Ջրառատ համայնքում լուրջ միջադեպ է եղել. կիզակետում Լեռնիկ Երանոսյանի որդին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրը, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում լուրջ միջադեպ է եղել: Ըստ համայնքի բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների` Ջրառատ համայնքի բնակիչները տեսել են, թե ինչպես է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի եղբոր` Լեռնիկ Երանոսյանի որդին վիճել մեկ վարորդի հետ, որն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի: Ըստ համայնքում տարածված խոսակցությունների` տեւական ժամանակ է, ինչ Ջրառատ համայնքի ճանապարհով «Կամազ» բեռնատար մեքենաները ավազ են տեղափոխում գյուղի միջով, եւ Լեռնիկ Երանոսյանի որդին վարորդներին հորդորել է, որ իրենց ավազը այլ ճանապարհով տանեն եւ գյուղի ճանապարհները չփչացնեն:

Արդյունքում` «Կամազի» վարորդները չեն ենթարկվել Լեռնիկ Երանոսյանի որդու հորդորներին եւ ասել են, որ իրենց այս ճանապարհն է հարմար: Վարորդի եւ Լեռնիկ Երանոսյանի որդու միջեւ սկսվել է լեզվակռիվ, որն էլ ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի: Մեզ հասած լուրերի համաձայն` «Կամազի» վարորդին, որը եղել է երիտասարդ տղա, բավականին լուրջ ծեծի են ենթարկել, որին օգնություն են ցուցաբերել համայնքի բնակիչները:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, թե որքանով է համայնքում տարածված խոսակցությունը համապատասխանում իրականությանը, արդյո՞ք ոստիկանությունը միջադեպից տեղյակ է, ի պատասխան մեզ` հայտնեցին, որ նման դեպքով նման ահազանգ կամ հաղորդում ոստիկանությունը չի ստացել: Երեւի միջադեպից հետո Երանոսյանները համոզել են, որ քաղաքացին չբողոքի: Մինչ այդ հիշեցնենք՝ երեկ ՀՔԾ-ն նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ չունենալով հատուկ միջոցներ կիրառելու լիազորություն` արել է այդ քայլը՝ թավշյա հեղափոխության օրերին:




Լրահոս