Քաղաքապետի պաշտոնը ստանձնելն ամենեւին էլ ուրախություն չէ, այլ մեծ պարտավորություն. Զառա Արամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի քաղաքապետը պետք է լինի կիրթ, մայրաքաղաքն ու երեւանցիներին սիրող, սրտացավ: Այս բոլորը պարզապես խոսքեր չեն, այս բառերի մեջ մեծ իմաստ կա: Նա պետք է ամեն քաղաքացու կյանքով ապրի` կլինի դա սահմանափակ հնարավորություններով մեկը, տարեց, երիտասարդ, թե մանուկ. ամեն մեկի ցավը պետք է քաշի: Քաղաքապետի պաշտոնը ստանձնելն ամենեւին էլ ուրախություն չէ, այլ մեծ պարտավորություն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հաղորդավարուհի Զառա Արամյանը:

Նրա խոսքով` որպեսզի քաղաքապետը հաջողի, պետք է կորցնի քունը, որովհետեւ հանրությունն իրենից մեծ սպասելիքներ ունի, նա ինքնաբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում. «Շատ կուզենամ, որ մայրաքաղաքում վերականգնվեն լավագույն ավանդույթները: Երբ այցելում եմ եվրոպական քաղաքներ, նկատում եմ, որ այնտեղ փողային նվագախումբը իրենց առօրյայի մի մասնիկն է, եւ մտածում եմ. «Դուք ու՞ր էիք, որ մենք փողային նվագախումբ ունեինք քաղաքում»: Իսկ այսօր մենք այդ գեղեցիկ ավադույթը չունենք, իրենք ունեն»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

«Մեր բակը» կոլորիտային ֆիլմում նկարահանված դերասանուհուն հարցրեցինք` մարդկային հարաբերություններում կա՞ն արժեքներ, որոնք կցանկանար` վերականգնվեին. «Շատ նման բաներ կան, բայց ես կցանկանայի մեր ձեռքբերումներից խոսել: Հատկապես ուզում եմ մեր երիտասարդության դերն ընդգծել: Ինքս, երբ երիտասարդ էի, 1988-ին` ուսանող, մասնակցում էի համաժողովրդական շարժմանը, եւ ինձ թվում էր, որ մեզնից լավ երիտասարդներ չկան եւ չեն էլ լինի: Բայց արի ու տես, որ ներկայիս երիտասարդությունը գերազանցեց մեզ: Ես նրանց մոտեցումներին նայում եմ մեծ հրճվանքով եւ սրտի թրթիռով: Որքա~ն ազատ են, կիրթ, պահանջկոտ իրենք իրենց եւ շրջապատի նկատմամբ: Շատ ոգեւորված եմ, իմ ծափողջույնները նրանց»,-եզրափակեց Զառա Արամյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս