ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ տեւողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար: Սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների: Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն եւ որակով մասնակցողները: Եվս մեկ սեմինար նախատեսվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա), որի մասնակիցները կընտրվեն հայաստանյան սեմինարների շարքը բարեհաջող ավարտածներից` ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած քվոտաների:

Ստրասբուրգյան սեմինարի ավարտին ՔԴԵԴ-ի շրջանավարտներին կտրվեն վկայականներ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստորագրությամբ:
ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը եւ քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը:
Հայաստանյան սեմինարներին հրավիրվում է հանրապետության լավագույն էքսպերտային կազմը, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ:
Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ եւ անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ եւ այլք:
ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հայտնի հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բանակում, ոստիկանությունում, բիզնեսում եւ տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտական ոլորտի մասնագետները:
Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում:
Հայտատուն պետք է՝
1. լինի 23-ից մինչեւ 35 տարեկան: Ընտրվելիք մասնակիցների 25 տոկոսի չափով բացառություն կարվի մինչեւ 40 տարեկանների համար,
2. ունենա 2 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժ (ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ) եւ աշխատելիս լինի,
3. լինի Եվրոպայի խորհրդի որեւէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:
Անգլերենի, ֆրանսերենի կամ ռուսերենի իմացությունը պարտադիր է:
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձեւ),
2. մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),
3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն: Նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի դեպքում նաեւ տեղեկանք հաշվառման վայրի վերաբերյալ),
4. ինքնակենսագրություն (CV):
Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր եւս:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, պահանջ լինելու դեպքում, պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության ակտիվ գործունեության մասին վկայող փաստարկներ եւ հրապարակումներ:
ՔԴԵԴ-ի սեմինարներն արտագնա են (Ծաղկաձոր, Ջերմուկ եւ այլն): Ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրում կազմակերպվող սեմինարների մասնակցության ու կեցության ծախսերի մեծ մասը (ճանապարհածախս, հյուրանոց, սնունդ եւ այլն) հոգում է ՔԴԵԴ-ը: ՔԴԵԴ-ի մասնակցի կարգավիճակով ստրասբուրգյան սեմինարին հրավիրվողները մասնակիորեն՝ 410 եվրոյի չափով հանգանակությամբ, մասնակցում են ՔԴԵԴ-ի ծրագրերի իրականացմանը:
Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:
Այն հայտատուները, ովքեր քննությունների արդյունքում կհաղթահարեն մրցույթի փուլը, ուսումնական գործընթացը սկսվելուց առաջ պետք է ՔԴԵԴ ներկայացնեն.
1. երաշխավորագիր` պարտադիր կնքված, հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե՝
ա. ինչո՞ւ է հայտատուին երաշխավորում մասնակցել ՔԴԵԴ-ի սեմինարներին: Որո՞նք են սպասելիքները,
բ. ինչո՞վ են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ:
Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրն ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլեւս չի հրավիրվում ՔԴԵԴ-ի սեմինարներին,
2. հավաստագիր` պարտադիր կնքված (հատուկ ձեւ),
3. աշխատանքային գրքույկի բնօրինակը եւ դրա պատճենը` վերջին 2 տարվա (2016-2018) աշխատանքային ստաժի նշումով: Անհրաժեշտության դեպքում մասնագիտական աշխատանքային ստաժի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր իրավասու պետական մարմիններից:
Ֆաքսով կամ էլ. փոստով ստացված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները:
Եվրոպայի խորհրդի կողմից սեմինարների եւ մյուս միջոցառումների չֆինանսավորման կամ ֆինանսավորման կրճատման պարագայում կարող է կրճատվել միջոցառումների ու մասնակիցների քանակը:
Որեւէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից դրանք ի հայտ գալուն պես:
Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում եւ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են հուլիսի 4-ին, 6-ին եւ 9-ին, ժամը 13:00-ից 15:00-ը: Այդ օրերին հանրապետությունից բացակայողները կարող են փաստաթղթային փաթեթը հանձնել ավելի վաղ` նախապես պայմանավորվելով:
Հասցե` Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:
Հեռախոս` 010 51 11 71
Կայք` www.ysps.am

ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ` ԱՆՏԱՌԻ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղակայված Արծվաբերդի անտառտնտեսության գրասենյակում վերջերս մեծ վեճ է եղել, որի պատճառն այնտեղ տնօրենի պաշտոնում նշանակումներն էին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդգես Աթոյանը: Վերջինս, ի դեպ, ՀՅԴ անդամ է: Արծվաբերդի անտառտնտեսությունը ընդգրկում է Բերդի ամբողջ տարածաշրջանի անտառները եւ անտառապատ տարածքները: Անտառտնտեսությունը գործում է անտառային պետական կոմիտեի ենթակայությամբ, կոմիտեի նախագահը ՀՅԴ անդամ Միքայել Մանուկյանն է: Անտառային պետական կոմիտեն ՀՀ բնապահպանության նախարարության կազմում է: Նույն նախարարությանն է պատկանում նաեւ Բերդ քաղաքում 62 հա տարածք զբաղեցնող «Սորանի այգի» դենդրոպարկը, որը գործում է խորհրդային ժամանակաշրջանից: 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ դենդրոպարկի տնօրեն նշանակվեց երկար տարիներ Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող Վարդգես Աթոյանը: 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Վ.Աթոյանը մեկնեց Մոսկվա` իր փոխարեն տնօրեն նշանակելով որդուն` Դավիթ Աթոյանին: Մինչ այդ աշխատանքին անցնելը Դ. Աթոյանը որեւէ հիմնարկում չի պաշտոնավարել: Բերդի բնակիչների վկայությամբ` մինչ նշանակումը Դավիթ Աթոյանի հիմնական զբաղմունքը եղել է անտառից վառելափայտ բերելը եւ բնակիչներին վաճառելը:
33 տարեկան Դ. Աթոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը 2018թ.-ին ավարտել է Երեւանի արտաքին տնտեսական կապերի համալսարանը: Դ. Աթոյանը 2017թ. հոկտեմբերի 30-ին տողերիս հեղինակի հետ հեռախոսազրույցում հաստատել է այն փաստը, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելու համար 2017թ. հունիսի 26-ին պետավտոտեսուչի կողմից իրեն 150 հազար դրամով տուգանելու արձանագրություն է կազմվել:
Ու հիմա ստացվում է` հայր ու որդի Աթոյաններն այժմ ղեկավարում են նույն նախարարության կազմում ընդգրկված, իրար սահմանակից անտառտնտեսությունն ու բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Սորանի դենդրոպարկը: Եւ սա այն դեպքում, երբ նոր կառավարությունը սկզբունք է որդեգրել, որ վերջ է դնելու գերդաստաններով պաշտոնավարելու եւ ոլորտներ «սեփականաշնորհելու» գործելաոճին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս