Տարիներ շարունակ խորին հարգանքով ու ակնածանքով հուլիսի 28-ին հեռախոսով շնորհավորել եմ Ձեզ տիկի՛ն Նաղդալյան, ծննդյան օրվա կապակցությամբ:
Այս տարի ևս զգացողություններս ու ցանկություններս նույնն են, բայց որոշել եմ Ձեր հերթական տարեդարձը շնորհավորել հրապարակավ՝ համոզված և վստահ լինելով, որ շնորհավորանքին միանալու են բազմաթիվ մարդիկ:
Հերմինե Նաղդալյան անուն-ազգանունը պատվով ու պատասխանատվությամբ կրող կնոջ մասին առաջին անգամ լսեցի 90-ականներին՝ որպես գործարար, մարդկանց աջակցող, համախմբող անձնավորություն: Հայաստանի համար դժվարին ու կայացման ժամանակաշրջանում հայ կնոջ համար խիզախություն էր գործարարությամբ զբաղվելը, համարձակություն՝ կոտրելու կարծրատիպերը և գաղափարի, նպատակի շուրջ համախմբելու նաև գործարարության առաջին քայլերն անող կազմակերպություններին, անհատներին: Շնորհիվ Նաղդալյան կնոջ ու գործարարի՝ շատերի համար կայացման ու բարդություններով լի ճանապարհը միասնաբար անցնելու վճռականությունը դարձավ Ձեր առաքելության հիմնաքարը՝ նպատակ ունենալով զարկ տալ նորանկախ Հայաստանում խարխլված տնտեսության զարգացմանը, հզորացնել մարդկանց գործարար կարողությունները, նաև հանրապետությունից դուրս ստեղծել ու ամրապնդել տնտեսական ու բիզնես կապեր, ինչի պտուղներն այսօր էլ քաղում ենք:
1995-ին այն եզակի կանանցից էիք, ով համարձակ կերպով քայլ կատարեց դեպի մեծ քաղաքականություն և ԱԺ առաջին ընտրություններում՝ առաջադրվելով մեծամասնական ընտրակարգով, հաղթելով դժվարին ընտրապայքարում, օրենսդիր մարմնում կարողացավ գրագետ, սկզբունքային, վճռական պահվածքով 22 տարի շարունակ ուրույն տեղ ու դեր ունենալ, նպաստել երկրի կայացմանն ու զարգացմանը:
1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ հայտնի դեպքերի ժամանակ հրազենային վիրավորում ստացաք նաև Դուք, բայց չկորցրիքք վաղվա նկատմամբ լավատեսությունն ու ապաքինվելուց հետո էլ շարունակեցիք ազգանպաստ գործունեությունը:
Տարիներ շարունակ ամենատարբեր նախաձեռնություններով եղել եք հայաստանցիների՝ հատկապես սիսիանցիների կողքին, և իբրև շնորհակալություն՝ 2000-ին Ձեզ շնորհվեց Սիսիան համայնքի պատվավոր անդամի կոչում. պարգև լինելուց զատ՝ այն Ձեզ ավելի ամուր թելերով կապեց հարազատ բնօրրանի հետ ու խորացրեց պարտավորությունների շրջանակը:
Դուք, որ Ձեր օրինակով հասարակության բոլոր ոլորտներում կարևորել եք հայ կնոջ ու մոր դերը, նախաձեռնեցիք ու ստեղծեցիք ՀՀԿ կանանց խորհուրդը՝ Ձեր շուրջը համախմբելով հազարավոր բանիմաց ու հայրենասեր կանանց: Նրանցից յուրաքանչյուրը հանրապետության մարզերում, քաղաքներում և գյուղերում պատվով ու պատասխանատվությամբ լծվեց իր աշխատանքին՝ իրականացնելով պետական և հասարակական գործունեություն:
Որպես կայացած քաղաքական ու պետական գործիչ, Ձեր համարձակությամբ և գրագիտությամբ կարողացաք արժանի կերպով միջազգային կառույցներում ներկայացնել Հայաստան՝ փոքրիկ, բայց մարդկանցով ու ավանդույթներով հարուստ երկիրը: Դուք ամենաբարձր ամբիոններից միշտ էլ Հայաստանը լավագույնս եք ներկայացրել:
Չնայած Ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությանը՝ շարունակեցիք մնալ որպես հայ օջախի բազմազավակ մայր, սիրասուն տատիկ, հոգատար զավակ ու սիրելի կին ու հարգված քաղաքացի:
Մարդու համար տարեդարձն անցած ճանապարհն արժևորելու առիթ է. Դուք Ձեր կյանքի ճանապարհն անցել եք պատվով ու արժանապատվությամբ՝ թողնելով մնայուն ու անշեղ հետագիծ…
Ձեզ համար նվիրական ու կարևոր այս օրը մաղթում եմ ամուր առողջություն, բազում հաջողություններ Ձեզ ու Ձեր ընտանիքին։ Աստված Ձեզ պահապան:
Հարգանքով՝ Սոնյա Օհանյան