Երբևէ քաղաքականություն մուտք չեմ գործի, արտիստն էմոցիոնալ մարդ է. Արտաշես Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա էությունը, բնավորությանը բնորոշ գծերը: Մեր զրուցակիցը կարծիք է հայտնել, թե որ դեպքում կարելի է կյանքը հաջողված համարել, պատմել է, թե այս պահին ինչ մեծ ծրագիր ունի եւ ինչու այն չի կարող կյանքի կոչել, ինչպես նաեւ նշել է, թե ինչու երբեք քաղաքականություն մուտք չի գործի: Պարոն Ալեքսանյանը ասել է, որ ամուր նյարդեր ունի, խոստովանել, թե մարդկային որ տեսակներն են իրեն վանում:

-Պարո՛ն Ալեքսանյան, Ձեր օրը սովորաբար սկսում եք…

-Թեյով եւ լավ նախաճաշով:

-Ո՞ր դեպքում եք ավելի լավ աշխատում:

-Երբ մարդ աշխատում է, արդեն իսկ լավ է զգում իրեն հենց միայն այդ փաստից: Չաշխատելուց ես քեզ վատ զգում:

-Ո՞ր եղանակն է Ձեզ հոգեհարազատ:

-Բոլոր եղանակները. բնության մեջ վատ եղանակ գոյություն չունի:

-Ըստ Ձեզ՝ մարդ կարո՞ղ է շատ ընկերներ ունենալ:

-Չէի ասի:

-Ինչպիսի՞ որակներով օժտված մարդիկ են Ձեզ վանում:

-Առաջինը դավաճան մարդկանց չեմ սիրում, նաեւ սուտասան:

-Ներում եք, բայց չե՞ք մոռանում, թե՞ մոռանում եք, բայց չեք ներում:

-Երկուսն էլ պատահում է:

Բուսակե՞ր եք, թե՞ մսակեր:

-Երկուսն էլ:

-Ո՞րն է լավ ժամանցի գրավականը՝ նստել տանը եւ գիրք կարդա՞լ, թե՞ գնալ սրճարան ընկերների հետ:

-Նայած տրամադրություն, նայած ժամանակ: Ընդհանրապես, իմ ժամանցը երբեք պասիվ չի լինում, դրա անբաժանելի մասն են կազմում ընկերներս, գրականությունը, համացանցը:

-Ձեզ կարելի է համարել նեղացկոտ, մոռացկո՞տ, թե՞ անփույթ:

-Ավելի շուտ՝ նեղացկոտ: Արտիստն իր բնությամբ մանուկ է, փխրուն, նրան նեղացնելը հեշտ է:

-Ամենատպավորիչ բանը Ձեր արտաքինում:

-Գանգուր մազերս (ծիծաղում է):

-Ինքներդ Ձեր մասին լսած ամենատպավորիչ բամբասանքը:

-Շատ բաներ եմ լսել ու ժպտացել, ծիծաղել: Մարդիկ առանց քեզ իմանալու գնահատում են: Եղել են դեպքեր, երբ մարդիկ իմ մասին վատ են արտահայտվել, հետո շփվել են, կարծիքները փոխել են: Հաճախ իմ մասին իմ դերերով են կարծիք կազմում:

-Նյարդերից թո՞ւյլ եք, թե՞ ամուր:

-Ամուր, իհարկե, ամուր: Եթե թույլ լինեի, հիմա գերեզմանոցում պառկած կլինեի:

– Երգ, որը երբեք չի մեռնի:

-Կոմիտասի բոլոր երգերը:

-Հասարակական կարծիքին ինչպե՞ս եք վերաբերվում

-Երկակի եմ վերաբերվում: Եթե այդ կարծիքը ճիշտ է արտահայտվում, նորմալ եմ վերաբերվում, եթե ոչ, անտարբերությամբ եւ ծիծաղով:

-Ափսոսում եք, որ չեք հասցնում...

-Այնքա~ն բան կա, որ չեմ հասցնում եւ ափսոսում եմ: Մարդ իր ամբողջ կյանքն էլ ապրի, էլի ինչ-որ բան չի հասցնի անել: Բայց կա մի բան, որը չեմ արել ու ափսոսում եմ, պատճառը ոչ թե ժամանակի սղությունն է, այլ ֆինանսների: Սայաթ-Նովայի մասին ֆիլմ նկարահանելու մեծ ցանկություն ունեմ, բայց, ինչ արած… Ինչպես ասում են, տվեք ինձ հենման կետ, այս դեպքում՝ գումար, եւ ես կշրջեմ աշխարհը:

-Շարունակեք միտքը. «Եթե կյանքը որոշել է Ձեզնից երես թեքել…»

-Պարզապես բարեւ տուր նրան ու անցիր: Այսպիսի մի երգ կա. «Տեսա լավ մարդիկ, բարի աշխատանք, բարեւ տվի, անցա, գնացի…»: Մնացած էական չէ:

-Նրանց, ում Դուք դուր չեք գալիս…

-Խորհուրդ եմ տալիս փոխել հեռուստաալիքը:

-Միայն մի դեպքում քաղաքականություն մուտք կգործեք, եթե…

-Ես երբեւէ քաղաքականություն մուտք չեմ գործի, որովհետեւ արտիստն էմոցիոնալ մարդ է, իսկ քաղաքականության մեջ սառը դատողությամբ մարդիկ են պետք:

-Եվ վերջում՝ կյանքը կարելի է համարել հաջողված, եթե…

-Սիրում ես, եթե ապրել ես սերը` իր տարբեր դրսեւորումներով: Իսկ դա պարգեւ է, որն ի վերուստ է տրվում, եթե չունես, պետք է շատ տանջվես, որ արժանանաս այդ նվերին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս