կանգնել՝ նախարարին հնարավորինս աննկատ մեքենա հասցնելու և լրագրողների հետ հանդիպումից փրկելու համար։ Եվ նրանց այդ ծրագիրը հաջողվեց։ Լրագրողները տարբեր անկյուններում սպասում էին Պապիկյանին, սակայն այդպես էլ չկարողացան նրան հարցեր ուղղել։

Իսկ մենք հետաքրքրված ենք, թե ինչ է կատարվում բանակում։ Ինչո՞ւ են զինված ուժերում մահվան և ինքնասպանությունների դեպքերը շատանում։ Ի՞նչ է անում Պաշտպանության նախարարությունը՝ զինծառայողների կյանքը պաշտպանելու համար։ Եվ, ի վերջո, ո՞վ է պատասխան տալու բանակում արձանագրվող ողբերգությունների համար։

Այս հարցերի պատասխանները հանրությունը սպասում է տարիներ շարունակ, իսկ Պապիկյանը շարունակում է խուսափել դրանցից։

Նրա փախուստը, սակայն, երեկվա միակ դրվագը չէր։

Հաջորդը Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն էր, որը նույնպես խորհրդարան էր եկել, սակայն լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն հայտարարեց, թե զբաղված է և չի կարող պատասխանել։ Ավելին՝ Ասրյանը լրագրողներին հորդորեց իրենց հարցերով մասնակցել Ջերմուկում անցկացված փակ քննարկմանը։

Փաստորեն, Գլխավոր շտաբի պետը կարծում է, որ բանակի խնդիրների մասին լրագրողները պետք է տեղեկություններ ստանան փակ քննարկումների ընթացքում, որոնց բովանդակությունը հանրության համար անհասանելի է։

Ասրյանը, սակայն, մի բան հաշվի չի առել. փակ քննարկումների ժամանակ հանրությունը չի կարող տեղեկանալ բանակում տիրող իրավիճակի մասին։ Լրագրողներն իրենց հարցեր են ուղղում ոչ թե փակ քննարկման մանրամասները հրապարակելու, այլ կառույցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հանրությանը բացատրություն տալու համար։

Երբ բանակում արձանագրվում են ողբերգական դեպքեր, երբ զինծառայողների կյանքի անվտանգության հարցը հանրային մտահոգության առարկա է, Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը չեն կարող իրենց զբաղվածությամբ կամ փակ քննարկումների հղումներով ազատվել պատասխանելու պարտավորությունից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Մամուլի Տեսություն

Լրահոս