ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Ապավեն Զաքարյանը: Նա բազմիցս իր խնդրով դիմել ՀՀ կառավարություն, սակայն մնացել է անպատասխան: Նա խնդրում է, որպեսզի ՀՀ կառավարությունը ընդունի եւ լսի իր դժգոհությունը: Ներկայացնում ենք նամակը.

«Որպեսզի գյուղացու եւ կառավարության ջրերը մեկ առվով հոսեն, ապա խնդրում եմ հստակ պատասխանել` կարո՞ղ եք օլիգարխներին գերի դարձած Ապավեն Զաքարյանին տալ ընդունելություն ՀՀ կառավարություն պարզաբանելու, թե ինչու 2006թ. մինչ այսօր իմ կողմից գրված դիմումներիս չեք տալիս պատասխան: Դուք ձեր բարձր ամբիոնից բազմիցս հայտարարել եք, որ հասարակությունը պետք է աջակցի հայտնաբերելու կոռուպցիոն փաստերը: Ես` Ա. Զաքարյանս, խնդրել եմ, պահանջել եմ եւ ներկայացրել եմ բոլոր փաստերը. ինչու եք խանգարում իմ պահանջած իրավունքը: Չէ՞որ ես ՀՀ քաղաքացի եմ, իրավունք ունեմ մեր կառավարությանը օգնեմ եւ նույն կառավարության իրավունքից օգտվել, քանի որ խոսքը գնում է պետի եւ համայնքային բյուջեի թալանի մասին:
Ես 2006-2017թթ., ՀՀ կառավարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանություն եմ ներայացրել բազմաթիվ դիմում-բողոքները, որոնք փաստերով են: Ներկայացրել եմ նույնիսկ էլեկտրոնային քարտեզների պատճենները: Խնդրում եմ տալ ինձ կառավարական կազմին կից առընթեր կոռուպցիայի բաժին ընդունելություն, անհապաղ: Հարգարժա՛ն կառավարություն, եթե գտնում եք, որ Ձեզ անհանգստացնելու իրավունք չունենք, ապա տրամադրեք իրավաբանորեն հաստատած հրաման` վտարանդի փաստաթուղթ, մենք ներկայացնենք եվրոդատարան քաղաքացիական ապաստան խնդրելու համար: Ես 83 տարեկան եմ, պարզ հաստատում եմ եւ բացատրում եմ Կոտայքի բոլոր իրավաբանական կազմը, դատախազությունը ենթարկվում են ու վախենում են վերադասից: Ժամանակակից վերադասը հովանավորում է գյուղապետին եւ օգտագործում ի շահ իրենց կազմին:
1988 թվականին պետության կողմից օրինական կարգով ստացել եմ հողատարածք ու զբաղվել եմ գյուղատնտեսությամբ։ Հետագայում Ձորաղբյուրի նախկին գյուղապետ Արայիկ Միքայելյանը ապօրինի կերպով խլել է օրենքով ինձ սահմանված հողատարածքը։ Ա. Միքայելյանը այդ հողատարածքները վաճառել է իր բարեկամներին, նրանք հողերի մի մասը վերավաճառել են, մի մասն էլ օգտագործում են։ Նրանք հողի նպատակային նշանակություն են փոխել եւ մեծ շինարարություն արել։ Ես 2006 թվականից ընկել եմ նման քաշքշուկների մեջ, եւ մինչ օրս ոչ ոք իմ խնդիրն անգամ չի ցանկանում լսել։ Այդ ժամանակ Կոտայքի մարզպետ էր Կովալենկո Շահգալդյանը: Վերջինիս դիմել եմ բազմաթիվ անգամներ, սակայն ոչ մի արձագանք չեմ ստացել։ Մեր մարզի դատախազը նույնպես քաջ տեղյակ է իմ խնդրից, բայց նա էլ է լռում: Հիմա ես պահանջում եմ, խնդրում եմ` ինձ թույլ տան հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ իր տեղակալներից մեկի հետ։ Բացատրեմ իմ խնդիրը՝ հույս ունենալով, որ գոնե նրանք մի լուծում կտան այս հարցին։ Մինչեւ այսօր դիմել եմ տասնյակ կառույցների, բայց ոչ մի արձագանք։
Գուցե նոր խորհրդարանը լինի գիտակից եւ կոռուպցիա թույլ չտա շարունակելու: Դա, նորից եմ նշում, կախված է Ձեր կամքից եւ կառավարական կազմից:
Դիմող` Ապավեն Զաքարյան»
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում նամակի բովանդակության համար: Հարկ եղած դեպքում կարող ենք տպագրել մյուս կողմի տեսակետը:




Լրահոս