ԵԹԵ ՀԱՄՈԶԻՉ ԼԻՆԵՐ, ԵՍ ԻՆՁ ՉԷԻ ՔՎԵԱՐԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: Հիմնական պայքարն ընթանում էր Մարությանի եւ ՔՊ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի միջեւ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սիմոնյանի հետ պարզելու համար, թե ինչն էր խնդիրը, որ ինքը չընտրվեց քաղաքապետի թեկնածու:

-Պարո՛ն Սիմոնյան, Հայկ Մարությանը Ձեր ընկերն է, եւ գիտենք, որ Դուք եք իրեն ծանոթացրել կուսակիցների հետ: Հիմա անարդա՞ր չէ, որ Մարությանը դարձավ քաղաքապետի թեկնածու եւ ոչ Դուք:
-Առանց մեկնաբանության:
-Սոցիալական ցանցերում օգտատերերի մի հատված լուրջ չի վերաբերվում Հայկ Մարությանին` որպես քաղաքապետի թեկնածուի: Իր մարմնավորած կանացի դերերից նկարներ են տեղադրում եւ զվարճալի գրառումներ անում: Այս առումով կարծում եք` ՔՊ-ի կատարած ընտրությունն արդարացվա՞ծ էր:
-Ես հայտարարություն եմ արել եւ հիմա չեմ ուզում որեւէ կերպ իմ հայտարարությանը հակասել: Հայկ Մարությանը դարձել է ՔՊ կուսակցության թեկնածու: Ես կուսակցության հիմնադիր-անդամ եմ, եւ կուսակցության որոշումն ինձ համար առաջնային դեր ունի:
-Այսինքն` անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունեք` պետք է կուսակցության որոշումն ընդունեի՞ք:
-Եթե ես կիսեի այդ դիրքորոշումը, որը եղել է, ես իմ թեկնածությունը կհանեի եւ չէի պայքարի այդ տեղի համար, եւ ինքս կքվեարկեի Հայկ Մարությանի օգտին: Ես քվեարկել եմ իմ օգտին, ես քաղաքական ճանապարհ եմ անցել, ես քաղաքական հայտ եմ ներկայացրել, կուսակցությունը կայացրել է այլ որոշում: Այդ որոշումն ինձ համար առաջնային է:
-Խնդիրը Ձե՞ր մեջ էր, թե՞ այլ հարց կար, որ Դուք չդարձաք ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն:
-Ես չեմ կարծում, որ իմ մեջ որեւիցե խնդիր կա, ու ես որեւիցե խնդիր իմ անձի հետ կապված չեմ նկատել ո՛չ քննարկմանը, ո՛չ ընդհանրապես: Իսկ մնացած մասով հարցի հասցեատերը ես չեմ:
-Ձեզ համար համոզի՞չ էին այն փաստարկները, որ հնչել են Մարությանի թեկնածության վերաբերյալ:
-Եթե համոզիչ լիներ, ես ինձ չէի քվեարկի:
-Մի քանի թեկնածուներ ինքնաբացարկ հայտնեցին` հասկանալով, որ հիմնական պայքարը Ձեր եւ Մարությանի միջեւ է լինելու: Իսկ Դուք մինչեւ վերջ ինքնաբացարկ չներկայացրիք:
-Ինչո՞ւ պիտի ինքնաբացարկ հայտնեի: Եթե իրենք հասկացել են, որ մեր միջեւ է պայքարը լինելու, ես էլ եմ էլի երեւի հասկացել, որ մեր միջեւ է լինելու, եւ ինքնաբացարկ հայտնելու որեւիցե ցանկություն չի եղել:
-Եթե հաշվի առնենք, որ այլ ուժերի դեպքում քաղաքականության մեջ փորձառություն ունեցող մարդկանց անուններ են շրջանառվում: Ըստ Ձեզ` ՔՊ-ի ներկայացրած թեկնածուն համարժե՞ք է մյուսների հետ:
-Չեմ պատասխանի այդ հարցին: Առանց մեկնաբանությունների:
-Ընդհանուր առմամբ, ի՞նչ շանսեր եք տեսնում ՔՊ-ի համար քաղաքապետի ընտրություններին:
-Ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե ովքեր կլինեն թեկնածուները, շատ բարդ է լինելու ընտրությունը, եւ շատ բարդ է լինելու այդ ընտրություններին մեզ համար հաղթելը:
-Կարծում եք` թե՞ժ մրցակցություն է սպասվում:
-Միանշանակ: Համոզված եմ դրանում:
-Ի՞նչն է հիմք տվել այդպես մտածելու, այլ ոչ թե վստահություն ունենալու, որ հաղթելու եք այդ ընտրություններում:
-Դե որովհետեւ մենք այն իշխանությունը չենք, որ պիտի փող բաժանենք, որպեսզի մեզ ընտրեն, պետական ռեսուրս օգտագործենք: Ամբողջը հիմնված է լինելու մեր աշխատանքի արդյունքի վրա: Իսկ այդ աշխատանքի արդյունքը ստանալը բավական դժվար է, մասնավորապես, երբ դու մրցում ես արդեն իսկ կայացած համակարգ, քարոզչամեքենաներ ունեցող ուժերի հետ, ինչպիսին օրինակ ԲՀԿ-ն է, Դաշնակցությունը, որ հեռուստաընկերություն եւ կայքեր ունի: Երբ մրցում ես նման միավորների հետ, բարդ է լինելու:
-Ամեն դեպքում Դուք հասկացա՞ք, թե ինչու ընտրությունը Ձեզ վրա կանգ չառավ: Այդքան վստահություն չկա՞ր Ձեր հանդեպ:
-Ես կրկնում եմ` խնդիրն իմ մեջ չէ: Երբեք չի եղել: Եթե ակնարկ է գնում իմ հարաբերությունների, ես ունեմ գերազանց հարաբերություններ մեր երկրի վարչապետի եւ շատ լավ հարաբերություններ վարչության անդամների հետ:
-Այսինքն` խնդիրը միջանձնային հարաբերությունների մեջ չէ՞:
-Երբեք չի եղել: Ես մամուլում հանդիպել եմ ինչ-որ հրապարակումների, որ ես ու Նիկոլ Փաշինյանն ինչ-որ հակասություններ ունենք եւ այլն: Կարող եմ վստահեցնել, որ պարոն Փաշինյանը իմ գործընկերն է, իմ ընկերն է, ինձ համար իմ երկրի ղեկավարն է, իմ քաղաքական առաջնորդն է:
-Իսկ կուսակցությունից նեղացվածություն չկա՞, քանի որ Դուք փորձ ունեք քաղաքականության մեջ եւ ձգտումներ ունեիք քաղաքապետ դառնալու:
-Ես այդ կուսակցության հիմնադիր-անդամ եմ եւ առաջին եռյակի, քառյակի կամ հնգյակի մեջ մեկն եմ: Ես իմ կուսակցությունից որեւէ ձեւով չեմ կարող նեղանալ, ինչպես անհնար է նեղանալ ինքդ քեզնից: Ես կաշխատեմ: Ես ինձ համարում եմ բավական հաջողված խորհրդարանական գործիչ եւ բավական շատ անելիքներ ունեմ խորհրդարանում: Եվ խոստանում եմ, որ մեր հանրությանը եւ մեր քաղաքին օգուտ կտամ նաեւ ԱԺ-ում:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԱՆԽՈՑԵԼԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը հանդիսանում է քննարկումների թոփ թեման: Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Թերեւս աներկբա է, որ ՀՀ ցանկացած քաղաքացու, առավել եւս նախկին նախագահի նկատմամբ որեւէ մեղադրանք առաջադրելիս այն պետք է լինի 100 տոկոսով հիմնավորված, այլապես կդիտվի որպես քաղաքական հետապնդում: Սա առաջին հերթին անհրաժեշտ է գործող իշխանությանը, որ իրավական տեսանկյունից իրավիճակը խոցելի չլինի, եւ կասկածներ չառաջանան: Պետք է մեղադրող կողմը շատ լավ հիմնավորի առաջադրված մեղադրանքն ու ներկայացնի անվիճելի ապացույցներ: Սակայն արդեն նշեցինք, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու փորձի համար, որն էլ նրա փաստաբանները խոցելի են համարում` բերելով իրենց հակափաստարկները:
Այնինչ մեղադրանքը պետք է այնպես հիմնավորված լինի, որ նույնիսկ հետագայում` այլ իշխանությունների օրոք, եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը փորձի բողոքարկել` հույս ունենալով արդարանալ, չստացվի, քանի որ իրավական հիմնավորումները կլինեն առանց կասկածի:
Իսկ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը տարակուսանք էր առաջացրել անձամբ Ռոբերտ Քոչարյանի մոտ, ով իր հարցազրույցում նշել էր. «Ես` իբրեւ գործող նախագահ, սահմանադրական կարգի կրող էի եւ այդ սահմանադրական կարգը երաշխավորում էի, եւ ինքս ինձ տապալել եմ ինչ-որ տարօրինակ ձեւով, եւ այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախավը: Ըստ էության, թե մենք ի՞նչ սահմանադրական կարգ ենք տապալել ու այդ ի՞նչ հիվանդ երեւակայություն պետք է մարդ ունենա, որ ընդհանրապես ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Անկեղծ ասեմ՝ իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը»:
Բոլորն են հիշում 90-ականներին ՀՅԴ-ի հետ կապված հայտնի Դրոյի եւ 30+1 գործերը, որոնց դատապարտված անդամներից մի քանիսն ազատ էին արձակվել 1998 թվականին հենց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ: Նրանց թվում է եղել նաեւ Հրանտ Մարգարյանը, ով «Դրո» գործի շրջանակներում դատապարտվել է, սակայն 1998 թվականի հայտնի դեպքերից հետո մի քանի գործիչների հետ միասին ազատ արձակվել։ Իսկ ահա այս գործով անցնող մյուս հիմնական մեղադրյալներ Արսեն Արծրունին եւ Արմենակ Մնջոյանը, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման, շարունակում են իրենց պատիժը կրել մինչ օրս։ Արմեն Ռուստամյանը դատապարտվել էր 31-ի գործի շրջանակներում` իշխանությունը բռնի տապալելու կոչեր հնչեցնելու, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչություն նախապատրաստելու համար։
Եվ ահա այդ դեպքերից հետո ՀՅԴ-ն երկար ժամանակ եղել է իշխանության մեջ, սակայն երբեք չի բողոքարկել դատավճիռները, այլ ընդհակառակը, ՀՅԴ-ականներն ասել են, թե չեն փոշմանել իրենց արարքների համար: Չեն բողոքարկել դատավճիռները, չեն փորձել արդարանալ, ինչը ենթադրում է, որ իրավական հիմքը ամուր է եղել: Եվ հիմա էլ շատ կարեւոր է, որ նույնը լինի նաեւ Ռոբերտ Քոչարյանի պարագայում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿՐԿԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
Խորհրդարանում այս օրերին ակտիվ շինարարական աշխատանքներ են: Խոսքը, մասնավորապես, ԱԺ հիմնական` հին շենքի մասին է: Երեկ «ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ հենց շենք մտնելիս ականատես ենք լինում բուռն շինարարական աշխատանքների. քանդված են անգամ զուգարանները, որոնք եւս վերանորոգվում են: Ընդ որում` հետաքրքիրն այն է, որ նման վերանորոգումներ խորհրդարանում լինում են գրեթե ամեն ամառ, երբ պատգամավորներն արձակուրդ են մեկնում: Այս անգամ եւս այդպես է, եւ մինչ ԱԺ լիագումար նիստի մեկնարկը վերանորոգման աշխատանքները կավարտվեն: Սակայն հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ խորհրդարանը դեռ ակտիվ աշխատում է. երեկ էլ լսումներ էին, սակայն մարդիկ ստիպված են քայլել փոշու մեջ եւ շնչել այդ հոտը:

 

ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑ
2008թ. մարտի 1-ի գիշերն արտակարգ դրություն մտցնելու նախագահի հրամանագիրն ԱԺ-ում ներկայացնում էր այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար, հիմա ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Դանիելյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրեն ՀՔԾ հարցաքննության չեն հրավիրել մարտի 1-ի գործի շրջանակներում: Մեր հարցին` Ձեզ կանչե՞լ են հարցաքննության, թե՞ ոչ, եւ առհասարակ հիմա` 10 տարի անց, Դուք պնդո՞ւմ եք այդ հիմնավորումը, Դանիելյանը պատասխանել է. «Ձեզ նույնպես խնդրում եմ` նկատեք, որ Դուք ինձանից ոչ թե մեկանաբանություն եք ակնկալում, այլ գոյություն չունեցող իրավիճակների եւ նվաստացուցիչ հարցերի պատասխան: Եթե որեւէ այդպիսի հարցի վերաբերյալ արտահայտվելու անհրաժեշտություն տեսնեմ, ինքս կնախաձեռնեմ հրապարակային խոսք, ո՛ղջ եղեք»:

 

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐԸ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանը, ով օրեր առաջ հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, սեփական ավտոմեքենա եւ բնակարան չունի։ Համենայնդեպս այդպես նշված է նրա պաշտոնական հայտարարագրում։ Ընդամենը պաշտոն ստանձնելու հայտարարագրում նշված է, որ ունի երկու հատ հողամաս։ Դատավորի դրամական միջոցները կազմում են 7.5 մլն դրամ եւ 17 հազար դոլար։ Նրա եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որը ամսական կազմում է 512 հազար դրամ, եւ ստացած 216 հազար դրամի չափով փոխառությունը։ Իսկ ահա նրա տիկնոջ՝ Սոֆի Լեւոնյանի դրամական միջոցը կազմում է 1.5 մլն դրամ։ Բացի այս, դատավորի տիկինը ավելի քան 11 մլն դրամի չափով փոխառություն ունի։




Լրահոս