Համամասնական ընտրակարգի որ տարբերակը կընդունվի. Ընտրական օրենսգիրքը շատ շուտ պատրաստ չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները լայն թափով շարունակվում են: Վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն արդեն երկու նիստ է անցկացրել: Սակայն դեռ ոչ մի նիստ չի անցկացրել Ազգային ժողովի պատգամավորներից ձևավորված աշխատանքային խումբը. նրանց առաջին նիստը նախատեսված է վաղը: Արդեն իսկ վարչապետին առընթեր խումբն ասել է, որ քննարկումների հիմնական թեման 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն է:

Սակայն համամասնական ընտրակարգին անցնելու հետ կապված ուժերի միջեւ կրկին վերջնական որոշում առկա չէ: Մասնավորապես, դեռ պետք է որոշվի` ցուցակները լինելու են բաց, թե փակ:

Նախ նշենք, թե որոնք են այս երկուսի տարբերությունը:

Փակ ցուցակը հայտնի տարբերակն է, որ գործել է նաեւ նախկինում: Ընտրություններին մասնակցող ուժերի քվեաթերթիկներում գրվում է առաջին երեք քաղաքական գործիչների անունները, որը կողմնորոշիչ նշանակություն ունի ընտրողների համար: Այս դեպքում ընտրողները ձայն տալիս են կոնկրետ կուսակցությանը, եւ հաշվարկից հետո, երբ պարզվում է ուժերին տրվելիք մանդատների քանակը, ապա դա բաշխվում է ըստ ցուցակի հերթականության, եթե իհարկե ինքնաբացարկ հայտնողներ չլինեն: Այսինքն, եթե այս կամ այն ուժը ստանալու է 20 մանդատ, ապա դա տրվելու է ցուցակի առաջին 20 համարներին, եթե դրանց մեջ ինքնաբացարկ հայտնողներ չլինեն:

Իսկ ահա բաց ցուցակների պարագայում պայքարը կրկին անձերի միջեւ է լինելու, սակայն այս դեպքում Հայաստանը մեկ ընդհանուր ընտրատարածք է լինելու: Օրինակ, եթե կուսակցությունն ունի 120 թեկնածու, ապա քվեաթերթիկի վրա բոլոր 120 հոգու անունն էլ գրված է լինելու, եւ ընտրողը, վերցնելով քվեաթերթիկը, նշում պետք է կատարի այդ թեկնածուներից մեկի դիմաց: Արդեն ընդհանուր հաշվարկից հետո, երբ որոշվի, թե որ ուժը որքան մանդատ պետք է ստանա, ապա դրանք տրվելու են` ըստ անձերի հավաքած ձայների: Եվ, օրինակ, ցուցակի 80-րդ համարը կարող է լինել շատ ձայներ հավաքածներից մեկը:

Ընտրություններին համամասնական բաց ցուցակով մասնակցելը եղել է ՀՅԴ-ի առաջարկը: Մյուս ուժերի թվում եւս կան անձինք, ովքեր համաձայն են այս առաջարկին, սակայն նաեւ մտահոգություններ ունեն: Ընդ որում` այդ մտահոգությունները ավելի շատ պետք է լինեն հենց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի դեպքում: Բնական է, որ այս ուժերին ձայն տվողներն այդպես են վարվելու նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, Գագիկ Ծառուկյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Եվ տեսականորեն պատկերացրեք, որ այս ուժերից մեկը ստացել է 30 մանդատ, սակայն ձայների 70 տոկոսը ստացվել է միայն առաջնորդների շնորհիվ: Եվ այս պարագայում մյուս 29-ին որոշելը շատ դժվար է լինելու, քանի որ մեծ թիվ կկազմեն այնպիսի թեկնածուներ, որոնք ընդհանրապես ձայներ չստանան: Հենց այս հանգամանքն է մտահոգում եւ հետ պահում բաց ցուցակներով ընտրություններին մասնակցելու մտքից:

Այս երկու տարբերակներն էլ շրջանառվողների եւ քննարկվողների թվում են, եւ վերջնական տարբերակ առկա չէ, եւ քննարկումները շարունակվելու են նաեւ վաղը արդեն խորհրդարանական ֆորմատով, եւ հենց դա է լինելու գլխավոր թեման:

Արդեն իսկ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգիրքը շատ շուտ պատրաստ չի լինի, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշել էր, թե այն անպայման ուղարկելու են Վենետիկի հանձնաժողով, իսկ դա էլ նշանակում է, որ արտահերթ ընտրությունների անկացման ժամկետն արհեստական կերկարի: Սակայն նշենք, որ գործընկերների հետ զրույցներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համար ցանկալի ժամկետ է նշել նոյեմբերը, սակայն շատերը հասկանում են, որ նամանավանդ Վենետիկի հանձնաժողով ուղարկելու դեպքում այդ ժամկետների մեջ հնարավոր չի լինի տեղավորվել, եւ այդ պատճառով, որպես արտահերթ ընտրությունների ամենահավանական ժամկետ, նշվում է կրկին ապրիլը: Ի դեպ, պատահական չէ, որ օրերս Փաշինյանը հայտարարել էր, թե արտահերթ ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում` այդ մասին հայտարարվելուց հետո: Իսկ այդ մասին, հիշում եք, խոսվեց թավշյա հեղափոխության ժամանակ:

Հավելենք, որ ըստ նախնական քննարկումների` քվաթերթիկներն ունենալու են այնպիսի տեսք, ինչպես 2017 թվականին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, այսինքն` ընտրողը ստանալու է քվեաթերթիկներ, որոնց քանակը համապատասխանելու է կուսակցությունների եւ դաշինքների թվին, եւ մեկ ծրար: Եվ եթե փակ ցուցակների մեխանիզմը լինի, ապա քվեախցիկում ընդամենն այդ քվեաթերթիկներից մեկը՝ իր նախընտրած քաղաքական ուժի անվանումով, կդնի ծրարի մեջ, իսկ եթե բաց ցուցակ, ապա համապատասխան անձի դիմաց նշում կկատարվի:

Փոփոխման ենթակա են ԸՕ-ի բազմաթիվ դրույթներ, եւ փոփոխվող հոդվածների քանակը կգերազանցի 50-ը, ըստ այդմ, խստացվելու է նաեւ ընտրակեղծարարության համար պատիժը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս