Ավագանու ընտրություններին ընդառաջ. Հայկ Մարությանին բարդ մրցակցություն է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած դեռեւս պաշտոնապես հայտնի չէ Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման օրը, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերն արդեն վաղուց սկսել են իրենց քարոզարշավը: Եվ հետաքրքիրն այն է, որ բոլոր դեպքերում քաղաքական ուժրի ներկայացուցիչներն անդրադառնում են աղբահանության հարցին` այն դարձնելով իրենց արշավի անկյունաքարը:
Նախ օրեր առաջ Սիլիկյան թաղամասում աղբավայրի հրդեհի վայր է այցելում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով այս պահին համարվում է այդ կուսակցության քաղաքապետի թեկնածուներից մեկը: Երեկ էլ «Սանիթեք» ընկերության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ավագանու «Ելք» խմբակցության անդամները, ընդ որում՝ ոչ թե վարչապետ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, այլ «Ելք»-ի անդամ «Լուսավոր Հայաստանի» ավագանիները: Ավելի վաղ նաեւ «Ելք»-ի անդամ «Հանրապետություն» կուսակցության ավագանիներից Թեհմինա Վարդանյանն էր հանդիպել «Սանիթեք»-ի ղեկավարներին` բարձրացնելով նույն թեման: Գաղտնիք չէ, որ աղբահանությունն ամենախնդրահարույց հարցերից է, եւ դրանից էլ փորձում են օգտվել ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը:

Սակայն հետաքրքիրն այն է, որ ակտիվ են այն ուժերը, ովքեր դեռ պաշտոնապես չեն ներկայացրել իրենց թեկնածուին: Այս պահի դրությամբ դեռեւս հայտնի է, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, ԵԾ-ինն էլ` Զարուհի Փոստանջյանը: Մյուս ուժերի թեկնածուների շուրջ միայն տեղեկություններ են շրջանառվում: Դեռեւս վերջնական չի որոշվել, թե ինչպես են ընտրություններին մասնակցելու «Ելք» դաշինքի մաս կազմող ուժերը: Չի բացառվում, որ դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ընտրություններին միասին մասնակցեն` կրկին «Ելք» անվամբ: Իսկ նրանց թեկնածուն կարող է լինել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Երեկ այդ մասին հայտարարել է ԼՀԿ-ական Դավիթ Խաժականը: Ակնհայտ է, որ ԼՀԿ-ի ու Հանրապետության համար առանց ՔՊ-ի` առանձին-առանձին ընտրություններին մասնակցելը դժվար կլինի, եւ փորձում են համատեղել ուժերը:

Ակնհայտ է, որ Զարուհի Փոստանջյանն իր «Երկիր ծիրանիով» ՔՊ-ի համար լուրջ մրցակից չէ. նրանք ավագանիում հայտնվեցին միայն այն բանի շնորհիվ, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները 2017թ. չէին մասնակցում ավագանու ընտրություններին:
Սակայն ինչ հայտնի է դարձել, որ ՔՊ-ի թեկնածուն Հայկ Մարությանն է, նաեւ քննադատություններ են առկա, եւ նշվում է, որ ամենալավ ընտրությունը չէ, որ կարող էր լինել: Ըստ այդմ, չի բացառվում՝ ՔՊ-ն խնդիրներ ունենա, երբ հասարակությունը դերասանին չընդունի որպես քաղաքապետ, լուրջ չվերաբերվի հումորային ֆիլմերի գլխավոր դերակատարին: Ու որքան էլ փորձ արվի համոզելու, թե ընտրությունները պետք է ընթանան ծրագրերի մեջ, միեւնույն է` հատկապես ՏԻՄ ընտրությունները ՀՀ-ում անձնավորված են ընկալվում: Եվ այս պարագայում իսկապես կարեւոր է, թե ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերից որն ինչ թեկնածուով է մասնակցելու, ովքե՞ր են լինելու մրցակիցները: Այդ առումով ՔՊ-ի համար դժվար մրցակից կարող է լինել նաեւ ԲՀԿ-ն, որն ունի ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ, այս իշխանության մաս է, իսկ հավանական թեկնածուներն էլ ճանաչված մարդիկ են, ովքեր կարող են իրենց համար ձայներ ապահովել: Իսկ հնարավո՞ր է Փաշինյանի իշխանությունն անի այնպես, որ ԲՀԿ-ին ստիպի չմասնակցել ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ինչպես կարող է որեւէ մեկը, ինչ պաշտոնյա էլ ինքը լինի, որեւէ քաղաքական ուժին արգելել մասնակցել ընտրությունների: ԲՀԿ-ն ունի այլեւս կայացրած քաղաքական որոշում. առաջիկա Երեւանի ավագանու ընտրությանը, որը կարծես թե հստակ է, որ տեղի կունենա սեպտեմբեր ամսին, անպայման մասնակցելու է», – նշեց նա: Միեւնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, թե առաջիկա օրերին կհստակեցվի նաեւ թեկնածուի հարցը:
Ամեն դեպքում ավագանու ընտրություններին հետաքրքիր մրցակցություն եւ դիմակայություն է սպասվում:

Հ. Գ. Նշենք, որ ԲՀԿ-ն այսօր նիստ է անցկացնելու և որոշելու ավագանու ընտրություններում իրենց քաղաքապետի թեկնածուին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս