Սուրեն Պապիկյանը Լոռու մարզում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է` շահագրգիռ պաշտոնյաների հետ մարզի զբոսաշրջային ներուժը քննարկելու, համայնքային խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Ստեփանավան քաղաքում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ նախարար Պապիկյանը քննարկել է Ստեփանավան քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները` հաշվի առնելով տարածքի` պատմական հուշարձաններով հարուստ լինելու հանգամանքը: Նախարարը նշել է, որ այս ներուժի արդյունավետ օգտագործումը համայնքի համար տնտեսական զարգացման հեռանկարներ կստեղծի:

Այնուհետև նախարար Պապիկյանը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ եղել է Հնեվանք եկեղեցում, ապա այցելել Լոռի Բերդ դամբարանադաշտ և ամրոց, քննարկել պատմական հուշարձանները զբոսաշրջային ակտիվ երթուղիների մեջ ներառելու հնարավորությունը:

Նախարար Պապիկյանը նշել է, որ պատմամշակութային այս հուշարձանախումբը զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի և այս ուղղությամբ եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում այն զբոսաշրջության համար գրավիչ կարող է դառնալ:

ՀՀ ՏԿԶ և ՀՀ մշակույթի նախարարների հաջորդ այցը Արդվի համայնքն էր` Հովհաննես III Օձնեցու դամբարան, որտեղ Օձուն համայնքի ղեկավարի հետ քննարկվել է դամբարան տանող ճանապարհի բարեկարգման հնարավորությունները: Այնուհետև նախարարները եղել են Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Օձունի վանահայրը ներկայացրել է եկեղեցու պատմամշակութային նշանակությունը, քննարկվել են Օձունի զբոսաշրջային հնարավորություները:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է այցը մարզի համայնքներում:




Լրահոս