Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 30-ին և հուլիսի 1-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր

Այցի ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի 3 տարածաշրջանների առավել խոշոր համայնքներում, հանդիպումներ ունեցել 92 համայնքների ղեկավարների հետ, քննարկել համայնքներում կատարված աշխատանքները, առաջնահերթ և երկարաժամկետ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Նախարար Պապիկյանն իր այցը մեկնարկել է Այնթափ համայնքից, այնուհետև եղել է Նորաշեն, Այգեստան, Աբովյան, Մասիս, Հովտաշատ համայնքներում: Աշխատանքային այցի երկրորդ օրը նախարարը եղել է Արտաշատ, Վեդի, Արարատ համայնքներում, որտեղ վերջիններիս ղեկավարներին է ներկայացրել այցի նպատակը՝ նշելով, որ նման անմիջական հանդիպումների միջոցով հստակ ուրվագծվում են տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավասության շրջանակներում գտնվող համայնքների առաջնային խնդիրները և այն խնդիրները, որոնց լուծումը պահանջում է համագործակցություն գործընկեր գերատեսչությունների հետ:

Համայնքների ղեկավարների կողմից զեկուցվող խնդիրներն առավելապես վերաբերել են սեփական եկամուտների հավաքագրմանը, խմելու և ոռոգման ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի բացակայությանն ու ոչ պատշաճ ապահովմանը, ճանապարհաշինությանը, աղբահանությանը, ինչպես նաև բարձրաձայնվել են կրթական և մշակութային հաստատություների կառուցման, վերանորոգման ու ջեռուցման հետ հետ կապված հարցեր։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են առկա հիմնախնդիրները լուծելու գործնական առաջարկներ, գնահատվել են համայնքների խոշորացման դրական և բացասական հետևանքները։ Տեղում ընթացիկ մի շարք հարցեր կարգավորելու համար նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ։

Չանտեսելով սոցիալ-մշակութային խնդիրների լուծումը` նախարարը շեշտել է, որ այս փուլում առաջնային է համայնքային ենթակառուցվածքների զարգացումը։ «Հանրապետության և կառավարության համար էական նշանակություն ունի համայնքների տնտեսական զարգացումը, իսկ տնտեսական զարգացման համար մեծ դերակատարում ունեն ենթակառուցվածքները, ուստի մենք շեշտադրումը պետք է կատարենք հենց սրա վրա»,- ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը միաժամանակ կարևորել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը, դոտացիաներից և սուբվենցիոն ծրագրերից օգտվելու հնարավորությունը և շեշտել դրանց նպատակային օգտագործման անհրաժեշտությունը։ Նախարարը հորդորել է համայնքապետերին` բնակիչների հետ հարաբերություններում լինել բաց, գործունեությունը դարձնել թափանցիկ, հասարակությանը տեղեկացնել կատարված աշխատանքների ամբողջական պատկերը։

Հանդիպումների ավարտին նախարարը հույս է հայտնել, որ հաջորդ այցելության ժամանակ արդեն կխոսեն լուծված հարցերի շուրջ։
Մարզի արդյունավետ կառավարումն ապահովելու հարցում նա կարևորել է մարզպետ Գարիկ Սարգսյանի դերակատարումը, նշելով, որ վերջինիս հետ համատեղ աշխատանքը տալու է ցանկալի արդյունքներ։
Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար` ընդգծելով խնդիրներին տեղում ծանոթանալու և հանդիպումներ ունենալու ընտրված ձևաչափի արդյունավետությունը։
Երկօրյա այցի ընթացքում նախարարը եղել է նաև Աբովյան, Արարատ համայնքների մշակույթի տներում, Մասիս քաղաքում ծանոթացել տեղի ընտանեկան սպորտային համալիրի կառուցապատման աշխատանքներին։
Շրջայցի ճանապարհին հանդիպել է համայնքի բնակիչներին, զրուցել նրանց առօրյա խնդիրների և բերքի իրացմանն առնչվող աշխատանքների մասին:

Սուրեն Պապիկյանի այցի վերջին կանգառը եղել է սահմանամերձ Երասխավան համայնքը, որտեղ նախարարն այցելել է նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ, եղել է համայնքի դպրոցում, ծանոթացել սահմանամերձ գոտու իրավիճակին։




Լրահոս