2019 թվականին հարկային բեռը կթեթևանա՞. ինչ փոփոխություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կսկսվի 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ինչպես հայտնի է, բյուջեի նախագիծն արդեն ներկայացվել է խորհրդարան, եւ հոկտեմբերի 29-ից կսկսվեն քննարկումները:

Նկատենք, որ 2019 թվականի պետական բյուջեի քննարկումը կընթանա հետաքրքիր զարգացումներով. այն քննարկվելու է հավանաբար արդեն իրավունքի ուժով արձակված խորհրդարանում: Մինչ այդ արդեն վարչապետ Փաշինյանը հրաժարական ներկայացրած կլինի եւ ԱԺ-ն 14 օրվա ընթացքում երկու անգամ չի ընտրի նոր վարչապետ:

Ինչեւէ, նկատենք` 2019 թվականից Հայաստանն անցնում է ծրագրային բյուջետավորման ձեւաչափին, հետեւաբար բացի ծախսվող ֆինանսական միջոցներից կարեւորվելու են դրանց դիմաց ստացվող արդյունքները: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով` այսուհետ ուշադրության կենտրոնում պետք է լինեն արդյունքները, այլ ոչ թե գործընթացը եւ գործողությունները. «Այսինքն` ոչ թե կարեւորվելու է դրամական միավորը, որը ծախսվել է, այլ` ինչ արդյունք է ձեռք բերվել այդ ֆինանսական միջոցների ծախսման արդյունքում: Դա հնարավորություն կտա չափելի դարձնել արդյունքները»:

Մյուս կողմից, փորձագետները նշում են, որ 2019 թվականի համար կարեւոր այս ֆինանսական փաստաթուղթը ունի հստակ թվեր, որից պարզ է դառնում, թե ինչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաջորդ տարում:

Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի` 2019 թվականի բյուջեն կազմվելու է հենց միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա: Իսկ այդ փաստաթղթի համաձայն` 2019 թվականին տնտեսական աճը կկազմի 4,9 տոկոս: Ֆինանսների նախարարը համոզված է, որ այս ամենի արդյունքում շուրջ 130 մլրդ դրամով ավելի անվանական ՀՆԱ կունենանք:

Ի դեպ, ակնկալվում է, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերությունը կկազմի 21.6 տոկոս` ե՛ւ այս տարվա, ե՛ւ 2017 թվականի փաստացի 22.4 տոկոսի դիմաց: Ասել է թե` Փաշինյանի կառավարությունը գնում է հարկային բեռը թեկուզ փոքր, բայց թեթեւացնելու ճանապարհով:

Իսկ ՀՀ պետական բյուջեի եկամտային մասը կանխատեսվել է 2019-ին` 1 տրլն 454 մլրդ դրամի չափով: Նկատենք, որ 2018 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմում են 1,308 տրլն դրամ, որի աճը, նախորդ տարվա համեմատ, շուրջ 100 միլիարդ դրամ է կամ 8,2 տոկոս: Ծախսերը կազմում են 1,465 տրլն դրամ, իսկ աճը, նախորդ տարվա համեմատ, շուրջ 105 մլրդ դրամ:

Իսկ ահա 2019 թվականի համար պետական բյուջեի նախագծով եկամտային մասը ընթացիկ տարվա համեմատ կանխատեսվում է ավելի քան 150 մլրդ դրամի աճ: Ստացվում է, որ 2019 թվականին պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի աճերը, նախորդ տարվա համեմատ, ընդամենը 3,5 տոկոսային կետով են գերազանցում այս տարվա նույն ցուցանիշները: Բայց մասնագետները պնդում են, որ դա էական չէ, քանի որ, նրանց խոսքերով, մեր երկրի տնտեսության մեջ դեռ ամբողջությամբ չի վերացել ստվերը: Մինչդեռ այն մեծ ազդեցություն կունենար բյուջեի եկամուտների ու ծախսերի ավելացման համար:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադիր է հաջորդ տարում աշխատանքներ տանել պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների ապահովման ուղղությամբ: Նախատեսվում է շարունակել հարկային եւ մաքսային մարմինների ՏՏ ենթակառուցվածքների կատարելագործման աշխատանքները: Նաեւ կառավարությունը խոստանում է, որ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները հաջորդ տարում, ինչպես նաեւ ՊԵԿ գործունեությունը, կլինեն թափանցիկ եւ հաշվետու:

Բացի այս, 2019 թվականի բյուջետային մուտքերը մաքսատուրքի գծով գնահատվել են 88.9 մլրդ դրամ: Այս դեպքում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ սկսած 2015 թվականից պետական բյուջե մուտքագրվող մաքսատուրքերի գերակշիռ մասը ձեւավորվում է ԵՏՄ անդամ պետությունների համար նախապես սահմանված մաքսատուրքերի վերաբաշխումների դրույքաչափերին համապատասխան: Ի դեպ, ԵՏՄ անդամ երկրների համար ճշգրտված ներմուծման աճը, ներառյալ փոխարժեքի արժեզրկումը, կանխատեսվել է 5.6 տոկոս, որն էլ կիրառվել է ընթացիկ տարվա համար մաքսատուրքերի սպասողական 84.1 մլրդ. դրամ մեծության վրա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս